«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Անցած տարի աղքատության մակարդակը Հայաստանում բավականաչափ կտրուկ կրճատվել էր։ Համաձայն պաշտոնական վիճակագրության, մեկ տարվա ընթացքում նախորդ կառավարությանը հաջողվել է աղքատությունը նվազեցնել 3,7 տոկոսով, ինչը լուրջ առաջընթաց է։
Թվում է, թե նոր իշխանությունը խոստացած տնտեսական հեղափոխության եւ թռիչքաձեւ աճի շնորհիվ շատ ավելի արագ տեմպերով պիտի հասներ աղքատության մակարդակի իջեցման։ Սակայն այդպես չէ։ Առաջիկա հինգ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու «Իմ Քայլը» դաշինքը ընտրողներին խոստանում են Հայաստանում աղքատությունը նվազեցնել 10 տոկոսով։
Առաջին հայացքից գուցե տպավորիչ ցուցանիշ է։ Բայց երբ համեմատում ենք նախորդ կառավարության արդյունքի հետ, պատկերը միանգամայն տխուր է։
Ակնկալվում է աղքատության միջին տարեկան 2 տոկոս նվազում։ Տեմպը գրեթե կրկնակի պակաս է, քան նախորդ կառավարությանը հաջողվել էր հասնել աղքատության կրճատման ոլորտում։
Սա նշանակում է, որ նոր իշխանություններն իրենք եւս չեն հավատում իրենց խոստացած տնտեսության թռիչքաձեւ աճին։ Առավել եւս հայտարարվող ներառական տնտեսական քաղաքականության պայմաններում, որ ենթադրում է տնտեսական արդյունքի վերաբաշխում՝ հասարակության առավել լայն խավերի միջեւ։
Այս ամենը պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարվա պետական բյուջեում ամրագրված է ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ։ Սա դեռ բավական չէ, բարենպաստ չեն նաեւ առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության վերաբերյալ գնահատականները։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության յոթ ամիսները ցույց տվեցին, որ իշխանափոխությունից հետո հասարակության սոցիալական պայմանների բարելավման խոստումները հեռու են իրականանալուց։ Տնտեսության վիճակը էլ ավելի է վատանում։ Այս տարվա տնտեսական աճի սպասելիքները շատ ավելի ցածր են, քան նախորդ տարվա արդյունքները։
Ուստի որքան էլ վարչապետի պաշտոնակատարը հայտարարի, թե սպասվում է հասարակության որոշ խմբերի եկամուտների ավելացում, միեւնույն է, դրանից երկրի սոցիալական պատկերը չի փոխվում։ Ընդհակառակը, հասարակության առավել աղքատ խավը շարունակելու է աղքատանալ։ Խոսքը առաջին հերթին կենսաթոշակառուների հսկայական բանակի մասին է, որոնց թիվը հասնում է 400 հազարի։
Ինչպես հայտնի է, հաջորդ տարի կենսաթոշակի բարձրացում չի սպասվում։ Նվազագույն կենսաթոշակն ընդամենը մի քանի հազար մարդու համար ավելացնելով՝ պատրանք ստեղծել, թե տեղի է ունենում կենսաթոշակի բարձրացում, խաբեություն է։ Կենսաթոշակառուների 90 տոկոսից ավելին կշարունակեն ստանալ այնքան թոշակ, որքան մեկ կամ երկու տարի առաջ։
Թե ո՞րն է այստեղ կառավարության սոցիալական քաղաքականության տրամաբանությունը, դժվար է ասել։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների գների բարձրացման պայմաններում պարզ չէ՞, որ սա հանգեցնելու է կենսաթոշակառուների սոցիալական վիճակի վատացման։ Բա ո՞ւր մնացին կառավարության սոցիալական խոստումները, որոնց պակաս ժամանակին չկար։ Ինչո՞ւ վարչապետի պաշտոնակատարը չի խոսում կենսաթոշակների խոստացված բարձրացման մասին։ Ասելիք, բնականաբար, չկա։
Միամտություն է կարծել, որ աշխատողների մի մասին կրճատելով եւ նրանց հաշվին մյուսների աշխատավարձերը բարձրացնելով սոցիալական խնդիր է լուծվում։ Ընդհակառակը, դրանով հասարակության բեւեռացումն էլ ավելի է խորանալու։ Աղքատները շարունակելու են աղքատանալ։ Դրան նպաստելու է նաեւ եկամտային հարկի այն նորամուծությունը, որ առաջարկում է կառավարությունը։
Ի դեպ, դրանով ավելի քան 200 հազար մարդու աշխատավարձ նվազելու է, քանի որ կառավարությունը վերադառնալու է կուտակային կենսաթոշակային համակարգի՝ նախկինում գործող 50։50 տոկոս վճարումների համամասնությանը։
Աղքատությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ապահովել առաջին հերթին բարձր տնտեսական աճ։ Հիշենք, որ 2017թ. այն 7,5 տոկոս էր։ Մի բան, որ, վիճակագրական կոմիտեի գնահատումներով, հանգեցրել է հասարակության իրական ծախսերի ավելացման։ Աղքատության մակարդակի 3,7 տոկոս նվազման պայմաններում շուրջ 114 հազար մարդ դուրս է եկել աղքատության շեմից։ Կրճատվել է նաեւ ծայրահեղ աղքատների քանակը։ Եվ սա այն դեպքում, երբ նախորդ կառավարության սոցիալական ակնկալիքները կապված էին հիմնականում հաջորդ երկու տարիների հետ։ Այժմ դրանք կիրականանա՞ն, թե՞ ոչ, պարզ չէ։
Իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված վիճակը ամենեւին էլ աղքատության կրճատման օգտին չէ։ Զարմանալի չի լինի, եթե 2018թ. տվյալներով, աղքատության ցուցանիշները վերստին վատանան։ Նման ենթադրությունների համար որոշակի հիմքեր անշուշտ կան։ Բայց դրա մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ կհրապարակվեն ընթացիկ տարվա՝ աղքատության մակարդակի վերաբերյալ վիճակագրական տվյալները։
Մինչ այդ պարզապես արձանագրենք, որ կառավարությունը նվազեցրել է ոչ միայն այս, այլեւ 2019թ. տնտեսական աճի ակնկալիքը։
Այդ պայմաններում եթե անգամ հաջողվի հասնել աղքատության ցուցանիշի կրճատման, միեւնույն է, անիմաստ է սպասել, որ հասարակության սոցիալական պայմանները հաջորդ տարի կարող են քիչ թե շատ շոշափելի փոփոխության ենթարկվել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը