«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Արդեն վեց ամիս է, ինչ Հայաստանում տնտեսական քաղաքականություն գոյություն չունի։ Շեշտում ենք, ոչ թե սխալ քաղաքականություն է տարվում, ունի թերություններ, սայթաքումներ, այլ պարզապես գոյություն չունի։
Հայաստանի կառավարությունը՝ նրա ղեկավարի գլխավորությամբ, պարզապես չի կամենում ինչ-որ քաղաքականություն հռչակել, քանզի հետագայում նրանցից պահանջվելու է իրականացման ճանապարհները նշել եւ, ի վերջո, խոսել արդյունքների մասին։
Մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իրեն կուրորեն հավատացող զանգվածին դեռ որոշակի ժամանակահատված չեն հետաքրքրելու գահավիժող տնտեսական ցուցանիշները, եւ որ նախորդ ժամանակաշրջանի տնտեսական աճի իներցիան դեռ շարունակվելու է։
Դրան էլ հաջորդելու է մարդկանց մտածողության իներցիան, որոնք առանձնապես չեն հասկանում, թե ի՞նչ է տնտեսական աճը, եւ որ այն կարող է ազդել իրենց վրա։ Նրանք դա կհասկանան ավելի ուշ, երբ թվային ցուցանիշները սկսեն անդրադառնալ իրենց բարեկեցության վրա։
Սակայն դա կլինի հետո, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը շարունակում է մանեւրել՝ պարբերաբար փոխելով իր խոսքը կամ վատթարացող վիճակի համար իրենից դուրս նոր «մեղավորներ» մատնանշելով։
Վարչապետի վճռով «մեղավոր» հայտարարվածների մասին այնքան է խոսվել, որ անիմաստ է կրկնել, իսկ որ տնտեսական քաղաքականության բացակայության պատճառով Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ինքն իրեն հակասող հայտարարություններ կամ ուշացած խոստովանություններ է անում, աննկատ է մնում։
Այսպես. կառավարության ծրագիր կոչված փաստաթղթում, որը, մեղմ ասած, դպրոցական շարադրության տպավորություն էր թողնում, տնտեսական քաղաքականության մասին նշված է, որ երեք ճյուղ պետք է գերակա լինեն։ Դրանք են՝ գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը։
Իմիջիայլոց, փաստենք, դրանցից երկուսում՝ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտում, նոր կառավարության գործունեության շրջանում անկում է արձանագրվել։
Իսկ բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ նախորդ տարիներին գործադրած ջանքերն իրենց պտուղը տալիս են։ Թեեւ այստեղ էլ նոր կառավարությունը ոչ մի նախաձեռնությամբ կամ ծրագրով հանդես չի եկել։
Այսինքն՝ կառավարության ծրագրում ընդհանրապես բացակայում է արդյունաբերությունը։ Ավելին՝ վարչապետի կողմից հանքարդյունաբերության նկատմամբ բացասական մոտեցման մասին հաճախ ենք լսել, որ այն մեր տնտեսության ապագան չէ, որ ներառական աճ չի ապահովում եւ այլն։ Ոչ մի խոսք այստեղ աշխատող տասնյակ հազարավոր մարդկանց եւ այս ոլորտի ձեռնարկությունների կողմից պետական բյուջե վճարվող տասնյակ միլիարդավոր դրամ հարկերի մասին։
Հակառակ սրան, Նիկոլ Փաշինյանը, հակասելով ինքն իրեն, հայտարարում է, որ պետք է սկսենք մեր տնտեսության «ռեինդուստրիալիզացիան»։ Այսինքն՝ նախ, արդյունաբերությունն ընդհանրապես բացակայում է տնտեսական քաղաքականության մեջ, ապա խոսվում է «ռեինդուստրիալիզացիայի» մասին։ Ընդ որում՝ դարձյալ ոչինչ չի ասվում, թե ի՞նչ է դա նշանակում՝ հանքարդյունաբերության զարգացում՝ տեղական հումքի վրա պատրաստի արտադրանք ստանալու փուլին անցո՞ւմ, թե՞ մեկ այլ բան։
Որոշ ժամանակ անց, պատասխանելով պատգամավորների հարցերին, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մատնանշում է, որ ծառայությունների ոլորտի հաշվին տնտեսական աճ ունենալը այն չէ, ինչին պետք է ձգտենք, տպավորություն ստեղծելով, թե որեւէ մեկը դրան ձգտել է։ Ընդհակառակը, հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էր օգոստոսի 17-ի հանրահավաքում ազդարարում, որ հունիս ամսին 11 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել՝ ոչինչ չհասկացող ամբոխի հրճվալից գոռում-գոչյուններին արժանանալով։
Հիմա արդեն հարց է տալիս՝ «մենք դա՞ ենք ուզում՝ բուքմեյքերների հույսին մնանք»։ Եվ դարձյալ խոսում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին ապավինելու մասին։
Ի դեպ, բարձր տեխնոլոգիական ճյուղի զարգացումը շարունակելը անհրաժեշտ է, որի մասին հայտարարություններ անելը բավարար չէ։ Նոր տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության բոլոր ճյուղերում անհրաժեշտ է, բայց միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտը չի կարող դառնալ տնտեսության հիմնական ճյուղը։
Ի վերջո, հող պետք է մշակել, հաց թխել, սարքավորումներ արտադրել, մեխանիզմներ նորոգել, հագուստ կարել եւ այլն։ Սրանք են լինելու զանգվածային աշխատատեղեր ապահովող ոլորտները, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտը լավագույն դեպքում կարող է ապահովել տնտեսության ընդհանուր ծավալի 10 տոկոսը, որը կլինի հրաշալի ցուցանիշ։ Ի վերջո, որքան էլ նշենք, որ մենք ինտելեկտուալ ներուժ ունենք այս ոլորտում, այնպես չէ, որ բնակչության մեծ մասը ՏՏ ոլորտի ներկա կամ ապագա մասնագետ է։
Այսպես թե այնպես ակնհայտ է մի բան. տնտեսական քաղաքականության բացակայությունը հնարավորություն չի տա զարգացնել ո՛չ տնտեսությունն ընդհանրապես, ո՛չ դրա որեւէ ճյուղ առանձին վերցրած։ Մինչդեռ հիմա, անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարության ֆինանսների նախարարը չի կարողանում պատասխանել «ո՞րն է կառավարության տնտեսական քաղաքականությունը» հարցին եւ դրա հետ մեկտեղ զայրանում է, որ հարցն իրեն են ուղղում։ Մեկնաբանությունները թերեւս ավելորդ են»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը