«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Եվ այսպես. կառավարությանը կարելի է շնորհավորել։ Երեկ խորհրդարանը ուժերի վերջին լարումով սկսեց քննարկել նրա համար պետական բյուջեն։ Կողքից տեսարանը կարող է փոքր-ինչ անհեթեթ թվալ. արդեն արձակված խորհրդարանը բյուջե է քննարկում հրաժարական տված կառավարության համար, բայց ինչե՜ր ասես, որ չեն լինում խառնակ ժամանակներում։
Դե ինչ, կարծում ենք, վատ առիթ չէ խոսելու կառավարության մասին։ Երբեմն քաղաքականության մեջ պատահում են այնպիսի յուրատիպ ժամանակներ, երբ որոշումներ ընդունող կամ դրանց վրա ազդող մարդիկ առանձին վերցրած կարող են ինչքան ասես հիասքանչ լինել, սակայն նրանց ջանքերի ընդհանուր արդյունքը բացասական է ստացվում։
Նման մի բան էլ եղավ այս կառավարության պարագայում։ Ամբողջ կես տարի շարունակ այնտեղ տիրում է խելքի ու ինտելեկտի համատարած խրախճանք։ Առանձին վերցրած հիասքանչ մարդիկ ջանասիրաբար պարարտացնում են քաղաքական արոտավայրերը սեփական ուղեղի կենսագործունեության արգասիքներով։ Մինչդեռ նրանց ջանքերի ընդհանուր արդյունքը աներկբա բացասական է։ Երբեմն նրանք անչափ հոգնած, մտահոգ, սմքած դեմքեր ունեն։ Ձգում, քարշ են տալիս՝ վերջին ուժերը լարած, տանում են իրենց ուսերին բազմաչարչար երկիրը։ Իսկ ո՞ւր են տանում։ Աստված գիտե։
Իսկ գուցե այնուամենայնիվ պետք չէ որեւէ յուրատիպ հայկական հեծանիվ հորինել. բավական է հեռու քշել հեծանվից նրանց, ովքեր չեն կարողանում եւ չեն ուզում դրանով երթեւեկել։ Թող ապրեն իրենց համար էվոլյուցիոն ձեւով, ինչպես կաղամբի գլուխը։ Որտեղ տնկեցիր, այնտեղ էլ աճեն։ Եվ չհամարձակվեն մարգից մարգ ցատկել։
Կառավարության հաջողություններն այս վեց ամսվա ընթացքում ակամայից ուզում ես նշել լռության րոպեով։ Ըստ որում ինքը՝ կառավարությունը ամեն մի, այդ թվում՝ օբյեկտիվ քննադատություն ընկալում է բացառապես որպես զրպարտանք։ Ինչպես խորհրդային հին անեկդոտում։
Օտարերկրյա լրագրողները պատահաբար ընկնում են ոչ թե նրանց այցելության համար նախատեսված, այլ հարեւան կոլտնտեսություն։ Շրջկոմի առաջին քարտուղարը զանգահարում է կոլտնտեսություն ու խոսում նախագահի հետ.
-Արտասահմանցիները եկա՞ն։
-Եկան, արդեն գնացել են։
-Ու ամեն ինչ տեսա՞ն։
-Ամեն ինչ։
-Ե՛վ կիսաքանդ ֆերման, ե՛ւ սոված անասուններին, ե՛ւ գյուղխորհրդի մոտի փոսը, մոլախոտերով պատած դաշտերը, հարբած մեխանիզատորների՞ն։
-Ամեն ինչ տեսա՛ն։
-Բա ի՞նչ անենք։
-Է՜հ, նրանց հերն էլ անիծած, թող զրպարտե՛ն։
Եթե սկսենք գնահատել հայրենի նախարարների աշխատանքը փոքրիշատե համարժեք արտահայտություններով, ապա կարող է ստացվել հասարակական բարոյականության համատարած անարգանք։ Ուստի, կարծում ենք, հարկ է ընտրել իտալացիների ճանապարհը։
Պալացցո Պուբլիկոյում՝ Ժողովրդական պալատում, ինչպես կոչվում է Սիենայի քաղաքապետարանը, կա հանրահայտ Խաղաղության դահլիճը՝ լավ եւ վատ կառավարությանը այլաբանորեն պատկերող որմնանկարներով։ Նկարիչ Ամբրոջո Լորենցետտին նկարել է դրանք 700 տարի առաջ, եւ այդ աշխատանքները մշտապես հետաքրքրություն կառաջացնեն։
Որմնանկարը ցույց է տալիս, թե ինչպես են ծաղկում երկրները, երբ իշխում են Խաղաղությունը, Արդարությունը, Չափավորությունն ու Ողջամտությունը։ Լորենցետտին պատկերել է նրանց հիասքանչ զգեստներով երիտասարդ կանանց տեսքով, որոնք վայելչատես կեցվածքով նստած են թագավորի կողքին։
Նրանց գլխավերեւում ճախրում են Հավատը, Սերը, Հույսը, իսկ Համերաշխությունը՝ ասեղնագործ պատմուճանով ու մազերի մեջ ոսկե ապարոշով, փոխանցում է արդարության ժապավենը քաղաքացիներին։
Վատ կառավարությունը պատկերելու համար Լորենցետտին ընտրել է սարսափազդու արտաքինով կերպարներ. թագավորի գլխին սատանայի պոզեր են, նրա խորհրդատուներն են Պատերազմը, Խռովությունն ու Ստրկացումը, հրեշակերպ Պառակտումը կործանում է հասարակական բարօրությունը։ Ինչեւէ, ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում կտրուկ աճում է թուլամիտ հիվանդների թիվը։ Ներկայումս այդպիսիք մոտ 40 միլիոն են, 2030 թվականին կհասնի 65,7 միլիոնի, իսկ 2050 թվականին՝ 115,4 միլիոնի։
Այդ հիվանդությունը շատ դեպքերում ենթակա է բուժման կամ որոշակի փուլում «սառեցման», բայց խնդիրը ժամանակին ախտորոշումն է։ Առայժմ նույնիսկ զարգացած երկրներում թուլամտության դեպքերի 50-80 տոկոսը մնում է չբացահայտված, էլ չենք խոսում արդեն ավելի աղքատ երկրների մասին։
Ճիշտ է, հայրենի պաշտոնյաներին ախտորոշում տալու առումով դժվարություններ կարծես թե չպետք է առաջանան, բայց փոխարենը՝ չի կարելի հպարտանալ բուժման հարցում ձեռք բերած հաջողություններով։
Ներկայիս կառավարության օրոք ժողովուրդը, իհարկե, չսկսեց ավելի լավ ապրել, իսկ շուտով շատ ավելի վատ կապրի։ Բայց մեր բնակչությունը արժանավայել կյանքի փորձ չունի։ Իր մասնակցությունը սեփական կյանքին չի ընդունում եւ մթագնած գիտակցության մեջ մակերես ելնող հույզերից վեր է դասում երկու երկրորդական, բայց անհաղթահարելիները. երբեք չունեցածի պատրանքային կորստի զգացումը եւ իրական նախանձը ինչ-որ մեկի ունեցածի հանդեպ։
Երկրի կենվորներից շատերը չեն զգում իրենց մեր մեծ հյուրանոցի ո՛չ տերեր, ո՛չ էլ հյուրեր։ Աղախիններ, խոհարարներ, սանտեխնիկներ, հսկիչներ, երաժիշտներ. բոլորը երազում են, որ իրենց ղեկավարեն ու ստորացնեն արդարացիորեն։ Ժողովրդական զանգվածների հոգեբանությունը, անկախ նրանից, թե ինչ ազգության են պատկանում, ընդհանրապես հաճախ անըմբռնելի է։
Մի անգամ վիճակվեց կարդալ նախկին բելգիական Կոնգոյում աշխատած լրագրողի հուշերը։ Այդ երկրի բնակչությունը գործնականում գոյատեւում էր համատարած ահավոր չքավորության մեջ։ Նախագահ Մոբուտուն ցանկացավ հանդիպել ժողովրդի հետ, ինչի համար մայրաքաղաքի 40 հազար հանդիսատես տեղավորող Տատա Ռաֆայել մարզադաշտ քշեցին քաղաքացիների համապատասխան քանակ։ Ցնցոտիավոր եւ ակնհայտորեն թերսնվող կոնգոլեզցիներն առանց խանդավառության դիմավորեցին Մոբուտուին, որը մարզադաշտի վազքուղի մտավ ահռելի, լաքապատ ու քրոմապատ նոր «Կադիլակով»։
Նախագահը սրընթաց բարձրացավ ամբիոն ու հարցրեց լսարանին. «Ձեզ դո՞ւր է գալիս իմ մեքենան»։
Ամբոխի մոտ կանգնած եվրոպացի լրագրողները վախվորած կուչ եկան. «Նա, ինչ է, խելագարվե՞լ է, այս ի՞նչ հարցեր է տալիս։ Նրան հիմա պատառ-պատառ կանեն, եւ մեզ էլ հետը...»։
Իսկ Մոբուտուն շարունակեց. «Այս մեքենան ինձ նվիրեց ամերիկյան դեսպանատունը։ Բայց որպեսզի ոչ ոք չհանդգնի ասել, թե ձեր նախագահը ծախվել է ամերիկացիներին, ես փող վերցրի պետական գանձարանից, ձեր փողերը, ու վճարեցի այս մեքենայի համար»։
Եվ հենց այս խոսքերի վրա մարզադաշտը բառացիորեն պայթեց հրճվալից ճիչերից. «Պրեզիդենտ օյե՜ (կեցցե՛), Մոբուտու օյե՜»։ Ի դեպ, Մոբուտուն իշխանության ղեկին մնաց 32 տարի եւ փառաբանվեց մասնավորապես նրանով, որ արգելեց կոնգոլեզցիներին պիջակ, եվրոպական վերնաշապիկ հագնել ու փողկապ կապել։
Ահա այսպիսի բաներ։ Ինչպես ասել է Ռաբինդրանատ Թագորը Ալբերտ Էյնշտեյնի հետ զրույցում, «գոյություն ունի Բրահման, բացարձակ ճշմարտությունը, որը չի կարելի ըմբռնել առանձին անհատի բանականությամբ կամ նկարագրել բառերով։ Այն ճանաչվում է միայն անսահմանության մեջ անհատի բացարձակ ընկղմման ճանապարհով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը