25 10 2018

Որտե՞ղ է 2002 թվականին փակված ճամպրուկը. «Հրապարակ»

Որտե՞ղ է 2002 թվականին փակված ճամպրուկը.  «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթեը գրել է. 2002 թվականին մի հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Նա Երևանի 2784-ամյակի տոնակատարությունների շրջանակներում ուղերձ է հղել 2018 թվականի Երևանի քաղաքացիներին։ Տեքստը դրվել է ճամպրուկի մեջ և ի պահ տրվել Էրեբունի թանգարանին՝ 2018թ․ Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ բացելու համար։ Նախատեսված էր ճամպրուկը բացել Էրեբունու հրապարակում, որի ընթացքում նոր քաղաքապետը նույնպես պիտի ուղերձ հղեր Երևանի ապագա քաղաքացիներին։

Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ, սակայն, ուղերձի մասին ոչ մի հիշատակություն չեղավ, ոչ ոք չհիշեց 2002-ին փակված ճամպրուկի մասին։

Փորձեցինք 2002 թվականին Երևանի քաղաքապետի տեղակալ աշխատած Ֆիրդուս Զաքարյանից ճշտել ուղերձը բացելու ժամկետներն ու հանգամանքները։ «Այո, ուղերձ եղել է, Էրեբունի թանգարանի մոտ Նազարյանը կարդաց այդ տեքստը, և մենք փաթաթեցինք ու գեղեցիկ ամանով հանձնեցինք Էրեբունի թանգարանին։ Դա էնտեղ պետք է լինի։ 2002 թվականն էր, և ուղերձ էինք ուղարկել 2018 թվականին Երևանի բնակիչներին, ու ենթադրվում է, որ դա պետք է բացվեր այս օրերին»։

Էրեբունի թանգարանի հասարակության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ ուղերձը դեռ իրենց մոտ է և տոնի շրջանակներում չի բացվել․ «Դա նախատեսված էր 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ բացել։ Մասնավորապես՝ հոկտեմբերի 19-ին, երբ լրանում էր նաև թանգարանի 50-ամյակը, սակայն նախատեսվող տոնակատարությունները կրճատվեցին։ Կրճատվեց նաև այն մասը, որը ներառում էր թանգարանի 50-ամյակի տոնակատարությունը։ Բայց, այնուամենայնիվ, նախատեսվում է թանգարանի 50-ամյակը նշել, որի ժամանակ էլ կբացվի ուղերձը»։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Գևորգյանը մեզ առաջարկեց գրավոր դիմել՝ պատճառաբանելով, որ խնդիրը պետք է ուսումնասիրվի, ինչի համար ժամանակ է պահանջվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ