16 10 2018

Տեֆլոնե հրաշքը կարող է վերանալ․ «Հայոց աշխարհ»

Տեֆլոնե հրաշքը կարող է վերանալ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ միանձնյա առաջնորդի խարիզմային ապավինող քաղաքական ուժերը դատապարտված են։ Դա սոսկ ժամանակի խնդիր է, հակառակ օրինակներ չկան։   

Դատելով ամենից, Նիկոլ Փաշինյանի խարիզմայի տեֆլոնը կսկսի փշրվել-թափվել արդեն գարնանը։ Սկզբում կհայտնվեն ճաքեր, հետո կպոկվեն կտորներ։   

Կենցաղում նման թավաները շպրտում են միանգամից, նույնիսկ եթե ափսոսում են։ Քաղաքականության մեջ թերություն ունեցող ամանեղենից դեռ էլի մի որոշ ժամանակ օգտվում են, քաջ իմանալով, որ առարկան արդեն նորոգման ենթակա չէ։ Այնտեղ, որտեղ ուտելիքը կպչում է, հարկ է լինում քերել, ինչից էլ առաջանում են նոր ճաքեր։  

«Քաղպայմանագրի» անխուսափելի փլուզման պատճառ կդառնա նրա կառուցվածքը։ Եթե հիմնասյունը մեկն է, մաշվածությունը արագանում է։ Ճնշումը մշտապես դեֆորմացնում ու քայքայում է այն։ Առարկան դեռ կանգուն է, առայժմ ջանքերն ուղղաձիգ են, բայց կողային ծանրաբեռնումներ այդպիսի կառույցն ընդհանրապես չի կարող պահել։  

Բազմեցնելով իրեն բոլորից բարձր ու իջեցնելով շուրջն ամեն ինչ, Փաշինյանը ներկայումս լիակատար կախվածության մեջ է դրել «Քաղպայմանագրին» սեփական խարիզմայից։ Շրջապատն ու ուղեկիցները դարձել են վարչապետի վարկանիշի պատանդները։ Ե՛վ այդ քաղաքական ուժի, ե՛ւ կառավարության գործունեության արդյունքներն ու դիրքորոշումները կախված են առաջնորդի վարկից եւ ոչ մի ուրիշ բանից։   «Քաղպայմանագիրը» ընդհանրապես սեփական վարկանիշ չունի։ Առանց առաջնորդի այն տեղնուտեղը շուտափույթ կպառակտվի ու դեսուդեն կցրվի։  

Ինտրիգը, կարծում ենք, պարզ է։ Քանի դեռ Փաշինյանի վարկանիշը բարձր է, նա ջրի երեսին կպահի նաեւ ՔՊ-ին։ Իսկ երբ առաջնորդի վարկը սկսի ընկնել, «Քաղպայմանագրի» վարկանիշը պարզապես սրընթաց կզրոյանա։ Ավելին՝ այդ ժամանակ կարող ենք ականատես դառնալ մի չափազանց ուշագրավ երեւույթի. արդեն ոչ թե Փաշինյանը կպահի ՔՊ-ին, այլ, հակառակը, կուսակցությունը հատակ կքաշի առաջնորդին։  

Ի՞նչ պետք է այդժամ անի առաջնորդը իշխանությունը պահպանելու համար։ Ճիշտ է, մի քանի փուլերով ոչնչացնել հին գվարդիայի անդամներին, ինչպես Ստալինը ոչնչացրեց իր զինակիցներին։  

1936 թվականի օգոստոսի 19-ին Մոսկվայի Միությունների տան Հոկտեմբերյան դահլիճում սկսվեց դատավարություն «տրոցկիստ-զինովեւական միացյալ կենտրոնի» գործով. առաջինը՝ երեք, այսպես կոչված, «մոսկովյան դատավարություններից»։  

Մեղադրյալի աթոռին նստած 16 մարդկանց մեծ մասը մինչ այդ բարձր պաշտոն ուներ կուսակցության մեջ, կառավարության կազմում, ՆԳԺԿ-ում, իսկ երկուսը՝ Զինովեւն ու Կամենեւը, 1920-ականների սկզբից Լենինի մերձավոր զինակիցներն էին, Քաղբյուրոյի անդամներ եւ առաջնորդի դերի իրական հավակնորդներ։  

Օգոստոսի 24-ին բոլոր մեղադրյալները դատապարտվեցին գնդակահարության, եւ հաջորդ օրն իսկ մահապատիժն ի կատար ածվեց։   1937 թվականի հունվարի 25-30. երկրորդ դատավարությունը՝ «տրոցկիստական զուգահեռ կենտրոնի գործը»։ Մեղադրյալի աթոռին կրկին վերին էշելոնի խորհրդային քաղաքական եւ պետական գործիչներն էին. Ռադեկը, Պյատակովը, Սոկոլնիկովը, Սերեբրյակովը, Մուրալովը եւ ուրիշներ։   17 մեղադրյալներից 13-ը գնդակահարվեց անմիջապես, 4-ը մահացավ բանտերում ավելի ուշ։  

Վերջապես մարտի 2-12-ը տեղի է ունենում վերջին դատավարությունը՝ «աջ տրոցկիստական բլոկի գործը»։ ԽՍՀՄ Գերագույն դատարանի Զինվորական կոլեգիայի առջեւ կանգնեց 21 մարդ, հիմնականում՝ 1920-ականների նախկին կուսակցական եւ խորհրդային առաջնորդներ. Բուխարինը, Ռիկովը, Կրեստինսկին, Ռակովսկին եւ այլք (նրանց հետ՝ նաեւ Յագոդան, որը կազմակերպել էր Զինովեւի ու Կամենեւի դատավարությունը)։   17 մարդ գնդակահարվեց, չորսը մահացավ բանտում։  

Այդ երեք դատական ներկայացումների, դրանց ուղեկցող ու հաջորդող ձերբակալությունների վիթխարի ալիքի հետեւանքով գրեթե իսպառ ոչնչացվեց բոլշեւիկյան ղեկավարության «հին գվարդիան». ընդհատակյա հեղափոխականները, Հոկտեմբերյան հեղաշրջման եւ Քաղաքացիական պատերազմի կազմակերպիչները, 1920-ականների սկզբի Խորհրդային Ռուսաստանի պետական առաջնորդները։   Հեղափոխական հեղաշրջումից ծնունդ առնող եւ այդ հեղաշրջումն իրականացնողներին ոչնչացնող ռեժիմը բնավ եզակի չէ համաշխարհային պատմության մեջ։ Ավելի շուտ՝ հակառակը, օրինաչափություն է, որից քչերին է բախտ վիճակվել խուսափել։ Ինչպես ասել է ժամանակին Ժորժ Դանտոնը. «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։  

Ճիշտ է, ժամանակները փոխվել են. զինակիցներին Փաշինյանը չի գնդակահարի։ Բայց որ կհեռացնի քաղաքական ասպարեզից եւ կդնի հեռավոր փոշոտ դարակ, կարելի է չկասկածել։ Թեեւ կրկեսը գազանանոցով փոխարինելը, համաձայնեք, մի տեսակ կասկածելի նվաճում է։   Սակայն առայժմ զինակիցները կարող են խուճապի չմատնվել, մինչ իրենց հեռացնելը դեռ ժամանակ կա։ Երբ առաջնորդը վեր է ձգում կուսակցությանը, ապա իր եւ զինակիցների կապն առանձնապես տեսանելի չէ։ Տեֆլոնի էֆեկտը հիմնված է հենց առասպելի վրա. լավ թագավորը ապաշնորհ եւ ոչինչ չկարողացող նազիր-վեզիրների հետ կապ չունի։  

Սակայն շարժումը դեպի վար, հակառակը, այդ կապը երեւան է հանում։ Առաջնորդը դադարում է ընկալվել որպես շրջապատի վերեւում սավառնող ատյան։ Շրջապատից սահմանազատվելու փորձերն արդյունք չեն տալիս եւ նույնիսկ ընկալվում են որպես հերթական խաբեություն։ Եվ հենց այդ ժամանակ էլ գալիս է զինակիցներին հեռացնելու պահը։ Հակառակ դեպքում ժողովրդականության անկման գոտում կկուտակվի հակավարկանիշի էներգիա։  

«Մայքլ» հին ֆիլմում երկիր իջած հրեշտակապետը շարունակ ձգտում է տեսնել աշխարհի ամենամեծ չկպչող թավան։ Հիմա նրան հարկավոր է գալ Հայաստան։ Միայն թե պետք է շտապել. գարնանը այդ տեֆլոնե հրաշքը կարող է վերանալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ