10 03 2020

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները մերժել են Փաշինյանին․ «168 Ժամ»

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները մերժել են Փաշինյանին․ «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին մեկօրյա աշխատանքային այց կատարեց Բրյուսել, որի օրակարգն ակնհայտորեն աղքատիկ էր: Թեեւ ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ, նման այցերի ընթացքում նախատեսվող հանդիպումների ավանդական շրջանակն էականորեն նեղ էր: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այս այցի ընթացքում  հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի, ինչպես նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Հատկանշական է, որ վարչապետի մեկօրյա այցի ընթացքում նախատեսված չէր  հանդիպում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա  ֆոն դեր Լեյենի հետ այն դեպքում, երբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այդ ժամերին Բրյուսելում էր եւ ավելին՝ այդ  նույն օրն ունեցավ պաշտոնական հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:

«168 Ժամ»-ի բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՀ նախագահը պարզապես չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը՝ այն պատճառաբանելով իր խիստ ծանրաբեռնված գրաֆիկով:

Ուշագրավ է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի այցը չներառեց հանդիպում նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ-Մարիա Սասոլիի հետ, ինչը թույլ է տալիս պնդելու, որ այցն անօգուտ էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների գործադիր եւ օրենսդիր ուղղություններով: Մեր տեղեկությունների համաձայն՝ մարտի 9-ին Բրյուսելում էր նաեւ Դավիթ-Մարիա Սասոլին, ով եւս  չէր ընդունել Նիկոլ Փաշինյանին հանդիպելու առաջարկը»:

Նյութն ամբողջությամբ՝ «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ