«Հրապարակ»-ը գրել է. «Ինչպես հայտնի է, «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, «Ուրվագիծ» ծրագրի հեղինակ Պետրոս Ղազարյանը տեղափոխվեց Հանրային հեռուստաընկերություն։ Ղազարյանի հեռանալուց հետո «Կենտրոնում» մեկ քաղաքական հաղորդում է մնացել՝ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդումը։
Այս օրերին «Կենտրոնի» ղեկավարությունը Պետրոս Ղազրյանին փոխարինողի փնտրտուքների մեջ է։ Տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Մենք տեղեկացանք, որ հեռուստաընկերությունը առաջարկել է իրենց եթերում հեղինակային հաղորդում վարել ՊՆ լրատվական վարչության պետ, «Հայլուրի» նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանին, սակայն վերջինս մերժել է առաջարկը։ Մեզ հետ զրույցում Ալթունյանը չպատասխանեց հարցին, թե իրեն առաջարկե՞լ են աշխատանքի անցնել Գագիկ Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերությունում։ Միայն ասաց, որ ինքը չի աշխատում «Կենտրոնում», իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ապագայում տեղափոխվի, պատասխանեց, որ աշխատում է ՊՆ-ում և դեռ շատ անելիքներ ունի այնտեղ։
Մենք տեղեկացանք, որ նոր հաղորդավար գտնելուց հույսը կտրել են «Կենտրոնում» և որոշել են նախընտրական այս փուլում ժամանակավոր փոխարինող գտնել՝ մինչև հիմնական թեկնածու գտնելը։ Իսկ մինչ այդ որոշել են Անժելա Թվմասյանի «Հայելու առաջ»-ը հեռարձակել «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերաժամին և դրանով լրացնել բացը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը