«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում հոկտեմբերի 2-ին կատարված աղմկահարույց փոփոխությունների նախագիծը: Հիշում եք` այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն, նաեւ այն ժամանակ Փաշինյանի կառավարության մաս կազմող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հապճեպ կողմ քվեարկեցին այս նախագծին, բողոքի մեծ ալիք բարձրացավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով` քաղաքացիները շրջափակեցին խորհրդարանի շենքը: ԵՒ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իրավիճակը չսրելու համար պարզապես չստորագրեց նախագիծը` այն ուղարկելով Սահմանադրական դատարան վիճարկելու դրա սահմանադրականությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործն ընդունվել է քննության, եւ դատաքննությունը կսկսվի արդեն 2019 թվականին, եւ առաջին նիստը նշանակված է հունվարի 22-ին: Այն նշանակվել է գրավոր ընթացակարգով: Պատասխանող կողմ է նշանակվել Ազգային ժողովը: Բայց այստեղ ուշագրավ է այն փաստը, որ գործի քննությունը կսկսվի այն ժամանակ, երբ այդ նախագիծն ընդունած խորհրդարանի լիազորությունները դադարեցված կլինեն, ավելին՝ հնարավոր է նախագծի ՀՀԿ-ական հեղինակները նույնիսկ պատգամավոր չլինեն: Ու կստացվի, որ նոր խորհրդարանը պատասխան է տալու նախորդի արածների համար: Չնայած այս դեպքում պարզ է, որ նոր խորհրդարանը` որպես պատասխանող կողմ, կօգնի ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել ընդունված նախագիծը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը