«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ժողովրդական խոսքն ասում է՝ «Ինչքան սարը բարձր լինի, վրայի ձյունը շատ կլինի»։ Եթե դու հանրային դեմք ես՝ կարիերային սանդուղքով վեր ես բարձրացել, հասել բարձր պաշտոնի, պետք է պատրաստ լինես, որ քեզ քննադատելու են, քո ամեն քայլը խոշորացույցի տակ են առնելու, փորփրելու են քո անցյալն ու շրջապատը, քարկոծելու են, երբեմն՝ անգամ անարդարացի։ Դա պաշտոնի, կարգավիճակի գինն է, որ պետք է պատրաստ լինես վճարելու առաջին իսկ պահից՝ հրամանիդ թանաքը դեռ չչորացած։
Երբ դու բարձր պաշտոն ես զբաղեցնում եւ որոշել ես կտրուկ փոփոխություններ անել քո ղեկավարած համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի կամ հին-լճացած կադրերից ազատվելու կարգախոսի ներքո, առավել եւս պետք է պատրաստ լինես։ Իսկ երբ բարեփոխումների կամ այլ նպատակով նաեւ որոշել ես ոլորտի հզորներին դիպչել՝ ազատել աշխատանքից, խլել բիզնեսը, գործազուրկ դարձնել, եկամտի աղբյուրից զրկել, պետք է ուղղակի զրահաբաճկոն հագնես ու ամեն անկյունից կրակոցի սպասես։ Եթե այս ամենը նորանշանակ պաշտոնյաները հասկանան, բոլորովին չեն զարմանա ու զայրանա այն քննադատություններից, այն դիմադրությունից, որին այսօր բախվում են։
Այս կոնտեքստում պարզապես զվարճալի է այն վրդովմունքը, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արտահայտում է իրեն ուղղված քննադատությունների, իր չծառայելու պատմությունը վեր հանելու, իր հիվանդությունների մասին հրապարակումների առիթով։ Եթե դու նախարար ես դարձել այդպիսի բարդ ոլորտում, արդեն պիտի պատրաստ լինես նման ուշադրության։ Իսկ եթե հիվանդանոցի երկարամյա տնօրենին ես հեռացրել, որն իր կյանքի ընթացքում բազում մարդկանց է բուժել-օգնել, առավել եւս պետք է պատրաստ լինես դիմադրության։ Մարդը հավի ճուտ չէ, որին հեռացնես քո ճանապարհից, եւ նա չպայքարի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը