«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե նոր Հայաստանում լկտիությունը տեղ չունի, եւ նոր Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում:
Խոսքը ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի նախօրեի քաջագործությունների մասին է: Երկու օր է` լրատվամիջոցները հեղեղված են առողջապահության ոլորտի հայտնի մասնագետների նամակներով, որոնցում նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել են Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում Վանեսյանի պահվածքի վրա:
Հիշեցնենք, Վանեսյանը միջոցառման ժամանակ պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին` խոչընդոտելով լուսանկարմանը, կոպտել է Առողջապահության նախարարության վարչության պետերից մեկին եւ այլն:
Քանի որ այս ամենը տեղի էր ունեցել Երեւանի պետական բժշկական համալսարանի շենքում, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ բուհից պահանջեց ներկայացնել փաստեր: Համալսարանից ուղարկել են անվտանգության համար տեղադրված տեսախցիկների ֆիքսած կադրերը, որտեղ երեւում են Վանեսյանի գործողությունները: Իսկ նրա կողմից նման լկտի պահվածք ցուցաբերելը, թերեւս, պատահական չէ. Վանեսյանը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է, ըստ այդմ, վայելում է նրա հովանավորությունը:
Ավելին, Վանեսյանը շատ տեղեր ակնարկել է, որ Թորոսյանի՝ նախարար նշանակվելու հարցում ինքն է մեծ դերակատարություն ունեցել: Ու հավանաբար դրա պատճառով էլ հոգեբուժարանի ղեկավարն իրեն արտոնյալ է զգում ամենուր:
Փաստենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված Կառավարության ներկայացուցիչները կամ նրանց ենթակաները մշտապես քննադատում են «նախորդ հանցավոր ռեժիմին», սակայն իրենց կառավարության ներկայացուցիչների պահվածքը հաճախ չի զիջում նախկիններին:
Հ. Գ. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակից «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ, սակայն Արման Եղոյանն ասաց, որ վարչապետը դեռ չի ծանոթացել բաց նամակին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը