«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Պաշտոնական տվյալներով, այս տարվա երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է։ Եթե առաջին եռամսյակում գործազուրկ է եղել բնակչության 20,6, ապա երկրորդում՝ 20,2 տոկոսը։
Սակայն սա էլ չի նշանակում, որ իշխանափոխությունից հետո աշխատատեղերը Հայաստանում ավելացել են։ Իրականում նման բան տեղի չի ունեցել։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ գործազրկության մակարդակը մեր երկրում շարունակել է մնալ խիստ բարձր։
Ավելին՝ առանց վարանելու կարելի է պնդել, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում իրական աշխատատեղերը ոչ միայն չեն ավելացել, այլեւ նվազել են։ Դրանում դժվար չէ համոզվել ընդամենը մեկ-երկու ընկերության օրինակով։ Միայն Ամուլսարի ծրագրի կասեցման եւ Վանաձորի պղնձաձուլարանի գործունեության դադարեցման հետեւանքով փակվել է գրեթե 2 հազար աշխատատեղ։
Այնպես չէ, որ աշխատատեղերն ավելացել են այլ ընկերություններում։ Դրա համար անհրաժեշտ են առաջին հերթին նոր ներդրումներ, որոնք գրեթե չկան։ Ակտիվությամբ չի փայլում նաեւ գործող բիզնեսը։
Իշխանափոխությունից հետո Հայաստանում տիրող քաղաքական ու տնտեսական վիճակը բարենպաստ չէ տնտեսության ակտիվացման համար։ Կառավարության գործողությունների հետեւանքով բիզնեսը ոչ միայն հակված չէ հանդես գալ նոր նախաձեռնություններով, այլեւ ստիպված է մտածել սեփական անվտանգության ու հետապնդումներից խուսափելու մասին։ Պատահական չէ, որ տնտեսական գործընթացներն ընդլայնվելու փոխարեն գնալով սեղմվում են։ Չկան զարգացման, առավել եւս նոր աշխատատեղերի բացման ծրագրեր։ Ճիշտ է, այս ընթացքում կառավարությունը որոշ ընկերությունների տվել է հարկային եւ մաքսային արտոնություններ՝ բիզնես գործունեության իրականացման համար։ Այն ենթադրում է նաեւ որոշակի քանակության աշխատատեղեր։ Բայց դա անսովոր երեւույթ չէ եւ բնավ էլ առաջին տարին չէ, որ կառավարությունը նման արտոնություններ է տրամադրում։
Հասկանալի է, որ ժամանակ է պետք այդ արտոնությունների շրջանակներում նոր աշխատատեղեր ստեղծելու համար, թեեւ դրանք սովորաբար փոքր թվեր են։ Այնպես որ երկրորդ եռամսյակում գործազրկության կրճատում, եթե նույնիսկ ինչ-որ չափով եղել է նոր աշխատատեղերի ստեղծման հաշվին, ապա դա ոչ այնքան գործող, որքան նախորդ կառավարության աշխատանքի արդյունքն է։ Իշխանափոխությունից հետո դժվար է հիշել որեւէ քիչ թե շատ նշանակալի ծրագիր, որի շրջանակներում, ասենք, 50 կամ 100 աշխատատեղ է բացվել։
Հարց է առաջանում. այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում արձանագրված գործազրկության մակարդակի կրճատումը։
Դա ունի բացատրություն։ Սակայն խնդիրը բնավ էլ նոր աշխատատեղերի ստեղծման հետ չի կապված։ Գործազրկության մակարդակի կրճատումը հիմնականում թաքնված աշխատատեղերի հայտարարագրման արդյունք է։ Իշխանափոխությունից հետո այս առումով իսկապես առաջընթաց կա։ Հաշվի առնելով կիրառվող դեպրեսիոն գործողությունները՝ տնտեսավարողները ստիպված էին բացահայտել նախկինում ցույց չտրվող աշխատատեղերը։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա ընթացքում Հայաստանում հայտարարագրվել է 37 հազար նոր աշխատատեղ։ Անշուշտ նախկինում եւս նման բացահայտումներ կային, բայց ծավալները համեմատաբար փոքր էին։ Անկախ այդ հանգամանքից, թաքնված աշխատատեղերի հայտարարագրումը որեւէ կապ չունի նոր աշխատատեղերի ստեղծման հետ, որի անհրաժեշտությունը Հայաստանում եղել եւ շարունակում է մնալ։
Այնպես չէ, որ 37 հազար քաղաքացի այս տարի աշխատանք է գտել։ Այդ աշխատատեղերն ըստ էության կային նաեւ նախկինում, եւ այդքան մարդ նույն հաջողությամբ աշխատում էր, այսպես ասած, հարկային մարմինների աչքից հեռու։
Թաքնված աշխատատեղերի հայտարարագրումն անշուշտ դրական է պետական բյուջեի եկամուտների տեսանկյունից։ Այն դրական է անդրադառնում նաեւ գործազրկության ցուցանիշների վրա։ Բայց դրանից գործազրկության իրական պատկերը չի փոխվում։ Ինչպես վկայում են պաշտոնական ցուցանիշները, Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի աշխատանք չունի։ Սա լուրջ խնդիր է, որը կարող է լուծվել բացառապես տնտեսական գործընթացների ակտիվացման եւ ներդրումների իրականացման միջոցով։
Այս պահին նման հեռանկարներ չկան։ Առաջիկայում եթե նույնիսկ շարունակվի գործազրկության ցուցանիշների բարելավումը, ապա լինելու է հիմնականում թաքնված աշխատատեղերի հայտարարագրման հաշվին։
Թեեւ դա եւս քիչ հավանական է։ Ինչպես հայտնի է, կառավարությունը պատրաստվում է կտրուկ համալրել գործազուրկների բանակը։ Նախատեսվում է կրճատել պետական հատվածում աշխատող շուրջ 100 հազար անձի, որոնց որեւէ այլընտրանք չի առաջարկվում։ Հասկանալի է, որ այդ մարդիկ համալրելու են գործազուրկների շարքերը կամ ստիպված են լինելու աշխատանք գտնելու ակնկալիքով, բռնել երկրից հեռանալու ճանապարհը։ Տարիներ շարունակ գոյություն ունեցող արտագաղթի հիմնական պատճառներից մեկը, եթե ոչ ամենակարեւորը, եղել է աշխատանքի բացակայությունը։
Այսօր էլ բազմաթիվ քաղաքացիներ փորձում են իրենց հանապազօրյա հացը վաստակել օտարության մեջ, քանի որ Հայաստանում չեն կարողանում գործ գտնել՝ ընտանիքի գոյությունը պահպանելու համար։
Չնայած իշխանափոխությունից հետո հասարակության շրջանում ձեւավորված դրական սպասումներին, այնուհանդերձ կառավարությունն առայժմ ոչինչ չի կարողանում անել՝ մարդկանց աշխատանքով ապահովելու եւ կուտակված սոցիալական խնդիրները ինչ-որ կերպ թեթեւացնելու համար»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը