«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Դեռ պաշտոնական ընտրարշավն անգամ չի մեկնարկել, բայց իշխող «Քաղպայմանագրի» որոշ ներկայացուցիչներ շտապում են կանխորոշել քվեարկության արդյունքները: Առանձնապես շատ է սիրում այդ «գործով զբաղվել» ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա իր իմացած մի քանի «երգը» փաթեթավորում է կանխատեսմամբ, թե որ ուժը քանի ձայն է ստանալու սպասվող արտահերթ ընտրություններում:
Կարծում ենք, բուն հարցը, այնուամենայնիվ, այն չէ, թե որ ուժը քանի տոկոս կստանա առաջիկա ընտրություններում: Կլինի պայքար, կլինեն ընտրությունները, արդյունքները կամփոփվեն, բոլորս կիմանանք: Շատ ավելի խորքային ու էական հարցեր կան:
Իսկ այդ էական հարցերի շարքում առանցքայիններից մեկն այն է, որ եթե իսկապես կա բնականոն քաղաքական զարգացման ցանկություն, ապա երկրում իշխանությունից բացի պետք է ունենալ իրական ընդդիմություն: Առավել եւս՝ խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում պարտադի՛ր է ունենալ խորհրդարանական ընդդիմություն: Հենց այդ անհրաժեշտությունն է նկատի առնված գործող սահմանադրության մեջ, այն դրույթով, ըստ որի, իշխող ուժը չի կարող 2/3-ից ավելին լինել, իսկ տեղերի 1/3-ը պետք է անցնի ընդդիմադիրներին:
Բայց այստեղ մեկ այլ կարեւոր հարց է ծագում: Ո՞ր ընդդիմադիրների մասին է խոսքը: Արդեն իսկ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքն այն է, որ խորհրդարանում այդ 1/3-ն էլ զբաղեցնեն յուրայինները, որոնք ընդդիմություն կխաղան՝ իրականում չլինելով այդպիսին:
Ակնհայտ է, որ այսօր միակ ընդդիմադիր ուժը, ըստ էության, Հանրապետական կուսակցությունն է: Ի տարբերություն մյուս բոլոր քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն միակն է, որ հետիշխանափոխական ժամանակահատվածում հստակ պահպանել է ընդդիմադիր կեցվածքը, կոնկրետ դիրքորոշումներ արտահայտել առավել մտահոգիչ երեւույթների հետ կապված:
Ու իսկապես կարեւոր է, որ ՀՀԿ-ն լինի իրական խորհրդարանական ընդդիմությունը: Ու պարզ է, որ դա միայնգամայն հնարավոր ու իրատեսական տարբերակ է, անկախ որոշ կեղծ-պայծառատեսների «կանխատեսումներից»:
Առանց ուժեղ ու ընդգծված, եթե կուզեք՝ իրական խորհրդարանական ընդդիմության, մնացած բոլոր ուժերի՝ հաջորդ Ազգային ժողովում հայտնվելը դառնում է անէական ու զուտ ձեւական մի բան: Կարճ ասած, նրանք, ովքեր մտասեւեռվել են միակ ընդգծված ընդդիմությանը խորհրդարան չթողնելու վրա, իրականում ցանկանում են, որ առաջիկա արտահերթ ընտրություններում պարտվեն բոլորը, եւ առաջին հերթին՝ իրենց սիրելի «հեղափոխությունը», որի մի ամբողջ շարք ներկայացուցիչներ արդեն իսկ բացահայտորեն դրսեւորում են «վիշապանալու» նախանշաններ ու կոնկրետ նշաններ:
Եվ, հակառակը, հաջորդ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության գոյությունը առաջին հերթին թույլ է տալու գոնե ինչ-որ հակակշիռ ունենալ սկզբունքորեն անսահմանափակ լիազորություններով օժտված ու անվերահսկելի իշխանությանը:
Ու, պետք է նկատել՝ ՀՀԿ-ն ունի երկրորդ տեղը գրավելու (հասկանալի է՝ ձայնային նկատելի ինտերվալով) իրական հնարավորություն: Դա, առանց չափազանցության, կարելի է համարել Հայաստանի առաջիկա ժողովրդավարական առաջխաղացման ու քաղաքական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ պայման:
Դա, հուսանք, ընկալում են նույնիսկ իշխանական ճամբարում գտնվող առանձին անհատներ, որոնք քաղաքականության մեջ չեն առաջնորդվում անձնական ատելությամբ ու անհատական հաշիվներ պարզելու փակուղային-էմոցիոնալ մոտեցումներով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը