10 11 2018

Ձեր ինչի՞ն է պետք ծրագիրը, եթե ունեք Փաշինյան․ «Հայոց աշխարհ»

Ձեր ինչի՞ն է պետք ծրագիրը, եթե ունեք Փաշինյան․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, բազմաթիվ կենդանիներ օժտված են բնական աղետների գալուստը արհավիրքից ժամեր, նույնիսկ օրեր առաջ կանխազգալու ունակությամբ։   Թե հատկապես ինչպես է հաջողվում կենդանիներին իմանալ, օրինակ, մոտալուտ երկրաշարժի մասին, առ այսօր հայտնի չէ։ Հնարավոր է, որ նրանք զգում են օդի էլեկտրականացումը կամ որսում ջրի, օդի, լեռնային ապարների ամենաթույլ տատանումները։  

Բայց բոլոր դեպքերում, հենց որ կենդանին զգում է բնական աղետի մոտենալը, տեղնուտեղը միջոցներ է ձեռնարկում իր եւ ձագերի փրկության համար։  

Մոտեցող բնական աղետի ամենազգայուն բարոմետրը մկներն են։ Նրանք զգում են վտանգը 15 օր առաջ։ 10 օր առաջ զգում են գալիք երկրաշարժը ձկներն ու օձերը։ Երկու-երեք օր առաջ՝ շները, հավերը, փասիանները։ Աղետից մեկ օր առաջ փրկության ուղիներ են սկսում որոնել աղավնիները, խոզերը, ձիերը, կովերն ու ոչխարները։ Կատուները, ինչպես վայրի, այնպես էլ ընտանի, կանխազգում են վտանգը մի քանի ժամ առաջ։  

Դժվար չէ նկատել, որ «հեղափոխական» իշխանության ներկայացուցիչները ավելի զգայուն են մոտեցող աղետների հանդեպ։ Մինչեւ դեկտեմբերի 9-ի ընտրությունները դեռեւս մեկ ամիս կա, իսկ սրանք արդեն դեսուդեն են նետվում։ Գերազանցեցին նույնիսկ մկներին։ Դե, իսկ որ յուրաքանչյուր ընտրություն հայոց աշխարհում, անկախ ակնկալվող արդյունքներից եւ ուժերի հարաբերակցությունից, իսկական աղետ է, հայտնի է բոլորին։  

Բայց եթե կենդանիները, կանխազգալով աղետի գալուստը, փորձում են պարզապես հեռանալ վտանգավոր տարածքից, ապա իշխանավորները նման ծայրահեղ իրավիճակներում ձգտում են դրսեւորել առավելագույն երեւակայություն։ Եվ պետք է ընդունել՝ որոշ դեպքերում դա նրանց հաջողվում է։ Օրինակ, «Քաղպայմանագրից» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, խոսելով ընտրություններում իր կուսակցության հնարավորությունների մասին, հայտարարեց. «ՔՊ-ի հույսը իր ծրագիրն է։ Մենք նույն ծրագրով ներկայանալու ենք ե՛ւ մարզերում, ե՛ւ Երեւանում»։  

Սա, բարեկամներս, զգուշավոր լավատեսություն է ներշնչում։ Կարելի է ասել՝ նույնիսկ լավատեսություններ։ Վստահ չենք, որ հայրենի քերականությունը թույլ է տալիս այստեղ հոգնակի թվի գործածումը։ Բայց տվյալ դեպքում կանոններից այդ շեղումն արդարացված է թվում։ Չէ՞ որ մինչ այժմ մենք բոլորս կարծում էինք, թե ՔՊ-ի միակ հույսը Նիկոլ Փաշինյանն է։  

Իսկ այժմ, պարզվում է, իշխանությունը, բացի Փաշինյանից, ունի նաեւ ծրագիր։ Եվ ինչպե՛ս էր սրանց հաջողվում ամբողջ կես տարի թաքցնել սույն երջանկավետ հանգամանքն ամենքից։ Չէ՞ որ բոլորս ողջ այդ ընթացքում ուժասպառ եղանք՝ աղաչելով իշխանությանը ներկայացնել գոնե ինչ-որ ծրագիր՝ թեկուզ մեկ ոլորտում։  

Իսկ ի պատասխան մեզ առաջարկում էին Նիկիտա Խրուշչովի «ԽՄԿԿ ծրագրի մասին» զեկուցման կարգի ինչ-որ բան, որով առաջնորդը հանդես եկավ 1961 թվականի հոկտեմբերի 18-ին ԽՄԿԿ XXII համագումարում։ ԿԿ առաջին քարտուղարն ու կառավարության ղեկավարը խոստացավ, որ մինչեւ 1980 թվականը երկրում կոմունիզմ կառուցված կլինի. «Երկու տասնամյակների ընթացքում ԽՍՀՄ-ում կստեղծվի կոմունիզմի նյութատեխնիկական բազա։ Դա գլխավոր տնտեսական խնդիրն է, կուսակցության գլխավոր ուղեգծի հիմքը»։  

Եվ դահլիճում նստածները բուռն ծափահարում էին։ Ինչպես ծափահարում էին Խրուշչովի յուրաքանչյուր հայտարարությունից հետո՝ այն մասին, թե տնտեսության ինչ բարձունքներ նվաճված կլինեն 1980 թվականին։  

Իսկ առաջին քարտուղարի ճառի գլխավոր հատվածն այնուհետ երկրով մեկ տիրաժավորվում էր մամուլում եւ ցուցապաստառների վրա. «Կոմունիզմի հաղթանակը միշտ եղել է լենինյան կուսակցության նվիրական, վերջնական նպատակը։ Այժմ այդ երազանքը՝ կոմունիզմը, իրականություն է դառնում։ Ոչ միայն մեր սերունդները, այլեւ մենք՝ ձեզ հետ, ընկերներ, խորհրդային մարդկանց մեր սերունդը կապրի՛ կոմունիզմի օրոք։ Դրա գիտակցումը թեւավորում է խորհրդային յուրաքանչյուր մարդուն, նրա մեջ ծնում չտեսնված էնտուզիազմով ապրելու եւ աշխատելու ցանկություն»։   

Թե որքանով են թեւավորել «հեղափոխական» իշխանության եւ Փաշինյանի խոստումները ակտիվիստներին, ինչ ցանկություններ են ծնել նրանց մեջ, մենք չէ, որ պիտի դատենք։ Մեզ հենց սկզբից պարզ էր, որ այդ ամենը կավարտվի ինչպես կոմունիզմի կառուցման պարագայում։  

Ուստիեւ բուռն ծափահարությունների փոխարեն սովորաբար նախընտրել ենք վերընթերցել Մատթեոսի Ավետարանը. «Մովսեսի աթոռին նստեցին օրենսգետներն ու փարիսեցիները. ամեն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արե՛ք եւ պահեցե՛ք, բայց մի՛ արեք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում։   

Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերին, բայց իրենք մատով անգամ չեն կամենում շարժել դրանք... Սիրում են ընթրիքների ժամանակ պատվավոր տեղերը, ժողովարաններում՝ նախապատիվ աթոռները եւ հրապարակներում ողջույններ առնել ու մարդկանցից կոչվել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ»։  

Լավ, ունենալով Փաշինյան, էլ ի՞նչ ծրագրի մասին կարելի է մտածել, Ադամի ու Եվայի զավակներ։ Խոսք կարող է լինել միայն երազանքների մասին։ Օրինակ, ժողովրդի հավերժ սիրո։ Այստեղ հարկ է նկատել, որ ժողովրդի սերը նվաճելը չափազանց բարդ է. տվյալ դեպքում խնդիրը չի սահմանափակվում ո՛չ հարաբերությունների տեւականությամբ, ո՛չ էլ դրամական ողորմություններով։ Սիրում են, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ինչ-որ իռացիոնալ բանի համար։  

Իդեալական, միշտ սիրող ժողովուրդ բուծելը հիրավի արժանավայել խնդիր է նոր իշխանության համար։ Այդպիսի ժողովրդի գլխավոր նպատակը բնավ զարգացումը չէ, ոչ էլ կատարելագործումը կամ արտադրությունը, երեխաների դաստիարակությունը, ոչ էլ անգամ հոգեւոր էվոլյուցիան, այլ հենց իշխանավորների պահանջմունքների բավարարումը։ Իսկ իշխանավորի պահանջմունքը մեկն է։ Որ ժողովուրդն իրեն սիրի։   

Մինչդեռ իսկական նախընտրական ծրագրերը մեզ համար չեն, այլ նորմալ ժողովրդավարական երկրների, որտեղ մարդիկ քվեարկում են ոչ թե պարոն X-ի կամ տիկին Y-ի, այլ նրանց ծրագրերի օգտին. տնտեսական ու քաղաքական։ Ծրագրերի եւ թեկնածուների որակը հիմնավորապես ստուգվում է ամեն օր, ամիսներ շարունակ։ Ամենասուր քննարկումներով, հրապարակային վերլուծությամբ, ճակատով մեկ մրցակիցների գրոհներով։  

Շնորհիվ այս ամենի՝ ժողովուրդը ստանում է ոչ թե հայրենիքի փրկիչ, այլ կառավարիչ, որը մյուսներից ավելի պիտանի է (ընտրողների կարծիքով) երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար։   

Իսկ «Քաղպայմանագիրը» ընդամենը Մաքս Վեբերի նկարագրած կուսակցությունն է. «Մարդկանց ոչ մեծ թվաքանակ, շահագրգռված նախեւառաջ քաղաքական իշխանությանը մասնակցությամբ, որոնք իրենց համար ստեղծում են շքախումբ, հավաքում դրամական միջոցներ, ձեռք բերում լծակներ ու ձեռնամուխ լինում ձայների որսին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ