22 11 2018

Սովորական դարձող տոնայնությամբ, անցյալից կառչած․ «Հայոց աշխարհ»

Սովորական դարձող տոնայնությամբ, անցյալից կառչած․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այս օրերին մամուլի բազմաթիվ հրապարակումներ կամ պարզապես հրապարակային խոսքի այլ դրսեւորումներ սկսվում են «չնայած պաշտոնապես քարոզարշավը չի մեկնարկել...» արտահայտությամբ: Այո, դեկտեմբերի 9-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է նոյեմբերի 26-ին: Բայց փաստորեն այն արդեն ոչ միայն մեկնարկել, այլեւ օրեցօր լավ էլ թափ է հավաքում:   

Դրա վկայությունն են, օրինակ, «Իմ քայլի» համամասնական ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի վերջին օրերի գերակտիվ աշխատանքային ժամանակացույցը, հանդիպումները տարբեր մարզերի բնակիչների հետ, ելույթները, բազմաժամ մամուլի ասուլիսը:   

Քարոզարշավի փաստացի մեկնարկն են հաստատագրում սոցցանցերում ամենատարբեր ուժերի ներկայացուցիչների կամ «համակրող խմբերի» արձագանքները, հաճախ՝ կոնկրետ այս կամ այն ուժի դեմ ուղղված հակաքարոզչական դրսեւորումները:    Քարոզարշավի մեկնարկի ու ակտիվության մասին են վկայում նաեւ ՀՀԿ ներկայացուցիչների ֆեյսբուքյան անդրադարձները, ներառյալ՝ ուղիղ եթեր մտնելը, ինչը «հեղափոխական իշխանության» ներկայացուցիչները մի տեսակ ծանր տարան: Մի խոսքով՝ «երեկոն դադարում է ձանձրալի լինել»...  

Ըստ այդմ, արդեն իսկ համեմատաբար հստակ են ուրվագծվում հիմնական ուղղությունները, որոնցով կարող է ծավալվել առաջիկա արագընթաց (նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը) քարոզարշավը: Իշխանության, ավելի կոնկրետ՝ «Իմ քայլը» դաշինքի դեպքում, հասկանալի է, «առաջին ջութակի», ավելին՝ նաեւ երկրորդ ջութակի, ալտի ու թավջութակի դերում Փաշինյանն է, որից հետո արդեն իր «նվագախմբի» այլ ներկայացուցիչներ:   

Ակնհայտ է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է ակտիվորեն օգտվել վարչապետի պաշտոնի ընձեռած հնարավորություններից՝ աշխատանքային այցեր, հանդիպումներ, ելույթներ:   

Տվյալ դեպքում, սակայն, շատ ավելի կարեւոր է փաստացի իշխանության տոնայնությունը: Ընդհանուր առմամբ, միանգամայն հնարավոր է, որ Փաշինյանը փորձի կրկնել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ դրսեւորած հրապարակային ագրեսիվ հռետորաբանությունը: Սակայն այդ՝ «ասֆալտափռիչ» ու «պատածեփիչ» պահվածքն ու ելեւէջները, նախ, արդեն շատերը ոչ միայն սովորական են ընկալում, այլեւ ինչ-որ տեղ ձանձրալի է դառնում:   

Երկրորդ՝ կարծես ավելի շատ մարդիկ են պաղում «հեղափոխական» հարայհրոցից, ակնկալելով, որ պետության ղեկավարի դիրքն զբաղեցնողն ու նույն դիրքում մի 5 տարով (ինչպես իրենք են կարծում) ամրագրվելուն հավակնողը իրեն պետության ղեկավարի պես պահի, այլ ոչ թե միտինգային բոցաշունչ հռետորի:   

Իշխանության պարագայում արդեն նշմարելի է, որ հիմնական դրույթներից մեկն այն է, թե ինչ խոստացել էին, անցած կես տարում արդեն արել են: Եվ Նիկոլ Փաշինյանը ավելի հաճախ է կարծես վերադառնում այդ, ինչպես իրեն է թվում՝ տպավորիչ դրույթին, փորձում հնարավորինս «բացել» խոստումներն ու կատարվածը:   

Թե որքանո՞վ է դա համոզիչ, հարցի մի կողմն է: Իսկ մյուս կողմն էլ այն է, որ նրա այդ հայտարարությունները քննադատական անդրադարձների առիթ են տալիս մրցակիցներին:   

Իշխանական քարոզչության հնարավոր ուղղություններից մեկն էլ ընտրություններից հետո, իբր, սպասվող ներդրումային տեղատարափն է: Դա, իհարկե, կարող է տպավորություն թողնել, սա

կայն չիրականանալու դեպքում, ինչը շատ ավելի հավանական է, հետադարձով ցավալի կարող է հարվածել իշխանության վարկանիշին:    Ավելին՝ իրավիճակում, երբ տնտեսական ցուցանիշները դեռ մի կողմ, մարդկանց աշխատանքային եկամուտները չեն ավելացել, երբ գները բարձրացել են, երբ սակագները ոչ միայն չեն նվազել, այլեւ, օրինակ, ջրինը կարող է նաեւ բարձրանալ, ներդրումային խոստումներն ու դրա մասին խոսակցությունները հազիվ թե լրջորեն տրամադրություն փոխեն:   

Ի լրումն, դեռեւս չի նշմարվում, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հանրությանը ներկայանալու է ասենք՝ «Հնգամյա զարգացման» նախընտրական ծրագրով, որտեղ լինեն չափելի ցուցանիշներ կամ կողմնորոշող տվյալներ: Կան, իհարկե, տպավորիչ արտասանվող խոսքեր՝ տնտեսական, արդյունաբերական հեղափոխությունների մասին, բայց թե դրա տակ ի՞նչ կա, կամ դա որքանով է ծանրութեթեւ արված կամ հիմնավորված մոտեցում, տակավին պարզ չէ:   

Հուսանք, քարոզարշավի ընթացքում կպարզվի, չնայած մենք, օրինակ, քիչ հավանական ենք համարում նման չափելի ծրագիր այս իշխանություններից:   

Այդ ենթադրությունները, իրենց հերթին, հուշում են, որ մրցակցությունից դուրս համարվող «Իմ քայլը», օրինակ, ինքնաբերաբար ձգտելու է «կառչել անցյալից»: Այսինքն՝ վերադառնալ այն քարոզչահռետորական դաշտ, որտեղ իրենց ուժեղ են համարում, այսպես ասած, հեղափոխական, պաթետիկ հռետորաբանության տիրույթ, պոպուլիստական տարրերով հագեցած եւ «նախկին իշխանությունները...» պայմանական ընդհանուր բովանդակությամբ:   

Ու ոչ միայն «Իմ քայլը»: Այսպես ասած՝ իշխանափոխության «սատելիտ ուժերը», որ ասպարեզ են մտել նաեւ ընդդիմադիր դաշտը գրավելու նպատակով, նույնպես «բա որ առաջ...»-ի հունն են մտնելու:   

Դժվար է ասել՝ որեւէ ուժ կշահի՞, եթե իրական ծրագիր ներկայացնի հասարակությանը: Ի վերջո, ակնհայտ է, որ «մասսան» գերադասում է «կիսաբաց լուսամուտային» մակարդակի դրսեւորումներ, հայհոյանք՝ մեկնաբանելու եւ մտածելու փոխարեն, լեզվակռիվ՝ զրույցի ու հարցազրույցի փոխարեն:   

Բայց հասկանալի է նաեւ, որ այդ իռացիոնալիզմը առաջխաղացման գրավական չի կարող լինել ու այն պետք է մի օր թոթափվի, ցավոտ թե անցավ՝ դա արդեն այլ հարց է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ