«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՏԻՄ ընտրությունները մեզանում երբեք շատ պոպուլյար չեն եղել, եւ հոկտեմբերի 21-ի աշխուժությունը բացառապես նոր իրողություններով էր պայմանավորված։ Եվ այսպես․ արձանագրենք, որ արդար, թափանցիկ եւ ազատ ընտրությունները մեզանում արդեն իրողություն են, եւ մենք սկսել ենք վստահել դրանց արդյունքներին։ Ու սա ամենադրական բանն է, որ տեղի է ունեցել վերջին ամիսներին։ Բայց ընտրողի ինքնագիտակցության, մասնակցության ազատության, վարչական ռեսուրսի կիրառման առումով դեռ շատ անելիք կա։ Կապանի ընտրություններն այս առումով շատ ուսանելի կարող են լինել մեզ համար։
Այն, որ իշխանական թեկնածուն պարտվեց, իրականում շատ լավ դաս կարող է լինել ե՛ւ պոտենցիալ թեկնածուների, ե՛ւ նրանց առաջադրողների համար։ Բոլոր կուսակցությունները եւ անհատները թերեւս հասկացան, որ կարելի է առաջադրվել եւ հաղթել, անգամ եթե այդ հաղթանակը շատ բարդ է թվում, քանզի իշխանական ողջ մեքենան՝ վարչապետի գլխավորությամբ, այլ թեկնածուի է պաշտպանում։ Գրագետ քարոզչություն, ճիշտ կեցվածք, կազմակերպված աշխատանք, եւ հաղթանակն ապահովված է։ Մյուս կողմից՝ իշխանությունը եւս պետք է գիտակցի, որ ընտրական պրոցեսներին միջամտությունն անազնիվ է եւ վտանգավոր։
Չի կարելի չարաշահել ժողովրդի սերն ու համակրանքը, չի կարելի օգտագործել իշխանական ռեսուրսը եւ պաշտպանել կոնկրետ թեկնածուի։ Այնպես, ինչպես չի կարելի անհաջող թեկնածու առաջադրել եւ վստահ լինել, որ «պոլի փետ» էլ լինի, կընտրվի, եթե Նիկոլն ու «ՔՊ-ն» այդպես են ուզում։ Միշտ պետք է առաջ մղել ամենաարժանիներին եւ առաջնորդվել ժողովրդի ընտրական կամքի նկատմամբ հարգանքով։ Անշուշտ, Էջմիածնի, Արմավիրի եւ Հրազդանի թեկնածուները ոչնչով չէին գերազանցում Կապանի թեկնածուին, բայց սա մի փոքրիկ դաս է, որից պետք է հետեւություններ անել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը