Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին, փորձում հասկանալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի նրբությունները։ Այս մասին «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշել է, որ մի քանի անգամ հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Կոպիրկինի խոսքով` Փաշինյանը բավականին լավ հարաբերություններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Դուք գիտեք, որ նրանք արդեն մի քանի անգամ հանդիպել են, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է և վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ, և երկու կողմերից էլ հասկանում են դրանց կարևորությունը»,- ասել է դիվանագետը։
Դեսպանն ավելացրել է, որ Հայաստանում իշխանափոխությունը չի ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ դրանք բավականին լայն են և ամուր։ Անկասկած, այն քաղաքական ուղղվածությունը, որով առաջնորդվում է ղեկավարությունը, նշանակություն ունի։ Եվ այդ առումով ռուսական կողմը շատ ուշադիր լսում է այն ազդանշաններին, որոնք գալիս են ղեկավարությունից։
«Շատ կարևոր է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է այն մասին, որ ՌԴ-ն եղել, մնում և լինելու է գործընկեր Հայաստանի համար։ Եվ սա համապատասխանում է վերջին տարիներին տարվող քաղաքականությանը», — ասել է Կոպիրկինը։
Նրա խոսքով` Հայաստանի նոր ղեկավարության` հստակ հայտարարությունները և ռազմավարական հարաբերությունները շարունակելու մասին պնդումները համապատասխանում են նաև հայ ժողովրդի կամքին, որն էլ հենց ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին կյանքին։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան բավական զուսպ դիրք է զբաղեցրել Հայաստանում այս տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում։
Դիվանագետի խոսքով` Ռուսաստանը բաց է այլ երկրների հետ հարաբերությունների հարցում, սակայն Հայաստանը նրա համար մոտ երկիր է և ռազմավարական գործընկեր է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը