23 11 2018

Ինչպե՞ս են Հայաստանի ջրային ռեսուրսներն անխնա մսխվել. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս են Հայաստանի ջրային ռեսուրսներն անխնա մսխվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հատկապես վերջին քսան տարիներին Հայաստանի ջրային ռեսուրսներն օգտագործվել, ավելի ճիշտ, մսխվել են անխնա, ամենավայրագ ձևով: Ու այդ ամենը նախկին իշխանության ներկայացուցիչների հարստացման համար: Այդ մասին շատ է խոսվել, այդ խնդրին մամուլը շատ է անդրադարձել, բայց ապարդյուն: Միանգամայն հասկանալի պատճառներով:

Նախկին իշխանությունները չէին կտրի ճյուղը, որի վրա իրենք նստած էին տարիներ շարունակ: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո ականատես ենք լինում ուշագրավ բացահայտումների. ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Արդյունքում հարուցվել է քրեական գործ: Այս խնդրին երեկ անդրադարձ եղավ նաեւ ՀՀ կառավարության նիստում: Եւ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բավական կտրուկ է արտահայտվել.

«Այն, ինչ տարիներով կատարվել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում, այլ բառով, քան այլանդակություն, չի կարելի անվանել,- ասել է նա ու հավելել,- Ենթադրենք` թույլտվություն ունեն իքս քանակի ջուր օգտագործելու, բայց 3-4 անգամ ավելի շատ են օգտագործում: Ունենք դեպքեր, երբ ՀԷԿ-ից ջուրը որեւէ ձեւով չի վերադարձվում գետ կամ ջրանցք, այլ գնում, կորչում է: Ախուրյան եւ Եղեգիս գետերի վրա կատարվողը լրջագույն վերանայման եւ իրավապահ համակարգի ներգրավման ու ուսումնասիրման կարիք ունի»:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Ախուրյան և Եղեգիս գետերի վրա կառուցված ՀԷԿ-երը պատկանում են ՀՀԿ իշխանության առանցքային դեմքերին եւ այդ պատճառով էլ արտոնյալ կարգավիճակ են ունեցել` իրենց գործունեութունը ծավալելիս անարգել արհամարհելով օրենսդրությունը: Իսկ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ԺՊ Էդգար Փիրումյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է.

«Հայաստանում կա գործող 188 հատ փոքր ՀԷԿ, բոլորին որպես նախապայման տրվում է ջրօգտագործման թույլտվություն: Մեր նախարարության աշխատակիցները ուսումնասիրել են բոլոր ՀԷԿ-երը եւ հայտնաբերել են, որ այդ 188-ից 152-ը ունեն ջրօգտագործման թույլտվության առնվազն մեկ պայմանի խախտում, դա է` ջրառի կետում բացակայում է ջրաչափը: Մինչդեռ իրենք պարտավոր են ունենալ ջրառի կետում ջրաչափ: Այսինքն` պարտավոր են իրենց միջոցների հաշվին ջրառի կետը ապահովել ջրաչափով: Իսկ 152 ՀԷԿ-ի մոտ դա բացակայում էր»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ