12 10 2018

Դավաճանել են ՀՀԿ-ից ամենաշատն օգտվածները․ նախկին ՀՀԿ-ական․ «Հրապարակ»

Դավաճանել են ՀՀԿ-ից ամենաշատն օգտվածները․ նախկին ՀՀԿ-ական․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր թոշակառուի կյանքով է ապրում, բայց հետեւում է իր կուսակցության եւ իրենց խմբակցության անդամների շուրջ ստեղծված իրավիճակին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ական պատգամավորներին փորձում ժամանակից շուտ «ջահել-ջահել» ուղարկել թոշակի։ «Երիտասարդ թոշակառուներ, հա՞, ուզում ես ասել»,- մեր ակնարկը ձեւակերպեց Հարությունյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որ այսօր շատերն արդեն լքում են թիմը, խմբակցությունը։ Դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե այսօր ֆրակցիայում լինեիք։

-Ես շատ վաղուց եմ էդ մասին իմացել, որ եթե Հանրապետականում ճգնաժամ լինի, շատերը դուրս կգան, դա ի՞նչ նորություն է որ։ Ես էն կարծիքին եմ, որ եթե մարդիկ գաղափարական կուսակցականներ են, երբեք չեն լքի իրենց կուսակցությունը։ Բայց եթե պատահական մարդիկ են հավաքված, որոնք էդ կուսակցություն են մտել կա՛մ պաշտոն ձեռք բերելու, կա՛մ պատգամավոր դառնալու համար, նրանց համար ի՞նչ կա, ցանկացած պահի էլ կլքեն կուսակցությունը։

-ՀՀԿ-ն պե՞տք է մասնակցի այս ընտրություններին եւ կկարողանա՞ նորից ժողովրդի վստահությունն ինչ-որ չափով շահել։

-Ես կարծում եմ, որ Հանրապետականում շատ հավատավոր կուսակցականներ կան, դրանք սկի չեն էլ երեւում, ոչ էլ ճիշտ են գնահատվել ընդհանրապես կուսակցությունում, եւ զարմանալի կերպով նրանք հավատարիմ են կուսակցության գաղափարախոսությանը։ Եվ ՀՀԿ-ն, իմ կարծիքով, եթե մասնակցի ընտրություններին, կմասնակցի ընտրություններին, կհավաքի այնքան ձայն, ինչքան որ կան հավատավոր հանրապետականներ։ Չեմ կարծում, որ 150 հազար անդամ ունեցող կուսակցությունը որոշակի տոկոսներ չհավաքի։

-Հիմա ՀՀԿ-ի փրկությունը ո՞րն է, կուսակցությունը պե՞տք է գնա ռեբրենդինգի, ինքնամաքրման, որ մնան միայն գաղափարական դեմքերը։

-Իհարկե, դա անկասկած է։ Տեսաք, չէ՞, նրանք, ովքեր կուսակցության քվոտայով պաշտոններ են ստացել, պատգամավոր են դարձել, հավատարմության այնպիսի երդումներ էին տալիս, որ մենք ապշում էինք, թե՝ այ մարդ, էս մարդիկ կուսակցության հետ կապ չունեն, բայց այնպիսի կուսակցական բաներ են անում, որ կարծես Նժդեհի գաղափարախոսության ջատագովներն են։ Բայց հետո պարզվեց, որ դրանք պատեհապաշտ մարդիկ են։ Ես էդ մասին շատ վաղուց եմ ահազանգել կուսակցությունում։

-Դե, դա թերեւս Նիկոլը գիտի, թե ինքը հատկապես ինչով էր ճիշտ, եւ Սերժ Սարգսյանը գիտի, թե ինքն ինչով էր սխալ։

-Դե թող Նիկոլն ասի, եթե Սերժ Սարգսյանը չի ասում։ Բայց ես մի խորհուրդ պետք է տամ՝ ելնելով իմ փորձառությունից։ Նիկոլ Փաշինյանը չպետք է հավատա դավաճաններին։ Նրանք եթե դավաճանել են Հանրապետական կուսակցությանը, եւ գիտե՞ք ովքեր են դավաճանել՝ ովքեր ամենաշատն են օգտվել ՀՀԿ-ից։

Նրանցից ոչ մեկը նախեւառաջ չպետք է Ազգային ժողովում լիներ։ Բա իհարկե, Սերժ Սարգսյանի սխալն էր, որ նրանք էնտեղ էին։ Նիկոլ Փաշինյանը նրանց երբեք չպետք է տեղ տա։ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ծառայությունն այն կլինի, որ նա, ի վերջո, էդ մարդկանց տեսակը ոչնչացնի։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ