«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այն բանից հետո, երբ երեկվա լրահոսում հանդիպեց 4-րդ, թե 5-րդ հրապարակումը առ այն, որ ՔՊ-ական այս կամ այն պաշտոնյան առաջադրվելու է տարածքային ցուցակով, որն ավելի շուտ հայտնի է որպես «ռեյտինգային ընտրակարգ», որոշակի հանգամանքներ «տեղն ընկան», զուգահեռաբար՝ որոշ հարցեր էլ ծագեցին:
Ակնհայտ է, որ «Քաղպայմանագիրը», որ հանդես է գալու «Իմ քայլը» դաշինքով, որոշել է իր ներկայացուցիչներին ակտիվորեն առաջադրել, այսպես ասած, «ռեյտինգայինով»: Ամենայն հավանականությամբ, դա հենց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը կամ մտահղացումն է:
Ըստ այդմ, ՔՊ-ական նախարարների մեծ մասը այդ կարգով, կամ ինչպես առավել «զարգացածներն» են ասում՝ «ռեյԾինգայինով», առաջադրվելու է պատգամավորի թեկնածու: Երեկ այդ առաջադրումային անցուդարձին միացան արդեն տարածքային կառավարման պաշտոնյաները, ի դեմս Արարատի, Կոտայքի, Շիրակի մարզպետների:
Փաստորեն «ռեյտինգայինով» թեկնածուներ առաջադրելու հարցում ընդգրկուն ակտիվություն է դրսեւորում հենց այն ուժը, որը տվյալ ընտրակարգի կիրառման երդվյալ, չենք վախենա ասել՝ գաղափարական հակառակորդն էր: Է՜հ, պարոնայք եւ տիկնայք, եթե այդքան վատ ու անընդունելի բան էր ձեզ համար այդ «ռեյտինգայինը», ապա ի՞նչն էր ձեզ խանգարում դրսեւորել քաղաքական մոտեցում ու կամք եւ գործո՛վ, քաղաքական վարքո՛վ ցույց տալ դա:
Պարզ ասած, ընդհանրապես չոգտվել ռեյտինգային կարգով կամ որ նույնն է՝ տարածքային ցուցակներով թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից: Այսինքն՝ այդ կերպ հանրությանը, ժողովրդին ասելով՝ տեսեք, չնայած Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, ու միառժամանակ հիշյալ կարգը մնաց, բայց այդ ռեյտինգայինն այնքան վատն է, որ իսկի չենք էլ ուզում օգտվել դրանից: Ի վերջո, դուք էլ հո անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունե՞ք:
Հրաշագեղ մյուս հանգամանքն էլ այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը այսպիսի պատրաստականություն եւ ակտիվություն է դրսեւորում ռեյտինգայինով առաջադրվելու հարցում, ապա միգուցե այնքա՞ն էլ տարօրինակ չէ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովում «անցկացնելու» համար ընդամենը 1 ձայն չբավականացրեց:
Դա «հեղափոխական օրերին» էր, որ Նիկոլ Փաշինյանը երկու ոտքը մեկ մաշիկում դրած ասում էր, թե՝ չէ որ չէ՛, չենք համաձայնի հին կամ եղած Ընտրական օրենսգրքով գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների: Հետո նա փորձեց վարչապետական ֆրակը, հագով էր, թե հագով չէր՝ այլ հարց է, բայց ակնհայտորեն դուրն եկավ, եւ հիմա արդեն կարեւոր չէ, կամ ո՞վ է հիշում, չէ՞, թե ինչ կամ ինչեր են ասվել ինչ-որ մի 5-6 ամիս առաջ:
Ամենակարեւորը. ամենատարբեր նախարարների, մարզպետների, էլ չենք ասում՝ նրանց տեղակալների եւ գործադիր իշխանության, տարածքային կառավարման մարմինների այլ ներկայացուցիչների ակտիվ ներգրավումը տարածքային (ռեյտինգային) ցուցակներում ընդամենը նշանակում է, որ «Իմ քայլը» առաջիկա արտահերթ ընտրություններում լայնորեն օգտագործելու է վարչական ռեսուրս ասվածը: Թե՞ ՔՊ-ական մարզպետները ոչինչ չեն ասելու, օրինակ, համայնքապետերին:
Եվ հետո, մի՞թե Դանիել Իոաննիսյանն ու մյուսները հետեւելու են, որ ՔՊ-ական նախարարների պաշտոնակատարները, փոխնախարարներն ու մարզպետները ծառայողական մեքենաներով չգնան նախընտրական հանդիպումների, ծառայողական վառելիք չօգտագործեն, չօգտվեն ծառայողական հեռախոսներից՝ ընտրարշավի շրջանում եւ այդպես շարունակ:
Մենք դա քիչ հավանական ենք համարում եւ հակառակը՝ լիարժեք հավանական ենք համարում այդ «վարչական ռեսուրսների» օգտագործումը իշխող ուժի կողմից:
Ու մեզ պետք չէ հակադարձել՝ «բա որ առաջ...» ծեծված արտահայտությամբ: Նախ, որովհետեւ «բա որ առաջ...»-ը արդեն անցյալում է: Եվ ամենակարեւորը. եթե դուք շարունակ հակադարձելու եք՝ «բա որ առաջ...», ուրեմն մենք էլ բոլոր հիմքերն ունենք ասելու՝ «բա էլ ի՞նչ տարբերություն»:
Երրորդ՝ այդ «բա որ առաջ...»-ներում հենց նշված արտահայտությունն ասողներն էին բորբոքվում վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորությունից ու նման բաներից: Կամ էլ, պիտի ընդունեք, որ այդ բորբոքվածությունը ոչ թե դրա օգտագործմամբ էր պայմանավորված, այլ նրանով, որ իրե՛նք չեն օգտվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը