«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Թե կուզեք իմանալ, քաղաքականությունը «Դու ինձ սիրո՞ւմ ես» հարցի պատասխանի հավերժական որոնումն է։
Այստեղ քաղաքական ուժերը ոչնչով չեն տարբերվում մարդկանցից։ Նույն խանդը միմյանց նկատմամբ։ Նույն արցունքները բարձին, խոստովանություններն ու հուսախաբությունները։ Նույն բամբասանքները միմյանց թիկունքում։ Նույն սառը հաշվարկը՝ միախառնված զգացմունքների հետ։
Հատկապես աչքի է զարնում այդ նմանությունը ընտրությունների նախօրեին։ Իրարանցում, նեւրոզ, սրտի տրոփյուն։ Վալիդոլի ու կատվախոտի հոտ։ Ինքնաբուխ, զգացմունքների վրա հիմնված ակնթարթային որոշումներ։ Այն մասին, որ շտապողականությունը լավ է միայն լվեր բռնելիս, ոչ ոք արդեն չի էլ հիշում։
Հենց այսպիսի պատկեր է դիտվում հիմա խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանական ճամբարում։ Եվ դա հիմնավորված է, այդպես էլ պետք է լինի։
Նկատենք, որ իշխանությունն ընտրությունների է գնում բնավ ոչ լավագույն վիճակում։ Միակ բանը, որ նրան հաջողվեց ակներեւաբար ցուցադրել անցած յոթ ամիսների ընթացքում, լիակատար ու անհուսալի իմպոտենցիան է բոլոր հարցերում։ Ճիշտ է, իմպոտենցիայից ոչ ոք չի մահացել, բայց չէ՞ որ ոչ ոք չի էլ ծնվել, այդպես չէ՞։
Այնպիսի տպավորություն է, թե ողջ այս ընթացքում իշխանությունը պատրաստվում էր թշնամական զորքերի ներխուժմանը եւ կանխամտածված վերածում երկիրն անապատի՝ գործելով Ստալինի հրահանգներով։
1941 թվականի հուլիսի 3-ին, դիմելով ժողովրդին, Ստալինը, ինչպես հայտնի է, առաջարկեց անցնել այրված հողի մարտավարությանը. «Կարմիր բանակի ստորաբաժանումների հարկադրված նահանջի դեպքում պետք է հետը տանել երկաթուղային ողջ շարժակազմը, չթողնել ոչ մի կիլոգրամ հաց, ոչ մի լիտր վառելիք։ Արժեքավոր ողջ ունեցվածքը, որը չի կարող դուրս բերվել, պետք է անպայման ոչնչացվի»։
Ճիշտ է, իշխանությունը չէր դադարում խոստանալ մեզ լուսավոր ապագա։ Դա, ի դեպ, միշտ է եղել, դեռ խորհրդային ժամանակներից։ Աղն ու հացը վերջանում էին, դեղորայքն ու զինամթերքը՝ նույնպես, իսկ լուսավոր ապագան՝ ոչ մի դեպքում։ Երբեմն էլ՝ մի քանի հատ միանգամից։ Լույս թունելի վերջում, մեծագույն հույսեր...
Իսկ հատկապես ինչի՞ հույսեր։ Սատանան գիտե։ Մշուշ։ Միայն ամրապնդվող վստահություն վաղվա օրվա նկատմամբ, անիծյալ լինի այն։ Յոթ ամսվա ընթացքում իշխանությունը ոչ միայն չարեց ոչ մի կոնկրետ բան, այլեւ չառաջարկեց թեկուզ մեկ արժեքավոր գաղափար։ Բայց չէ՞ որ հասարակական օրգանիզմը չի կարող այդպես ապրել։
Սակավարյունությունը հիվանդություն է, որ բնորոշվում է օրգանիզմում արյան պակասով կամ դրա հիմնական տարրի՝ հեմոգլոբինի անբավարար քանակով։ Սակավարյունությամբ տառապող մարդիկ գանգատվում են թուլությունից, արագ հոգնելուց, ընդհանուր տկարությունից։ Բուժվում է հեմոգլոբինի մակարդակը բարձրացնող նյութերի ընդունմամբ։
Գաղափարները նույն հեմոգլոբինն են քաղաքականության համար։ Եվ հայրենի քաղաքականությունը ներկայումս խելամիտ ու ինքնատիպ գաղափարների մեծագույն կարիք ունի։ Սակայն հեղափոխական հեքիմների կոնսիլիումը համառորեն անուշադրության է մատնում սակավարյունության ախտանշանները։
Հետեւում ես հեռուստատեսությամբ ներկա իշխանավորների ու նրանց սպասավորների իմաստուն դատողություններին, կարդում նրանց հարցազրույցները ու կանաչում, սեւանում, նույնիսկ բազմագույն դառնում նախանձից։ Ցանկություն է առաջանում օրինակ վերցնել Պուրիշկեւիչից, որը ավելի քան հարյուր տարի առաջ ռուսաստանյան Դումայի նիստում մատնացույց էր անում բոլշեւիկ պատգամավորին ու գոռում. «Անասնաբո՛ւյժ կանչեք սրա համար»։
Իշխանավորների «վերլուծությունները» անչափ հիշեցնում են գիտնականների սենսացիոն հայտնագործությունը, համաձայն որի` ուտիճի ականջները գտնվում են ոտքերի վրա։ Դա ապացուցեցին փորձերը։ Ուտիճը փախչում էր բարձր ու կտրուկ ձայներից։ Պոկեցին ոտքերը, ու դադարեց փախչել։ Եզրահանգում. ուտիճի ականջները ոտքերի վրա են։
Իշխանության միակ հույսն այս ընտրություններում վարչապետի պաշտոնակատարն է։ Փաշինյանի մասին կողմնակիցները խոսում եւ գրում են գրեթե ինչպես Կրուպսկայան՝ Լենինի։ Հիշո՞ւմ եք Նադեժդա Կոնստանտինովնայի հանրահայտ պատմվածքը։
«Սենյակում պատին դիմանկար է փակցված։ Վասյան ասաց հորը.
-Հայրիկ, պատմիր ինձ նրա մասին։
-Իսկ դու գիտե՞ս, թե ով է սա։
-Գիտեմ։ Սա Լենինն է։
-Այո։ Սա Վլադիմիր Իլյիչ Լենինն է։ Մեր սիրելին, հարազատը, մեր առաջնորդը։ Դե, լսիր։ Ես երիտասարդ էի։ Վատ էինք ապրում այն ժամանակ մենք՝ բանվորներս։ Աշխատանքը ծանր էր։ Աշխատում էինք առավոտից մինչեւ ուշ գիշեր, իսկ ապրում՝ կիսաքաղց...»։
Ինքը՝ Փաշինյանն էլ, մոտավորապես նույն կարծիքի է իր մասին։ Ինչպես հայտնի է, ինքնասիրահարվածության դասական օրինակ է համարվում հին հունական առասպելը Նարցիսի մասին։ Նրա ծնողներին կանխագուշակվել էր, որ տղան կապրի մինչեւ խոր ծերություն, եթե երբեք չտեսնի սեփական դեմքը։ Նարցիսը հասակ առավ ու դարձավ չափազանց գեղեցիկ պատանի, որի սիրուն ապարդյուն ձգտում էին բազմաթիվ կանայք։ Էքո հավերժահարսը պարզապես մարեց անպատասխան սիրուց։
Մերժված կանայք խնդրեցին վրեժի եւ արդարության աստվածուհի Նեմեսիսին պատժել ամբարտավանին։ Նեմեսիսն արեց այնպես, որ Նարցիսը աղբյուրի մեջ տեսավ սեփական արտացոլումը եւ այնպես սիրահարվեց դրան, որ չկարողացավ կտրել հայացքը ջրից ու մահացավ իր իսկ հանդեպ սիրուց։ Դրանից հետո աստվածները վերածեցին նրան նարգիզ անվանյալ ծաղկի։
Բայց, կարծում ենք, մեր ծաղկի ճակատագիրն անհամեմատ ավելի հաջող կդասավորվի։ Նա ապրում է Հովհաննես Պողոս II պապի «Totus Tuus» («Ես ամբողջապես քոնն եմ») սկզբունքով եւ խորհրդարանական ընտրություններից հետո անպայման կսրբադասվի կողմնակիցների պահանջով։ Ի՞նչ է պահանջվում սրբադասման գործընթացի համար։ Նախեւառաջ՝ սուրբ կյանքի ապացույցներ եւ հրաշագործ ուժի դրսեւորումներ։
Սրբության նշաններն արտահայտվում են նրանում, ինչը եկեղեցին անվանում է «հերոսական առաքինություններ»։ Դրանց թվին են պատկանում աստվածաբանական երեք առաքինությունները՝ հավատը, հույսը եւ սերը, գումարած չորս հիմնականները. ողջամտությունը, արդարությունը, արիությունն ու վստահությունը։
Բոլոր առաքինությունները թեկնածուի կողմից պիտի դրսեւորված լինեն ոչ թե եզակի դեպքերում, այլ՝ մշտապես։ Հիրավի հերոսականորեն, հոժարակամ եւ ուրախությամբ։ Անհրաժեշտ են հրաշքի բազմաթիվ ականատեսներ, դրա օբյեկտիվ վկաներ։ Արդարակյացներին երանելիների շարքը դասելու դեպքում անհրաժեշտ է երկու կամ երեք հրաշք. նայած, թե ինչպես են վավերացված առաքինությունները. լսածի մասին ցուցմունքներո՞վ, թե՞ ականատեսների իրական վկայություններով։
Փաշինյանի դեպքում վստահաբար խնդիրներ չպետք է առաջանան ո՛չ հրաշքների, ո՛չ էլ ականատեսների առումով։ Եվ պետք չէ սպասել հետմահու ապացույցների, տա՛ Աստված նրան երկար ու երջանիկ կյանք։ Sancto subito (Սուրբ՝ հենց հիմա՛), միաձայն կգոռանք մենք բոլորս դեկտեմբերի 10-ին։
Իսկ ի՞նչ է մտածում այդ առնչությամբ մեր սիրելի ժողովուրդը, մտածեցինք մենք։ Քանի դեռ ժամանակ կա, անհրաժեշտ է զանգահարել ու իմանալ նրա կարծիքը։ Բայց այստեղ խորին հուսահատություն ապրեցինք, քանզի հանկարծակի հասկացանք. չգիտենք, ախր, ժողովրդի հեռախոսի համարը։ Եվ առհասարակ երբեք չենք իմացել։
Այդժամ, հույսներս դնելով զուտ պատահականության վրա, հավաքեցինք առաջին իսկ պատահած համարն ու սկսեցինք սպասել միացման։ Եվ գիտե՞ք ինչ։ Պարզվեց, որ այնտեղ զբաղված է։
Իսկ մյուս կողմից, ուրիշ ինչպե՞ս կարող էր լինել այնտեղ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը