06 11 2018

Իշխանության փոքրիկ ու անհամ հաղթանակը․ «Հայոց աշխարհ»

Իշխանության փոքրիկ ու անհամ հաղթանակը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Եվ այսպես. անցած շաբաթ խորհրդարանը արձակվեց օրենքի ուժով, եւ ձգձգված ֆարսը վերջապես ավարտվեց։  

Իշխանությունը կուլ տվեց իր փոքրիկ ու անհամ հաղթանակը կարծես թե առանց օրգանիզմի համար առանձնակի հետեւանքների։ Հաղթական ուտեստը մատուցվեց հապշտապ, սեղանի սպասքն ակնհայտորեն ժանգոտ ու ծռմռված էր, բուն հաղթանակը՝ չափազանց վատ պատրաստված։  

Ոչ մի անհրաժեշտ ախտահանիչ միջոց միջատների վերացման ուղղությամբ, որոնք ապականեցին հաղթանակը՝ նախքան այն կբերեին ծխարձակող խոհանոցից Փաշինյանի սեղան, իհարկե չձեռնարկվեցին, եւ հաղթանակը վերջնականապես փչացավ ու սկսեց վատ հոտ արձակել։  

Իրենք՝ մատուցողները, հյուրասիրելով հաղթանակով, ծաղրալից քմծիծաղով նախազգուշացնում էին, որ տվյալ ուտեստը չափազանց ցածր հոգեբանական կալորիականություն ունի եւ դժվար թե բարենպաստ անդրադառնա օգտագործողի առողջության վրա։   

Նորմալ մարդը, եթե ճաշարանում նրան առաջարկեն ընտրել հոտած կամ բորբոսնած կարտոֆիլ, անպարկեշտ կհայհոյի մատուցողին ու կհեռանա այնտեղից։ Մեր քաղաքական խոհարարներն արեցին ամեն ինչ, որ «քաղաքականություն» բառը լսելիս ստամոքսդ ոլորվի։ Խոստովանենք՝ դա նրանց հաջողվեց։  

«Թատրոնը փակվում է, մեր բոլորի սիրտը խառնում»,- ասում է աղջնակը Խարմսի ստեղծագործության մեջ։ Մեր քաղաքական թատրոնում ամեն ինչ բնավ այդպես չէ։ Բոլորովին այդպես չէ։ Դերասան-ռեժիսորները գերազանց են զգում իրենց։ Սրտխառնոցով տառապում են հանդիսատեսները։  

Իսկ ընդհանրապես այնպիսի տպավորություն է, թե քաղաքականության մեջ լինում են բերքառատ տարիներ, ինչպես բնության մեջ. այս տարի, ասենք, աներեւակայելի շատ է ծիրանը, իսկ հետո մի քանի տարի շարունակ տվյալ միրգը հանգստանում է, փոխարենը՝ բավական առատ է կարտոֆիլի բերքը։ Քաղաքական առումով մեզանում այժմ դաժան երաշտ է։   

«Հեղափոխական» իշխանությունների կատարմամբ մենք տեսնում ենք ոչ թե քաղաքական պայքար, այլ, թե կուզեք իմանալ, քաղաքական ահաբեկություն։ Թեեւ, եթե սթափ քննենք մարդկության պատմությունը, ապա դա ահաբեկության բոլոր դրսեւորումների հիանալի գրանցամատյան է։ Ահաբեկության վրա է թրմված մարդկային ողջ մշակույթը։  

Օրինակ չենք բերի քրեստոմատիական նմուշները, ինչպիսիք են Սոդոմն ու Գոմորը, որոնց բնակչությունը՝ երեխաների ու նրանց սրտաշարժ կավե խաղալիքների, ծերունիների, ընթրիքի համար կտրատած տաք հացի հետ մեկտեղ, մի ակնթարթում ոչնչացվեցին ու այրվեցին, հեղեղվեցին թթվուտի պես քայքայող ինչ-որ այլանդակությամբ եւ տանջալից մահացան մի չափազանց զվարճալի պատճառով. չհայտնաբերվեց տվյալ բնակավայրերում արդարակյացների պահանջվող թվաքանակ։  

Հումանիստական մյուս բեսթսելլերը, այսպես կոչված՝ «Ապոկալիպսիսը», ընդհանրապես գերձայնային ինքնաթիռի խելագարված օդաչուի տպավորություն է թողնում՝ միջուկային հրթիռների անսպառ պաշարով, որոնցով նա կրքոտ եռանդով արդուկում ու վարում է հողը, քաղաքները, անտառները, կենդանիներին, գետերը, ճչացող փախստականների ամբոխներին, կամուրջները, պոլիկլինիկաները, ժողովուրդներին ու պետությունները՝ միասին վերցրած։  

Իսկ կազմակերպելով ողջ այդ վայրենությունը, բաբուինի պես գոռում է երջանկությունից ու սեփական հզորության գիտակցումից։ Ըստ որում՝ ոչ ոք արդեն չի մանրանում, առիթ չի փնտրում եւ արդարակյացներին չի հաշվում։ Ոչնչացնում են առանց որեւէ հասկանալի պատճառի։ Ոչ այն է` դաստիարակչական նպատակով, ոչ այն է` պարզապես վատ տրամադրության պատճառով։  

Համաահաբեկչական արժեքների վրա համաշխարհային մշակույթի հիմնված լինելու երկու պարզ օրինակ։ Այդպիսի օրինակներ կարելի է բերել 2587 անգամ շատ։ Վիճարկելը, համաձայնեք, դժվար է։  

Ինչեւէ, «հեղափոխական» իշխանությունների սերը քաղաքական ահաբեկության նկատմամբ միանգամայն բացատրելի է։ Չէ՞ որ սրանք հիասքանչ ու ոգով ուժեղ են միայն պատերազմի պայմաններում։ Հատկապես այն պատերազմի, որին, բացի իրենցից, ոչ ոք չի մասնակցում։ Հենց նման իրավիճակում է առավել ցայտուն դրսեւորվում սրանց էությունը։  

Այնինչ դեռեւս Սուրբ Եփրեմ Սիրիացին «Ութ գլխավոր կրքերի դեմ պայքարի մասին» երկում ուսուցանել է. «Ոչ մեկի հանդեպ ատելություն մի՛ տածիր սրտումդ ու չարությամբ մի՛ պատասխանիր չարին, այլ ձեռք բեր սեր, որը Սուրբ Գիրքը վեր է դասել ամենայն առաքինությունից, քանզի նույնացրել է հենց Իր՝ Արարչի հետ, ասելով. «Աստված սեր է»։  

Երբ ինչ-որ մեկը չարախոսի քո մասին, զայրույթով մի՛ բռնվիր, այլ անմիջապես համեստորեն, դեմքիդ ժպիտով, խաղաղության փոխարկիր նյարդայնությունը։ Հիշիր, սակայն, որ զայրույթի պահին ժպիտը մեկ ուրիշի մեջ է՛լ ավելի մեծ զայրույթ է բռնկում։ Ուստի նախ՝ խաղաղեցրու սիրտը, այնուհետ խոսիր ժպիտով։ Կրակը կրակով չի մարվում։ Եվ դու սիրով ու բարեհոգությամբ մարիր բորբոքված մարդու զայրույթը»։  

Բայց սուրբն իր քարոզներով անելիք չունի Նոր Հայաստանում։ Հայրենի քաղաքական դաշտն այսօր հիշեցնում է կոմունալ բնակարան։ Ըստ որում՝ կոմունալ բնակարաններից վատթարագույնը, ոչ մի Զոշչենկոյի չի հաջողվի պատկերել քաղաքական ընդհանուր խոհանոցը, որտեղ գործիչներն իրար կոկորդ են կրծում կաթսաների համար, թքում միմյանց ապուրի մեջ ու կռվում թավաներով։   

Եվ գլխավոր մեղքը անտարակույս ընկած է Փաշինյանի վրա, որը լենինյան տեսակի գործչի դասական ներկայացուցիչ է։ Լենինը, անշուշտ, հեղափոխական լուրջ մարտավար էր՝ բացառիկ ընդունակություններով։ Բայց նա զուրկ էր կարեւոր արժանիքից՝ կոալիցիաներում ընդգրկվելու ունակությունից։   

Երբեմն ժամանակավոր, հանուն այսրոպեական շահի կարող էր բարեկամանալ թեկուզ սատանայի հետ, բայց առավել հաճախ դա խաբեության միջոց էր, եւ նա շատ շուտով «քցում» էր այդ դաշնակիցներին ամենանենգ ձեւով։  

Լենինն ընդհանրապես այնքան էլ չէր կարողանում ընկերություն անել, փոխարենը գերազանց կարողանում էր սահմանազատվել. եւ սահմանազատվեց այնքան ժամանակ, մինչեւ մնաց փաստորեն մեն-մենակ։     

Հենց այդպիսին է նաեւ Փաշինյանը։ Նա ի վիճակի չէ երկխոսություն վարել, պայմանավորվել, թույլ տալ դաշնակցին փոքր-ինչ այլ կերպ նայել իրերին։ Վարչապետի պաշտոնակատարի հիրավի լենինյան չարացածությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։  

Օրինակ, դատելով ամենից, նա անկեղծորեն համոզված է, որ ընտրություններում իշխանության եւ ընդդիմության հնարավորությունները պետք է համեմատելի լինեն երկու լողորդների շանսերի հետ, որոնցից մեկը լողում է ջրում, իսկ մյուսը՝ ծծմբաթթվում։ Ըստ որում, թթվուտը երկրորդ լողորդի լողավազան կլցվի միայն վաղը, իսկ այսօր նրան թույլ են տվել լողալ դատարկ ավազանում։   

Ահա այսպիսի բաներ են կատարվում Նոր Հայաստանում։ Փոքր-ինչ մտահոգում է այն, որ չենք տեսնում առայժմ Աստծո մատը։ Եվ ավելին, չգիտենք, թե հատկապես որ մատը ցույց կտրվի Հայաստանին։ Լավ կլինի, եթե դա լինի բթամատը, որը նորմալ կշրջվի վեր կամ վար՝ արյունոտ բոլոր կրկեսների ավանդույթի համաձայն մատնանշելով, թե ով պիտի ապրի, իսկ ով՝ ավելի վատ ապրի։  

Բայց եթե հանկարծ դա լինի, մտածելն անգամ սարսափելի է, միջնամա՞տը։ Ողջ այս մառազմից մահու չափ հոգնած Արարչի նորմալ միջնամատը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ