22 11 2018

Կառավարության ուտոպիաներն ու իրականության հակաուտոպիաները․ «Հայոց աշխարհ»

Կառավարության ուտոպիաներն ու իրականության հակաուտոպիաները․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ինչո՞ւ են մարդիկ ընդհանրապես հավատում հեքիաթին։ Ո՜վ գիտե... Գուցե այն պատճառով, որ Արարիչն է այդպես նախասահմանել մարդկանց համար, իսկ գուցեեւ իրենք են իրենց այդպիսին սարքել՝ տաղտուկից ու վախից դրդված։   

Մի՞թե դու էլ, սիրելի ընթերցող, թող Աստված քեզ երկար կյանք պարգեւի, չես հավատում հրաշք հեքիաթին, որին երբեւէ անպայման կվերածվի կյանքը։ Մի՞թե գանձերը, ջիներն ու ոսկե ձկնիկները, ոչ մեծ գումարների բարեհաջող ներդրումները հեռանկարային անշարժ գույքի մեջ եւ առայժմ անհայտ ամերիկացի ազգականներից ստանալիք ժառանգությունը ամենեւին չեն հուզում քեզ։  

Ուրեմն զարմանալի՞ է արդյոք, որ ցանկություններից ու հույսերից տառապող «Նոր Հայաստանի» հպարտ քաղաքացիների մի մասը հավատաց ասուլիսում վարչապետի պաշտոնակատարի պատմած հեքիաթներին։  

Զարմանալի եւ վերին աստիճանի ուշագրավ հեքիաթներ էին դրանք։ Մասնավորապես պարզվեց, որ «հեղափոխական» իշխանության բոլոր խոստումները կատարված են 100 տոկոսով, եւ բոլոր ոլորտներում արձանագրվել են միմիայն բացառիկ հաջողություններ։ Հետեւաբար ոչինչ պետք չէ փոխել կառավարութան ուղեգծում եւ անհրաժեշտ է շարունակել որդեգրած քաղաքականությունը, քանզի այն կատարյալ է։  

Դե ինչ, վերին աստիճանի իմաստուն մոտեցում է։ Մարդկությունը մի շարք դեպքերում հենց այդպես էլ վարվում է։  

Օրինակ, չնայած գիտատեխնիկական բոլոր հրաշքներին ու մեղվաբուծության հազարամյա պատմությանը, մեղվափեթակի կառուցվածքը դարեր շարունակ մնում է սկզբունքորեն նույնը։ Բայց բնավ ոչ մեղվաբույծների ծուլության կամ պահպանողականության պատճառով, ոչ էլ այդ ոլորտում նորամուծությունների հանդեպ որեւէ արգելքի գոյության։  

Պարզապես մեղվաբուծության դարավոր պատմությունը ցույց է տվել. որքան էլ հնացած տեսք ունենա փեթակի կառուցվածքը, որքան էլ անկատար թվա մեղուների պարսի կազմակերպումը, համակարգը գործում է արդյունավետ, քանզի դարեր շարունակ մեղր է տալիս։    Իսկ դրան արմատապես միջամտելու, փեթակը կատարելագործելու կամ պարսի կյանքը փոփոխելու բոլոր փորձերն անխուսափելիորեն հանգեցնում են նույն արդյունքին. մեղուները ոչ միայն ավելի քիչ մեղր են տալիս, այլեւ սկսում են ավելի հաճախ խայթել։   

Եվ ահավասիկ՝ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։ Հենց այն պահին, երբ Փաշինյանը պատմում էր իր կառավարության բացառիկ հաջողութունների մասին, հրապարակվեցին ԱՎԾ-ի վերջին տվյալները, որոնք վկայում են Հայաստանում տնտեսական ակտիվության հերթական կտրուկ անկման մասին։  

Այսինքն՝ կառավարության ուտոպիաներին կյանքը պատասխանում է իր հակաուտոպիաներով։ Մարդկության պատմության մեջ դա, ի դեպ, հանդիպում է բնավ ոչ առաջին անգամ։ Ասենք, ստեղծվել են մեծ ուտոպիաներ. Պլատոն, Կամպանելլա, Թոմաս Մոր, Սեն-Սիմոն, Բաբյոֆ, Օուեն, Մարքս, Ֆուրիե, Փաշինյան...  

Սակայն «լուսավոր ապագայի», «Արեւի քաղաքի», «Նոր Հայաստանի» վերաբերյալ հույսերի գործերն այնքան էլ լավ չեն ընթացել։ Դա ծնել է մի շարք հակաուտոպիաներ. Եվգենի Զամյատինի «Մենք», Օլդոս Հաքսլիի «Օ՜, հիասքանչ նոր աշխարհ», Ջորջ Օրուելի «1984», Վլադիմիր Վոյնովիչի «Մոսկվա 2042», Լաո Շեի «Գրառումներ Կատվային քաղաքում» ստեղծագործությունները (ի դեպ, որքան արդիական է մերօրյա Հայաստանում. կատվի ձագերը առավոտյան գնում են առաջին դասարան, իսկ երեկոյան հասունության վկայական ստանում, երիտասարդ կատուները առավոտյան ընդունվում են համալսարան, իսկ երեկոյան նրանց հանձնում են բարձրագույն կրթության դիպլոմը), լուրջ տնտեսագետների վերլուծությունները։  

Իհարկե, հակաուտոպիաներն ավելի մոտ են իրականությանը, քան ուտոպիաները։ Եվ այստեղ ոչինչ չես անի։ Պետք է համակերպվել։ Եվ հնարավորինս քիչ հիանալ սեփական անձով, ինչի մասին զգուշացրել է դեռեւս Գիլբերտ Չեստերտոնը։  

Վերջինս իր «Սնապարծության մասին» էսսեում գրել է. «Միգուցե ինձ չհասկանան, բայց նախեւառաջ կասեի իմ ունկնդիրներին, որ չհրճվեն իրենցով։ Խորհուրդ կտայի հիանալ թատրոնով ու պարերով, ոստրեներով ու շամպայնով, ձիարշավով, կոկտեյլներով, ջազով, գիշերային ակումբներով, եթե նրանց տրված չէ ավելի լավ ինչ-որ բանով հիանալ։ Թող վայելեն բազմակնության հաճույքը, կամ գողության, ամեն մի ստորության. ինչ կամենան, միայն չհիանան սեփական անձով»։  

Եվ իհարկե, պետք չէ շարունակ խոսել ժողովրդի անունից։ Հայաստանի ժողովուրդը բաղկացած է առանձին քաղաքացիներից, եւ նրանցից բնավ ոչ բոլորն են իրավունք տվել իշխանավորներին խոսել իրենց անունից։ Ավելի լավ է փորձել բուժվել վերջապես կուրությունից, որը թույլ չի տալիս շատ բան տեսնել ու համապատասխան եզրահանգումներ անել։  

Ի դեպ, կուրության մասին։ «Հեղափոխական» իշխանավորները մշտապես դեմ են առնում պատերի եւ այլ խոչընդոտների, կույրերի պես, շարունակ նորանոր վնասվածքներ պատճառելով իրենք իրենց։ Գուցե նրանց կօգնի հատուկ կույրերի համար իսրայելցի գիտնականների վերջերս ստեղծած սա՞րքը, որը ստացել է «վիրտուալ ձեռնափայտ» անվանումը։   

Այն մեծ չէ եւ հեշտությամբ տեղավորվում է ձեռքի ափի մեջ։ Սենսորների շնորհիվ, որոնք կարող են չափել մինչեւ խոչընդոտն ընկած հեռավորությունը, սարքը օգնում է կույր մարդուն կողմնորոշվել տարածության մեջ։ Ճանապարհին եղած ամեն արգելքի մասին, լինի սյուն թե մայթեզր, սարքը հաղորդում է բնորոշ հնչյունի կամ վիբրացիայի օգնությամբ, որ նման է բջջայինի վիբրազանգին։  

Բայց, վախենանք, չօգնի նաեւ «վիրտուալ ձեռնափայտը»։ Քանզի եթե անգամ հաջողվի շրջանցել խոչընդոտը, ապա քո խնդիրները ոչ ոք չի լուծի։  

Իսկ «Նոր Հայաստանի» իշխանությունների խնդիրները չափազանց շատ են։ Հատկապես տնտեսության ոլորտում։ Տնտեսությունը ինքնաթիռի պես մի բան է։ Իսկ օդագնացության մեջ լավ հայտնի է, որ ինչքան ցածր է թռիչքի արագությունն ու բարձրությունը, այնքան վտանգավոր է։ Նույնը վերաբերում է նաեւ տնտեսությանը։  

Իսկ տնտեսության պարագայում իշխանության պահվածքը ինչ-որ տեղ հիշեցնում է շտապօգնության բժշկի առաջին կանոնը. ինչքան ուշ տեղ հասնես, այնքան ավելի ճշգրիտ կլինի ախտորոշումը։  

Եվ իզուր է Փաշինյանն այդչափ վստահ, թե բավական է միայն ելույթ ունենա հպարտ քաղաքացիների առջեւ, եւ բոլորը միանգամից կվազեն իր հետեւից։ Հասարակական գիտակցությունը մի այնպիսի Ռուբիկի խորանարդիկ է, որը կարելի է շրջել տարբեր կողմեր, բայց, միեւնույն է, գունային ու երկրաչափական ներդաշնակ պատկեր չի ստացվի. մեկը «կողմ» է, մյուսը՝ «դեմ», ոմանք էլ տանջահար են կասկածներից ու կիսերանգներից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ