«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հերթական քայլերթի մասին, որի մեկնարկն այս անգամ տրվելու է Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ ռազմական ինստիտուտի դիմացից՝ դեռեւս չհստակեցված երթուղիով: Գործող իշխանության հրամանատարը նախքան քարոզարշավի մեկնարկը ցանկանում է շոշափել հասարակության տրամադրությունը, մոտավորապես հստակեցնել իրեն աջակցողների թիվը, եւ ըստ այդմ որոշել քարոզարշավին հնչեցվելիք ելույթների սրության աստիճանը:
Եթե աջակիցների թիվը նվազում գրանցած չլինի, ապա վարչապետի պաշտոնակատարը քաղաքական դաշտը սեւերի ու սպիտակների չի բաժանի: Բայց եթե նրա կառավարությունից դժգոհողները շատ եղան ու քայլելու սիրտ չունեցան, ապա Նիկոլ Փաշինյանը հարթակից մի քանի անգամ մատ թափ կտա այսքան տարի ժողովրդին կեղեքած քաղաքական ու պետական գործիչների վրա:
Նկատենք, որ նմանատիպ մի հանրահավաք էլ Փաշինյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ օգոստոսի 17-ին էր հրավիրել Հանրապետության հրապարակում, որի ժամանակ էլ նախկին իշխանության անդամներին, օլիգարխներին «ասֆալտին փռեց»: Արդյունքն ավագանու ընտրություններում ստացած 81 տոկոս վստահության քվեն էր:
Թեեւ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն օրերս հավաստիացրեց, թե կատարել է ժողովրդին տված բոլոր խոստումները, վերջին շրջանում հասարակության մեջ էական դժգոհություններ են առաջացել հանընդհանուր թանկացումների, «Իմ քայլը» դաշինքի ցուցակներում ամենատարբեր մարդկանց ընդգրկվելու, կառավարության ներկայացուցիչների անհավասարակշիռ հայտարարություների եւ այլնի առնչությամբ: Հնարավոր է, որ այս ամենն ազդի քայլերթի մասնակիցների թվի վրա, եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի կրկնելու՝ քայլում ենք, քայլում ենք, քայլում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը