«Փաստ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումը և հանդիպման արդյունքում ստորագրված հուշագիրը մեկ բառով կարելի է անվանել՝ որպես երկրում առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու առարկայական փորձ:
Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններից հետո կար վտանգ, որ քաղաքական ջրաբաժանները կարող են խորանալ, եւ մենք բոլորովս դրանից դուրս գալ չենք կարողանա: Հայտնի հանդիպումը, սակայն, ցույց տվեց, որ բոլոր կամուրջները չէ, որ այրված են:
Հատկապես հատկանշական է ստորագրված հուշագրի 3–րդ կետը, որով կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:
Առաջին հայացքից սիմվոլիկ թվացող այս արձանագրումն, իրականում, շատ կարեւոր ձեռքբերում է ներկայիս քաղաքական իրավիճակում: Այս կետով, ըստ էության, խաչ է քաշվում Երեւանի ավագանու ընտրություններում դոմինանտ դարձած հակաքարոզչության տրամաբանության վրա եւ սահմանվում են նոր խաղի կանոններ:
Փաստացի այդ կետը ի ցույց է դնում, որ հակահեղափոխության մասին քարոզչական հնարքներն ու միֆերն այլեւս ակտուալ չեն, ինչը միանշանակորեն ճանապարհ է բացում նոր քաղաքական դիսկուրս ունենալու համար, դիսկուրս, որտեղ կենտրոնականը կլինի ոչ թե հակաքարոզչությունը, այլ կառուցողական քննադատությունը:
Իհարկե, ցանկացած քարոզարշավ ենթադրում է առճակատում եւ կոշտություն, առանց այս կոմպոնենտների դժվար է պատկերացնել քաղաքական պայքարն աշխարհի որեւէ, նույնիսկ ամենակայացած երկրում: Այլ հարց է, թե որն է այդ կոշտության սահմանն ու նպատակը՝ միմյանց ոչնչացնե՞լը, թե՞ իրար դեմ պայքարելով՝ ծրագրային, գաղափարական մոտեցումների առավելությունները հասարակությանը ցույց տալը:
Հատկապես հիմա, երբ նույնիսկ հանրապետականներից շատերը պատրաստակամություն են հայտնել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ ՀՀԿ–ն որպես խմբակցություն այլեւս փոքրամասնություն է, հակահեղափոխության մասին խոսելու որեւէ առարկայական նյութ չկա:
Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց այժմ, երբ հակահեղափոխության պոտենցիալն ու հումքը այլեւս բոլոր մակարդակներում մարգինալացված է, սկսվում է հեղափոխության ամենադժվար փուլը՝ աշխատելու, ստեղծելու, պոզիտիվ օրակարգեր առաջ քաշելու փուլը:
Շատերին, այդ թվում հեղափոխության առաջամարտիկներին կարող է թվալ, թե հեղափոխությունը խորհրդարանական ընտրություններում իր մրցակիցներին հաղթելուց հետո հայտնվելու է խաղաղ մի հանգրվանում, ինչից հետո կյանքը կարգավորվելու է ինքզինքն: Ցավոք, իսկ իրականում բարեբախտաբար, այդպես չէ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը