Լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը «168 Ժամի» հետ զրույցում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա, մասնավորապես ասել է.
«Եվրոպայում հետևում են ներքաղաքական զարգացումներին և սպասում ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի աշխատանքին ու ներքաղաքական կյանքի կայունացմանը: Եվրոպայում մասնավորապես հետաքրքրությունը պայմանավորված է այն երկկողմ ծրագրերով, որոնք կան Հայաստանի և Եվրամիության օրակարգում: Այս ընթացքում ծրագրերն ակտիվ առաջ չեն ընթացել, ՀՀ-ԵՄ համաձայնագրում, որոշ տեղեկությունների համաձայն, փոփոխություններ են տեղի ունենում, մշակվում, և այլն: Եվրամիությանը հետաքրքրում է, որպեսզի համագործակցությունը կայուն շարունակվի, հետաձգումներ չլինեն, քանի որ դրանք կարող են կիսատ թողնել սկսված կարևոր գործընթացները Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում: Եվրամիության համար կարևոր են ժամկետները, դրանց պահպանումը, երբ դրանք խախտվում են, լուրջ խնդիրներ են առաջանում»:
Ըստ նրա, ընտրություններից հետո փոփոխություններ արտաքին ոլորտում չեն լինելու, սակայն այս ուղղությամբ լուրջ աշխատելու կարիք կա՝ անցանկալի սխալներից խուսափելու նպատակով:
Այս փուլում ամեն ինչ հասկանալի չի եղել, սխալներ ևս եղել են, դժգոհություններ Հայաստանի ներսում ևս կան: Գուցե դրանք պայմանավորված են այն փուլով, որում Հայաստանն էր, ՀՀ իշխանությունների փորձի բացակայությամբ: Սակայն կարևոր է, որ ընտրություններից հետո լուրջ աշխատանք իրականացվի՝ արտաքին քաղաքական վեկտորները հստակեցնելու ուղղությամբ, քանի որ բոլորն ունեն սպասելիքներ, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ոչինչ չի փոխվել, սակայն նաև այդ գիծը կասկածի տակ առնող քայլերի են դիմում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ քաղաքական դաշտի կենսունակության համար հարկավոր է առողջ ընդդիմություն, որի դերը ստանձնելու համար պայքար է ընթանում:
«Առանց ընդդիմության նույնիսկ այս անցումային փուլը չի կարող արդյունքներ տալ, առողջ քաղաքական կյանքի համար հարկավոր են հակակշիռներ, և կարելի է ասել, որ նախորդ իշխանությունը կարող է լինել նման ընդդիմություն: Սակայն չեմ կարծում, թե ստանա շատ ձայներ»,- ասել է Զաշտովտը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը