16 11 2018

Կառավարության քայլերը տարակուսանք են առաջացնում․ «Հայոց աշխարհ»

Կառավարության քայլերը տարակուսանք են առաջացնում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Դժվար չէ ենթադրել, որ նախընտրական ժամանակաշրջանում նոր թափով էին վերսկսվելու անցած մի քանի ամիսների «բեմադրությունները»՝ այս կամ այն անձին ձերբակալելու, այս կամ այն ընկերության նկատմամբ կոռուպցիոն եւ հարկերից խուսափելու մեղադրանքներ ներկայացնելը եւ այդ ամենը քաղաքական շոուի վերածելու քայլերը։   

Նիկոլ Փաշինյանն այլ ելք, քան արդեն վերոնշյալ փորձված եղանակներով մարդկանց իր կողմը պահելը, չունի։ Անցած վեց ամիսների ընթացքում որպես կառավարության ղեկավար նրա գործունեությունը կարելի է բնորոշել մի բառով՝ ձախողում։ Բոլոր ուղղություններով՝ երկրի անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սոցիալական եւ տնտեսական վիճակ, գործող կառավարությունը միայն կորուստներ է ունեցել։   

Տնտեսական քաղաքականության լիակատար բացակայության հետեւանքով տարեսկզի բարձր տնտեսական աճի տեմպը աղետալի տեմպերով նվազում է՝ առաջին եռամսյակի 10,6 տոկոսից իջնելով մինչեւ 6,5 տոկոսի՝ ինը ամիսների արդյունքներով։ Բնականաբար չի իրականացել ոչ մի խոստում, որոնք առնչվել են մարդկանց եկամուտների՝ աշխատավարձերի եւ կենսաթոշակների աճին, ներդրումային «պայթյունին» եւ տնտեսության «թռիչքային» զարգացմանը։   

Ուստի կառավարությունը ստիպված է դիմել այլ «քայլերի»։ Դրանց առաջին զոհն այս անգամ դարձավ ռուսաստանյան հսկայի՝ «Գազպրոմի» հայաստանյան դուստր ընկերությունը՝ «Գազպրոմ Արմենիան»։   

Հայտարարվեց, թե «բացահայտվել են մի շարք խախտումներ եւ առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր»։ ՊԵԿ տեղեկատվության մեջ նշվում է այս առթիվ քրեական գործ հարուցելու մասին։  

Դրան հաջորդեց «Գազպրոմ Արմենիայի» նախ հայտարարությունը, որտեղ հերքվում են բոլոր մեղադրանքները, ապա եւ գլխավոր տնօրենի մամուլի ասուլիսը, որտեղ նա մանրամասնորեն անդրադարձավ ներկայացված մեղադրանքներին եւ հերքեց դրանք։  

Թեպետ «Գազպրոմ Արմենիայի» հետ կապված իրադարձությունները այլ ենթատեքստ եւս կարող են ունենալ։ Հիշեցնենք, որ Փաշինյանի ամբոխավարական խոստումների թվում էր գազի սակագնի նվազեցման խոստումը։   

Մինչդեռ թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, թե՛ «Գազպրոմ Արմենիան» հայտարարել են, որ գազի գնի նվազեցում այս պարագայում հնարավոր չէ, որ ներկայիս գինը հիմնավորված է, որ սոցիալապես անապահով խավի, ջերմոցային տնտեսությունների եւ վերամշակող ձեռնարկությունների համար գազը մատակարարվում է անհամեմատ ցածր գնով։ Սակայն Նիկոլ Փաշինյանը փորձում է «լավամարդ» ներկայանալ ժողովրդի առջեւ՝ անգամ եթե դրա հետեւանքով մի ամբողջ համակարգ կարող է փլուզվել։ Այդ պատճառով էլ նա դիմում է իր նախընտրած մեթոդին՝ շանտաժին։  

Քանի որ անհնար է թվում ներքին ռեսուրսների հաշվին գազի սակագնի նվազեցումը, այս պարզունակ մեթոդով նա փորձում է ռուսական կողմին պարտադրել իջեցնել գազի՝ Հայաստանին ներկայումս տրամադրվող առանց այն էլ արտոնյալ 150 դոլար սակագինը։ Սակայն թե դա ռուսական կողմի ի՞նչ հակազդեցության կարժանանա, Հայաստանի կառավարման ղեկը ստանձնած անձը երեւի չի էլ պատկերացնում։ Առավել եւս՝ սա երկրորդ դեպքն է, երբ ռուսական խոշոր ընկերության նկատմամբ նման մեթոդներ են կիրառվում։   

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) ենթարկվեց գիշերային ստուգում-«դիմակահանդեսի»՝ իբր այնտեղ հայտնաբերված հարկային պարտավորությունների չկատարման համար։ Եվ սա այն ընկերության նկատմամբ, որը Հայաստանի խոշոր հարկատուներից է։   

2017 թվականին «Հարավկովկասյան երկաթուղին» 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել էր 35-րդ տեղը՝ 3,9 մլրդ դրամ վճարած հարկերով։ Այս ընկերությունը նաեւ խոշոր ներդորւմային ծրագիր է իրականացրել Հայաստանում՝ 2008-ից մինչ օրս կատարելով 260 մլն դոլարի ներդրումներ, նորոգելով ճանապարհներ, կամուրջներ, անցումներ, կայարաններ, ձեռք բերելով նոր վագոններ, էլեկտրաքարշներ, էլեկտրագնացք եւ այլն։   

Հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարումով ստանձնած այս ընկերությունը պարտավորվել է կատարել մոտ 175 մլրդ դրամի ներդրում։ Ահա այս ընկերությանը մեղադրանք է ներկայացվում ընդամենը 10 մլն դրամ հարկ չվճարելու մասին, ամիսներ շարունակ չի ներկայացվում ոչ մի փաստական ապացույց, եւ ընդհանրապես քար լռություն է պահպանվում մի քանի ամիս առաջ բեմադրած գործողության ընթացքի մասին։   

Դառնալով «Գազպրոմ Արմենիային», նշենք, որ տարիներ շարունակ այս ընկերությունը Հայաստանի թիվ 1 հարկատուն է եղել եւ հիմա էլ մնում է՝ տարեկան միջինում 40 մլրդ դրամ վճարած հարկերով։ Այն նաեւ Հայաստանի խոշորագույն ներդրողն է՝ մոտ 1,2 մլրդ դոլար ներդրումներով եւ ըստ էության նոր ստեղծված գազամատակարարման եւ գազաբաշխման նոր համակարգի կառուցմամբ։ Հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանն այսօր աշխարհի ամենագազիֆիկացված երկրներից է՝ գազ է ստանում մեր բնակչության ավելի քան 95 տոկոսը։   

Այս երկու խոշոր ընկերությունների դեմ իրականացրած նմանօրինակ գործողությունները, բացի տվյալ պահին շանտաժ լինելուց, ըստ էության, Ռուսաստանի հանդեպ ոչ բարյացակամ քաղաքականության դրսեւորում են։    Սա առնվազն տարակուսանք է առաջացնում՝ գուցե հաջորդ քայլն էլ Ռուսաստանին պատերազմ հայտարարե՞լն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ