12 10 2018

Ավելորդ տոմս չունե՞ք, հպարտ քաղաքացիներ․ «Հայոց աշխարհ»

Ավելորդ տոմս չունե՞ք, հպարտ քաղաքացիներ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Դատելով ամենից, իշխանությունները մտադիր են վերադարձնել բազմաչարչար հայոց աշխարհը երանելի «ոսկեդար»։   

Հիշեցնենք, որ անտիկ ժամանակներում «ոսկեդար» էր կոչվում նախնադարյան մարդկության երջանիկ եւ անհոգ վիճակի մասին պատկերացումը։ Դեռեւս Քրոնոսի կառավարման օրոք ապրած մարդկանց այդ առաջին սերունդը չէր տեսել ո՛չ դառնություն, ո՛չ ծանր աշխատանք, ո՛չ ծերություն։ Նույնիսկ մահանալիս նրանք ասես քուն էին մտնում։ Հողն ինքն էր առատ բերք տալիս, մահից հետո ոսկեդարի մարդիկ վերածվում էին ավելի ուշ սերունդների մարդկանց պաշտպանող բարի ոգիների։   

Իսկ նման ենթադրություն անել մեզ օգնեց վարչապետ Փաշինյանը, որը հայտարարեց նախօրեին. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար»։ Կարծում ենք, սույն միտքը՝ սիրո պես, այցելել էր նրան անսպասելիորեն։ Կամ էլ տնտեսության թռիչքը վարչապետը տեսել է երազում։  

Մեծերի հետ նման բան երբեմն պատահում է։ Բոլորն էլ գիտեն, որ Դմիտրի Մենդելեեւը քիմական տարրերի իր աղյուսակը տեսել է երազում։ Բայց դա բնավ միակ դեպքը չէ։   

Երազում Վոլտերը հորինեց Հենրիադայի երգերից մեկը, Սարդինին մտահղացավ ֆլաժոլետ (սրնգի տեսակ) նվագելու տեսությունը, իսկ Սեկենդորֆը ստեղծեց Ֆանտազիայի մասին իր հիասքանչ երգը։ Նյուտոնն ու Կարդանոն երազում մաթեմատիկական խնդիրներ էին լուծում։ Ասում են նաեւ, որ քնած ժամանակ Լաֆոնտենը հորինել է «Երկու աղավնի» առակը, իսկ ֆրանսիացի փիլիսոփա Կոնդիլյակը՝ ավարտել նախօրեին սկսած դասախոսությունը։   

Ինչեւէ, այդ կապակցությամբ զարմացնում ու հիասթափեցնում է անտարբերությունը, որով Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներն ընկալեցին բարի լուրը տնտեսական թռիչքի մասին։ Որտե՞ղ է ուրախ հույզերի այն ջրվեժը, այն բուռն հրճվանքը, որով սովորաբար ուղեկցվում է առաջնորդի յուրաքանչյուր հայտարարությունը. ես ձե՛զ եմ հարցնում։  

Չկա նման բան, բարեկամներս։ Լավագույն դեպքում՝ շեֆին գոնե ինչ-որ կերպ հաճոյանալու մի քանի պալատական «տնտեսագետների» խղճուկ փորձեր։ Իսկ փոքրիշատե խելացիները ձեւացնում են, թե ոչինչ չեն լսել։ Լսողության հետ կապված խնդիրներ ունեն, հասկանում ես։ Դե ինչ, դեռեւս հանճարեղ Լաո Ցզին է ասել. «Նա, ով խոսում է՝ չգիտի, իսկ նա, ով գիտի՝ չի խոսում»։   

Գիտեցող, ուստիեւ չխոսողները լավ հասկանում են, որ տնտեսական թռիչքի գաղափարը կիրառելի չէ գործնականում։ Եթե օգտվեք վարչապետի ելույթից՝ որպես բաժակաճառի ժողովածուի, ապա դա հարբեցողության եւ անձի բարոյալքման ուղիղ ճանապարհն է։ Եթե պարզապես կարդաք ելույթը ազատ ժամանակ, ապա դա վաղ թե ուշ կհասցնի մարդուն խելագարության։  

Տնտեսական թռիչքը նույնիսկ տեսականորեն անհնար է առանց ռազմավարության։ Իսկ ռազմավարության դասական բանաձեւը հետեւյալն է. Ռազմավարություն=Նպատակներ+Ուղիներ+Միջոցներ։ Ոչ մի նման բան կառավարության ծրագրերում մենք մինչ օրս չենք տեսել։ Ասենք, չենք տեսել նաեւ կառավարության ծրագրեր։ Ի՞նչ թռիչքի մասին կարող է խոսք լինել։  

Իսկ առանց ապագայի ծրագրերի նույնիսկ ոչ թե թռչել, մի կերպ գոյատեւելն իսկ անհնար է։    

Բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին, վերլուծելով համաշխարհային քաղաքակրթությունների ծնունդը, վերելքն ու վախճանը «Մարտահրավերներ եւ պատասխաններ» բանաձեւի միջոցով, ստացավ աքսիոմ, որը շարունակում է արդիական մնալ նաեւ այսօր։ Թոյնբին ապացուցեց, որ համաշխարհային քաղաքակրթությունների զարգացման մեջ վճռորոշ դեր են խաղացել արտաքին եւ ներքին մարտահրավերները։ Դրանք ստիպում էին մարդկային հանրություններին փնտրել կարգավորման էլ ավելի կատարյալ միջոցներ։  

Երաշտն ու հիվանդությունները, ժողովուրդների միգրացիան եւ դրսից սպառնացող վտանգը, աշխարհագրական դիրքն ու կլանային պատերազմները, ժողովրդական ապստամբություններն ու կրոնական թշնամանքը, վերջապես բնական արհավիրքներն ու նոր տեխնոլոգիաները դրդում էին մարդկային հանրություններին գտնել սեփական կազմակերպման էլ ավելի արդյունավետ ձեւեր։  

Այն հասարակությունները, որոնք համառորեն ինքնավերարտադրվում էին նախկին տեսքով, մահանում էին։ Այդպես են կյանքից հեռացել հզոր քաղաքակակրթություններ, այդ թվում՝ հին եգիպտականը, շումերականը, հունահռոմեականը, բյուզանդականը եւ շատ ուրիշներ։ Հաջողակ են եղել միայն այն քաղաքակրթությունները, որոնք ճիշտ ժամանակին գտել են համաշխարհային եւ ներքին մարտահրավերներին արձագանքելու միջոց։  

Կարծում ենք, Նոր Հայաստանի իշխանություններին սա նույնպես վերաբերում է։ Երկիրը զարգացնելու համար նրանք նույնպես պետք է համարժեք արձագանքեն արտաքին ու ներքին մարտահրավերներին։ Սակայն վարչապետի բոլոր գործողությունները մինչ օրս ուղղված են եղել միայն մի նպատակի. սեփական իշխանության ամրապնդմանը։  

Իսկ տնտեսական թռիչքը, ինչպես հին բարի խորհրդային ժամանակներում, կապահովի վիճակագրությունը։ Դե ինչ, թվերի ուռճացումն ու ցուցանիշների հարմարեցումը պլանին մեր ավանդական արհեստներից է՝ տրեխներ կարելու եւ դուդուկ նվագելու հետ մեկտեղ։ Հենց «սխալ» վիճակագրության դեմ պայքարելով էլ շունչը փչեց խորհրդային իշխանությունը։  

Սոցիոլոգների ձեռք ու ոտքը պոկում էին ծնվելուն պես, պլանը՝ ուռճացնում, հասցնում երկնային բարձունքների, միայն թե թագավորն ապրած կենա, Գլխավոր քարտուղարը չվշտանա իր քաղբյուրոյում։ Այ այդպես էլ այսօր մենք կթռչենք տնտեսության հետ միասին։ Իսկ Աստված, ըստ երեւույթին, կշրջի երեսը, որ չտեսնի մանրամասները։  

Ինչո՞վ են մարդկանց իրենց կողմը գրավում պոպուլիստները։ Հիասքանչ ապագայի խոստումներով եւ ծրագրերով։ Այդ ծրագրերը հեշտությամբ վերածվում են ուտոպիաների. չափազանց գեղեցիկ ու հրապուրիչ, բայց իրականացման համար ամենեւին ոչ պիտանի։  

Թեպետ ուտոպիաների խնդիրն այն չէ, որ դրանք չեն իրականացվում։ Կան միանգամայն պրագմատիկ բազմաթիվ ծրագրեր, որոնք նույնպես չեն իրականացվում գործնականում, ըստ որում՝ դրանցից շատերը իրենց երկրամերձ պրագմատիզմի մեջ ոչ պակաս հեռու են իրականությունից, քան ամենավերացական ուտոպիաները։  

Ոչ, ուտոպիայի գլխավոր խնդիրն այլ է։ Առաջարկելով ցանկալի ապագայի պատկերը պատրաստի տեսքով, նրանք փորձում են շեղել մարդկանց այսօրվա տագնապներից ու իրականությունից։  

Ավելորդ տոմս չունե՞ք, հպարտ քաղաքացիներ։ Մենք նույնպես ցանկանում ենք թռչել տնտեսության հետ միասին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ