«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Չընտրվելու նպատակով վարչապետի թեկնածու առաջադրված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթն, ինչ խոսք, հետաքրքիր էր: Ամեն պարագայում:
Մարդը, քաղաքական գործիչն ու պետության իրական ղեկավարը գրեթե 90 րոպե խոսեց, սա՝ չհաշված հարցուպատասխանի դրվագները: Ասենք, դա այնքան էլ հարցուպատասխան չէր, որքան յուրային կամ յուրայնացած պատգամավորների հարցերի միջոցով «ծրագրային ելույթում» չարտացոլված խնդիրները լրացնելու փորձ: Մեր ընկալմամբ՝ չհաջողված փորձ:
Թեպետ որոշ յուրայնացված պատգամավորների խոսքում առ Նիկոլ Փաշինյանը նկատվող շողոքորթությունն այնքան վանող էր, որ դրա խորապատկերում վարչապետի պաշտոնակատարը համարյա հին հունական ժամանակների ճարտասանի տեղ կարող էր անցնել:
Բայց նույնիսկ նրանք, դե՝ այդ պայմանական «հին հունական ճարտասանները» երբեմն-երբեմն լեզվով սայթաքում են, կամ էլ՝ արագ արձագանքման հետեւանքով բացահայտում իրենց բուն միտքը: Նախօրեին նման մի բան Նիկոլ Փաշինյանի հետ էլ եղավ: Օրինակ, ասաց՝ «մեր իշխանության տարիներին»: Տարիների՞ն: Հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանը ինչի՞ց է վերցրել, որ իր իշխանությունը տարիներ է տեւելու:
Այլ ուշագրավ «մանրուքներ» էլ նկատվեցին: Օրինակ, ելույթի ընթացքում, ինչ-որ հարցի հետ կապված, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ի դեպ, միանգամայն բարյացակամ տոնով, կողքից բան հուշեց: Նիկոլ Փաշինյանի արագ արձագանքը միանգամայն ինքնաբնութագրական է. «Մեզ հուշելու կարիք չկա: Մենք ամեն ինչ շատ լավ տիրապետում ենք»:
Շարունակության մեջ ավելի «ճոխ» նմուշներ էլ կային: Օրինակ, այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում, հավաստիացնում է, թե՝ քանի դեռ ինքը վարչապետ է, ընտրությունները չեն կեղծվելու:
Որ չեն կեղծվելու, իհարկե, լավ է: Բայց ցանկալի է, որ դա, այնուամենայնիվ, մեկ անձի պաշտոնավարումից կախված չլինի, այլ օրենքի, համակարգի, քաղաքական մշակույթի եւ այլն: Իսկ այսպես. հեռու չէ «պետությունը ես եմ» կամ «օրենքը ես եմ» ասելու ժամանակահատվածը: Կարճ ասած, անձնիշխանության հակումներ են դրսեւորվում ու սա առաջին նման դեպքը չէ:
Կամ, օրինակ, վարչապետի պաշտոնակատարն ու թեկնածուն ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե ինչ-որ պատգամավորի վերաբերյալ կաշառակերության մեղադրանքով գործ կա, որն ամենախոշոր նման գործն է, բայց ամենակարեւորը, որ այն 100 տոկոսով ապացուցված է:
Այն, որ կաշառակերության դեպք է բացահայտվել, բնականաբար ողջունելի է: Բայց ի՞նչ է նշանակում, երբ պետության փաստացի ղեկավարը, գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարը հայտարարում է, թե 100 տոկոսով ապացուցված է:
Իսկ դա, կներեք, նշանակում է, որ նա՝ Նիկոլ Փաշինյանն իրեն վերապահում է մեղադրող դատախազի ու գերագույն դատավորի գործառույթներ միաժամանակ, էլ չենք խոսում անմեղության կանխավարկած կոչվածի մասին:
Լավ է, որ կաշառակերության փաստ են բացահայտել, վատ է, որ դեռ քննությունը չավարտած, դատ ու դատավճիռ տեղի չունեցած... վարչապետի պաշտոնակատարը նման՝ իրավական տեսանկյունից խոցելի, կառավարման սկզբունքների առումով անընդունելի հայտարարություն է անում:
Հիմա՝ մի փոքր ավելի լուրջ: Իրողությունները համարժեք ընկալելու եւ մտածելու կարողության առումով վերջնականապես «դըմփ-դըմփ-հու» եղած ու հիմնականում սեռական օրգաններով սոցցանցեր մտնող մի խումբ հայրենակիցներից բացի, մնացած բոլորը հայրենակիցները, վստահ ենք, հրաշալի հասկանում են, թե ինչի համար էր այս առաջադրվել-չընտրվելու «օպերացիան»: Գիտենք ու մյուսներն էլ գիտեն, որ այս ամենը ձեւական բնույթ ուներ ԱԺ արտահերթ ընտրությունների իրավատեխնիկական հնարավորություն ստեղծելու համար:
Բայց ամեն դեպքում, խորհրդարանի ամբիոնից ելույթ է ունենում պետության փաստացի ղեկավարը: Մեկ ժամանոց ու, ենթադրվում է, ծրագրայի՛ն ելույթ:
Եվ այդ մեկ ժամանոց ելույթում ո՛չ տնտեսական կացությանն ու առաջիկա հնարավոր զարգացումներին անդրադառնալու համար է տեղ մնում, ո՛չ սոցիալական բարեփոխումներին, ո՛չ արտաքին-քաղաքական լրջագույն իրողություններին ու մարտահրավերներին, ո՛չ անվտանգության ու բանակաշինական խնդիրներին, ո՛չ կրթական ու առողջապահական բարեփոխումներին, ո՛չ ֆինանսաբանկային, ո՛չ էլ՝ հարկաբյուջետային իրողություններին հենց պետության ղեկավարի՛, վարչապետի՛ մակարդակով անդրադառնալու համար:
Փոխարենը, հանրությունը լսում է գրեթե կես ժամանոց միտինգային ելույթ՝ ռեւանշիստների, հակահեղափոխական դավադիրների ու ներշնչված կաշառակերների թեմայով: Ու դա միայն նրա համար, որ վերջին ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզկենտրոնում Նիկոլ Փաշինյանի պաշտպանած թեկնածուն քաղաքապետ չի ընտրվել:
Հետո, իհարկե, յուրային ու յուրայնացված պատգամավորների «հարցերի» միջոցով, լավ-վատ անդրադառնում է նաեւ տնտեսական որոշ խնդիրների ու էլի մի քանի հարցերի: Բայց էլի չի երեւում մի հստակ, կոնկրետ ծրագիր, պատկերացում ու ձեւակերպված մոտեցում: Այնպիսի ճնշող տպավորություն է, որ ներկայիս պաշտոնակատար-ժամանակավոր կառավարության ամբողջ ծրագիրն ամփոփվում է՝ «ժողովուրդ ջան, լավ է լինելու» արտահայտությամբ:
Օրինակ, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բարեփոխումներ: Ի՞նչ բարեփոխումների կամ, եթե կուզեք՝ ռեֆորմների մասին է, ո՞ր ոլորտներում, ի՞նչ միջոցներով, քանի՞ տարվա հաշվարկով, ի՞նչ թիրախային նպատակադրումներով, ցուցանիշներով: Կարճ ասած՝ ո՞ւր է կոնկրետությունը, ո՞ւր են կոնկրետ պատկերացումները, ո՞ւր են չափելի տվյալներն ու ցուցանիշները: Իսկ գուցե իրավացի՞ են այն դիտարկումները, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը «քանդող բրիգադն են»...
Ժողովրդի մասին: Ինչ հարց լինի, Նիկոլ Փաշինյանը ասում է՝ «ժողովուրդն է որոշել» կամ՝ «ժողովուրդ, դուք եք դա որոշել», «դա ժողովրդի ցանկությունն է», «սա ժողովրդի կառավարությունն է», մի խոսքով՝ վարչապետ ոչ թե Փաշինյանն է դարձել, այլ՝ ժողովուրդը:
Ի վերջո, ժողովուրդը միայն որեւէ քաղաքական գործչի կամ ուժի համակիրներն ու այս կամ այն կոչով փողոց ելնող, սիգնալ տվողները չեն միայն: Նրանք, իհարկե, ժողովրդի մի մասն են: Այսօր, հնարավոր է, մեծ մասը:
Բայց, օրինակ, ՏԻՄ ընտրություններում «Քաղպայմանագրի» օգտին չքվեարկած քաղաքացիներն էլ են ժողովրդի մի մասը, ընդհանրապես ընտրություններին չմասնակցած մարդիկ էլ: Ինչպես Նիկոլ Փաշինյանից սրբապատկեր սարքողներն են ժողովրդի մի մասը, այնպես էլ՝ քննադատողները կամ՝ «տեսնենք, թե ինչ կլինի» մշտակարգախոսով մշտասպասողական կենսակերպ դավանողները: Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրողներն էլ են ժողովրդից, նրանց ապօրինի գործողություններից տուժած հայրենակիցներն էլ, իրավապահներն էլ են ժողովրդի մասը, իրավախախտներն էլ...
Եվ երբ հայտարարում են՝ «ժողովուրդն այսպես է որոշել», դա, կներեք, բայց քաղաքական պատասխանատվությունը տարրալուծելու, «ժողովրդի» հավաքականության վրա բարդելու հնարք է ընդամենը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը