02 11 2018

Պաշտոնակատարի վերջին խոսքը․ «Հայոց աշխարհ»

Պաշտոնակատարի վերջին խոսքը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Վերջին խոսքերից չի խուսափի ոչ ոք։ Վաղ թե ուշ դրանք ասելու հերթը հասնում է մեզանից յուրաքանչյուրին. խելամիտին ու հիմարին, արդարին ու մեղավորին, կուշտին ու սովածին, ազնվականին ու ռամիկին, ոսկեբերանին եւ ծանրալեզու տգետին։  

Ճիշտ է, լինում են նաեւ բացառություններ։ Մայքլ Հասթինգի «Տուսին այդ ես եմ» վեպում կա մի երկխոսություն. գուցե իրական, գուցեեւ հորինովի, մահամերձ Մարքսի ու նրա տնտեսուհի Ելենա Դեմուտի միջեւ.  

«-Ասա ինձ վերջին խոսքերդ, Կարլ։ Ես գրի կառնեմ դրանք։ Արտաբերիր մարդկությանն ուղղված վերջին բառերդ։ Ես կընդգրկեմ դրանք գիտական բոլոր հաստափոր գրքերում, որպես «մեծ անհատի խոսքեր»։   

-Հեռացիր, հանգիստ թող ինձ...

Վերջին խոսքերը վայել են միայն հիմարներին, որոնք ասելու ոչինչ չունեին կենդանության օրոք»։   

Երեկ լուծարվող խորհրդարանին վերջին խոսքերով դիմեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ասենք, դա ոչ այնքան վերջին խոսք էր՝ ուղղված պտգամավորներին, որքան ուղերձ՝ «Նոր Հայաստանի» հպարտ քաղաքացիներին։  

Ընդհանրապես «ուղերձ» բառը սերտորեն կապվում է Նոր Կտակարանի տեքստերին («Ուղերձ հռոմեացիներին», «Ուղերձ եբրայեցիներին», «Ուղերձ կորնթացիներին» եւ այլն)։ Եվ հարկ է ընդունել, որ Փաշինյանի ուղերձը ներշնչող զորության մակարդակով ոչնչով չէր զիջում ավետարանականներին։   

Պատահական չէ, որ պաշտոնակատարի ելույթի ավարտից հետո «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունների շարքերից հնչող Sancto subito («Սուրբ՝ հենց հիմա») հատուկենտ բացականչությունները գնալով ավելի բարձր ու համերաշխ էին դառնում։ Իսկ հետո կոչին ձայնակցեցին ՀՀԿ խմբակցությունից փախած առնետները՝ վանկարկելով. Sancto... subito...  

Նման մի բան տեղի էր ունեցել նաեւ Վատիկանում 2005 թվականի ապրիլին, երբ հանգուցյալ Հովհաննես Պողոս II պապի երկրային աճյունը հանգրվանեց «Վատիկանյան քարանձավներում»։  

Նա մահից հետո էլ ցույց տվեց, որ կարող է հրաշքներ գործել։ Բայց դե հրաշքների առումով Հովհաննես Պողոս II-ը Փաշինյանի համեմատ մանր ժուլիկ է։   Վերցնենք թեկուզ հրաժարականի հետ կապված պատմությունը, որից հետո վարչապետը երկու անգամ ստիպեց խորհրդարանին չվերընտրել իրեն։ Իսկական Հիսուս, մեղա Տեր։  

Եթե հիշում եք, հետեւորդների հետ զրույցներում Քրիստոսը հստակ ձեւակերպում է իր խնդիրը. սկզբում հասնել նրան, որ իրեն մատնեն ու մահապատժի ենթարկեն, իսկ հետո հարություն առնել (ինչպես Փաշինյանը արտահերթ ընտրություններից հետո) եւ դրանով իսկ ապացուցել անհավատներին իր աստվածային ծագումը։ Նույնիսկ երբ Հիսուսը դժբախտություն է կանխագուշակում իրեն մատնողի համար, գաղտնիք չի սարքում այն բանից, որ «մարդու Որդին աշխարհից կգնա ըստ սահմանվածի»։  

Առաքյալները («Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները) պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի Հիսուսի մարգարեությունն իրականանա, եւ հիշում են Տիրոջ առեղծվածային խոսքերը. «Նա, ով կկործանի իր հոգին հանուն Ինձ ու Ավետարանի, կպահպանի այն»։   Թեպետ մենք փոքր-ինչ չափազանցում ենք։ Իշխանական պատգամավորների աշխարհայացքը արմատական-հակաքրիստոնեական է։ Քանզի Քրիստոսը, ինչպես հիշում ենք, հերքեց աշխարհի բոլոր թագավորությունները։ Եվ ասում էր տարբեր բաներ. «Երանելի են հոգով աղքատները, քանզի նրանցն է երկնային արքայությունը»։   

«Երկրի վրա գանձեր մի՛ դիզեք, ուր ցեցն ու ժանգը կապականեն, ու գողերը պատ կծակեն ու կգողանան։ Այլ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, ուր ո՛չ ցեցը եւ ո՛չ ժանգը չեն ապականի, եւ ո՛չ էլ գողերը պատ կծակեն ու կգողանան։ Քանզի որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն»։   Բայց հայրենի իշխանավորների համար Փրկիչը դասական պարզամիտ ու հարիֆ է։ Քանզի գնում է հետեւողական մարգինալության ճանապարհով եւ ի վերջո չկարողացավ խուսափել խաչի վրա տանջալից վախճանից։   

Իսկ եթե Քրիստոսը հաշվենկատ ակտիվիստ լիներ, ապա կդառնար Պիղատոսի օգնականը, գուցեեւ (հանգամանքների բարենպաստ դասավորության դեպքում) իսկական Հրեից թագավոր։  

Վարչապետի պաշտոնակատարի վերջին խոսքի «տնտեսական մասին» հատուկ անդրադառնալ, կարծում ենք, կարիք չկա։ Գոյություն ունի իմաստուն մի առակ. ձմեռ է, ճնճղուկը սառչում է, ուր որ է՝ կսատկի։ Կողքից մի կով է անցնում ու մի կույտ թրքում ճնճղուկի վրա։ Ճնճղուկը թպրտում է, տաքանում, հանում գլուխն ու ծլվլում։ Տեղնուտեղը հայտնվում է կատուն ու խժռում ճնճղուկին։ Այստեղից խրատ. եթե նստած ես թրիքի մեջ՝ մի՛ ծլվլա։   

Նշենք միայն, որ երկրի տնտեսական հեռանկարները նկարագրելիս պաշտոնակատարը հարուստ երեւակայություն դրսեւորեց։ Ժամանակին Վ.Ի.Լենինը գրել է. «Զուր են կարծում, թե երեւակայությունը պետք է միայն պոետին։ Դա տխմար նախապաշարմունք է։ Այն պետք է նույնիսկ մաթեմատիկայում, նույնիսկ դիֆերենցիալ եւ ինտեգրալ հաշվարկի հայտնագործումն անհնար կլիներ առանց երեւակայության։ Երեւակայությունը մեծագույն արժեք ունեցող հատկանիշ է»։  

Բայց ամենից շատ, իհարկե, երեւակայությունը պետք է քաղաքականության մեջ, եւ գոհունակությամբ արձանագրում ենք, որ այդ հատկանիշով Փաշինյանը օժտված է առավել քան բավարար չափով։  

Այլ հարց է, երբ հարուստ երեւակայությունը ծնում է միայն ուտոպիաներ. Պլատոն ու Կամպանելլա, Թոմաս Մոր ու Սեն-Սիմոն, Բաբյոֆ ու Օուեն, Ֆուրիե եւ Փաշինյան...  

Երբ ուտոպիան մեծ նպատակ է ստեղծում եւ արդարացնում բոլոր միջոցները, ի վերջո միջոցներն են դառնում իրական նպատակը, միջոցները կլանում են նպատակը, եւ շարժումն սկսած նպատակի ֆանատիկոսների տեղը զբաղեցնում են միջոցների պրակտիկները։    Ուտոպիան երբեք չի գրավում նորմալ վիճակում գտնվող մարդկանց։ Ուտոպիայի գիրկը նետվելու համար պետք է կորցնել ողջամտությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ