16 11 2018

ՀՀ-ԵՄ հարաբերություններում որևէ դինամիկա հնարավոր չէ նկատել. քաղաքագետ․ «168 Ժամ»

ՀՀ-ԵՄ հարաբերություններում որևէ դինամիկա հնարավոր չէ նկատել. քաղաքագետ․ «168 Ժամ»

«Վերջին ամիսներին Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության հարցում աղքատիկ արդյունք են ունեցել»,- այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկային վերջին ամիսներին և Հայաստանում ծավալվող նախընտրական գործընթացներին:

Սյուզան Ստյուարտի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում որևէ դինամիկա հնարավոր չէ նկատել: «Ինչպես ես եմ հասցրել նկատել, միակ դրական հանգամանքը ՀՀ վարչապետի այցն էր Բրյուսել, որտեղ նա բազմակողմանի հանդիպումներ ունեցավ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, քննարկվեց երկկողմ համագործակցությունը, հեռանկարները, բայց առարկայական այլ արդյունքներ ինձ հասանելի չեն: Սակայն այս ամիսներն այն փուլն էր, երբ պետք է մասնակիորեն ներդրվեր ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, սակայն, ինչպես հայտնի է՝ այս ամիսների ընթացքում մշակվել է ներդրման միայն ճանապարհային քարտեզը:

Սա բավականին աղքատիկ արդյունք է: Սակայն հաշվի առնելով այն, որ Հայաստանը նախընտրական փուլում է գտնվում, և այս ամիսների ընթացքում Կառավարությունը կենտրոնացած էր ներքին խնդիրները լուծելու վրա, այդքան էլ զարմանալի չէ: Պետք է նշեմ, որ եվրոպական ուղղությամբ պասիվության ֆոնին նկատվեցին ակտիվ շփումներ եվրասիական ուղղությամբ` բազմաթիվ այցեր, հանդիպումներ, հեռախոսային զրույցներ: Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը, դա հասկանալի է, սակայն նկատելի է առաջնահերթությունների միջև տարբերություն»,- ասաց Սյուզան Ստյուարտը:

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո արտաքին քաղաքական առաջնահերթություններին` Սյուզան Ստյուարտն ասաց, որ Հայաստանի համար արտաքին քաղաքական մարտահրավերները քիչ չեն: «Ուստի Արևմուտքում որևէ մեկը Հայաստանից չի ակնկալում այնպիսի քաղաքականություն, որն իր շահերը կդնի հարվածի տակ: Սակայն ԵՄ-ն, որպես կառույց, մշտապես աջակցել է, այսօր ևս աջակցում է ընտրական գործընթացներին, որը համապատասխան քաղաքական գործակցություն ևս պահանջում է: Ընտրություններից հետո շատ հարցեր ավելի որոշակի կդառնան: Կարծում եմ` ԵՄ-ում սպասում են ընտրություններին հաջորդող փուլին»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ