13 10 2018

Մայրապետյանը Քոչարյանին չի ճանաչում, նա հումորով է վերաբերում իրեն առաջադրված մեղադրանքին. պաշտպան. «Ժամանակ»

Մայրապետյանը Քոչարյանին չի ճանաչում, նա հումորով է վերաբերում իրեն առաջադրված մեղադրանքին. պաշտպան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրել է. «Սամվել Մայրապետյանը հումորով է վերաբերում իր մեղադրանքին, քանի որ մեղադրանքը այնքան աբսուրդ է, որ այլ կերպ վարվել հնարավոր չէ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Պաշտպանն ասաց, որ չի կարող առայժմ գործի հանգամանքները ներկայացնել, մանրամասներ ասել, թե ում է իբր Մայրապետյանը փող տվել, քանի որ չունի կողմերի համաձայնությունը, բայց այդ համաձայնությունը ստանալուն պես կխոսի գործի մանրամասներից։ Միայն հստակ է, որ խոսքը պաշտոնյայի մասին է, որին իբր կաշառք է տվել Մայրապետյանը, և որ խոսք է գնում 10 տարվա վաղեմության գործի մասին։ Սիրունյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է 2008 թվականի մայիս ամսվա ժամանակահատվածում տեղի ունեցածի մասով։

Սիրունյանը նշեց, որ Մայրապետյանը բացարձակ կապ չունի Մարտի 1-ի գործի հետ, պարզապես, նրա խոսքերով, լրատվամիջոցները օգտվելով իր լռությունից, հորինեցին այդ վարկածը։

Դիտարկմանը, թե Մայրապետյանի՝ Մարտի 1-ի առնչության մասին խոսել է գործարար Սիլվա Համբարձումյանը, Սիրունյանը վրդովվեց, թե ինչպես կարելի է «այդ կնոջ ասածները լուրջ ընդունել, որը իրեն գործարար է հորջորջում»։

«Ես կրկնում եմ՝ Մայրապետյանը Մարտի 1-ի հետ կապ չունի, Մարտի 1-ի զոհերի հետ կապ չունի, կրակողների հետ կապ չունի, Մարտի 1-ը նախապատրաստողների հետ կապ չունի, ոչ էլ կապ ունի Մարտի 1-ից հետո որևէ բան քողարկելու հետ։ Այս քրեական գործը բացարձակ պոլիտիկայի հետ կապ չունի։ Սա տնտեսական աստառ ունեցող գործ է, բայց միևնույն ժամանակ կապ չունի նաև Մայրապետյանի կառուցապատման գործունեության հետ»,- ասաց Սիրունյանը։

Պաշտպանը ընդգծեց նաև, որ Սամվել Մայրապետյանը ոչ մի կապ չունի նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, թեև հիմա մամուլն ամեն ինչ տանում է դեպի դրան։ «Եթե ասեք Արմեն Գևորգյան, ապա կասեմ՝ այո, նրանք ընտանիքներով մտերիմ են, ընկերներ են, հարազատություն կա, բայց Մայրապետյանը Քոչարյանին չի ճանաչում։ Ես դա կարող եմ միանշանակ պնդել»,- ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ իրենք երկուշաբթի վերաքննիչ բողոք են ներկայացնելու կալանքի որոշման դեմ, որը աբսուրդ է։ Կալանքի ոչ մի հիմք չի եղել։ Մայրապետյանը ազատության մեջ մնալով չէր կարող խոչընդոտել քննությանը։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով:

Հատուկ քննչական ծառայությունը գործարարին ձերբակալել էր հոկտեմբերի 6-ին։ Իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 9-ին բավարարել էր Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ