«Հրապարակ»-ը գրել է. «Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ միաժամանակ մասնակի բավարարելով դատախազության միջնորդությունը։ Հիշեցնեք՝ Վճռաբեկը քննում էր 2 բողոք․ պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչի որոշումը՝ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատելու վերաբերյալ` նշելով, որ հաշվի չեն առնվել մի շարք այլ կարեւոր հանգամանքներ։ Դատախազությունը եւս բողոքարկում էր Վերաքննիչի որոշումը` պահանջելով, որ այն ամբողջությամբ բեկանվի եւ ուժի մեջի մտնի Առաջին ատյանի որոշումը՝ կալանքի սանկցիան։
Նշենք՝ Առաջին ատյանը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Այս գործով հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը: Նա գտնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ինչպես նաև մեղադրյալի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Հովհաննես Խուդոյանի և Արամ Օրբելյանի՝ ՀՀ նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ բողոքների վարույթը անհրաժեշտ է կասեցնել և սահմանադրականության հարցը որոշելու համար դիմել ՍԴ:
Ռոբերտ Քոչարյանի պաշպաններից Արամ Օրբելյանը «Հրապարակի»-ի հետ զրույցում նշեց՝ իրենք դեռ Վճռաբեկի որոշումն ամբողջությամբ չեն ստացել, այն ձեռքների տակ լինելուց հետո նոր միայն կարող են դիրքորոշում հայտնել։ Խոսելով որոշման մասին՝ պաշտպանը նշեց, որ իրենք այս տարբերակը ևս հաշվի էին առել․ «Չէինք սպասում, որ այսպես պետք է լիներ, հույս ունեինք, որ բողոքը կբավարարվի, բայց միևնույն ժամանակ որպես փաստաբան տարբեր տարբերակներ գնահատում էինք, չսպասվող տարբերակ էր սա՝ հաշվի առնելով քաղաքական, իրավական քննարկումները։ Մինչև չունենք որոշման տեքստն ու հիմնավորումները, մնացածը բարդ կլինի»։
Ինչ վերաբերում է Սերժիկ Ավետիսյանի հայտնած հատուկ կարծիքին, մեր զրուցակիցը նշեց, որ «հատուկ կարծիքը» վերջնական որոշման վրա ազդեցություն չունի․«Սա գործիք է, որով դատավորը, որը համաձայն չէ կոլեգիալ մարմնի որոշմանը, հայտնի իր դիրքորոշումը։ Որոշ հարցեր կան, որով Վճռաբեկ դատարանը պետք է դիմի Սահմանադրական դատարան, բայց չեմ կարող պնդել, որ դա նույն հարցի վերաբերյալ է, որը դատավոր Ավետիսյանն է նշել»։ Հարցին՝ Վերաքննիչ դատարանում նոր հիմքեր ներկայացվելո՞ւ են, Օրբելյանը պատասխանեց․ «Որոշակի իրավական խնդիր կա այս որոշման հետ, իրականում միջանկյալ կամ գործը չլուծող դատական ակտերի մասով Վճռաբեկ դատարանը որպես կանոն երկու որոշում պետք է կայացնի․ կա՛մ պետք է թողնի ուժի մեջ նախկին որոշումը, կա՛մ պետք է կայացնի նոր որոշում։ Սա ավելի բացառիկ տարբերակ է, որը որոշումը նայելուց հետո կարող եմ գնահատել։ Ըստ էության պետք է հետ գանք մեր բողոքների շրջանակին և այդ ժամանակ էլ ավելի հստակ կարող ենք ասել՝ նոր բան բերելու անհրաժեշտություն կա՞, թե չէ՞։ Վերջիվերջո մեր բողոքի հիմնական մասը վերաբերում էր նրան, որ Վերաքննիչը չի անդրադարձել որոշ հանգամանքներին, ինչին մենք էինք անդրադարձել»։
Խոսելով դատարանների կաշկանդվածության մասին՝ պաշտպանը չբացառեց, որ այժմ որոշակի խնդիրներ այդ առումով ունեն դատարանները․ «Ընդհանուր առմամբ Հայաստանում նաև այս գործով կա խնդիր դատարանի հետ։ Խնդիրը միայն հասարակական ճնշումի առկայությունը կամ ոչ առկայությունը չէ։ Խնդիր կա, եթե խնդիր չլիներ, նույն հարցի կապակցությամբ Եվրոպական դատարան չէինք դիմի»։
Նա նաև նշեց, որ ինքն անձամբ Վճռաբեկի որոշման մասին չի տեղեկացրել Քոչարյանին, ուստի տեղյակ չէ նրա արձագանքից․ «Ես չեմ հայտնել անձամբ որոշման մասին, բայց կարծում եմ՝ էդպես շատ անակնկալ չի եղել, քիչ սպասվող տարբերակներից մեկն էր, որոշումը տեսնենք, հասկանանք՝ հիմնավորումները ինչ է գրված»։
Կարծիք կա, որ նման որոշմամբ իշխանությունը հետաձգում է հարցի լուծումը՝ գոնե նախընտրական փուլում։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ Վճռաբեկը շատ անսպասելի նշանակեց բողոքների քննությունը և անգամ կողմերը վերջին պահին են տեղեկացվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը