09 10 2018

Քրեական հետապնդումը նման է քաղաքական հալածանքի․ «Հրապարակ»

Քրեական հետապնդումը նման է քաղաքական հալածանքի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կիրակի մի նոր քրեական բոթ տարածվեց, որը պաշտոնական հաստատում ստացավ միայն երկուշաբթի՝ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին։ Արդեն երկու օր է՝ ՀՔԾ-ն հրաժարվում է որևէ տեղեկություն հայտնել հանրությանն այն մասին, թե ինչ հանցանքի մեջ են կասկածում գործարարին։ «Մենք անհրաժեշտ չենք համարում հրապարակորեն հայտնել, թե ինչու է նա ձերբակալված»,- պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակը, իսկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ընդամենը ավելացրեց․ «Եթե նախաքննական մարմինը նպատակահարմար չի գտնում, մենք չենք կարող տեղեկություն տալ»։

Այսպիսով, կարելի է ասել, որ իրավապահներն առևանգել են հայտնի գործարարին՝ առանց ջանալու գոնե մոտավորապես իրազեկել հանրությանը, թե ինչ է նրան մեղսագրվում։ Կամ էլ, ինչպես հաճախ պատահում է գործնականում, մի թել են գտել, թելից քաշում են, որ տեսնեն, թե ինչ հանցակազմ դուրս կգա, որ ըստ այդմ էլ մեղադրանք առաջադրեն ու նոր ներկայացնեն հանրությանը։ Հասկանալի է, որ այս պրակտիկան իրավունքի հետ կապ չունի, բայց այն Սերժի ժամանակներից չի փոխվել։ Եվ այսպես, մեր տեղեկությունները՝ ոչ պաշտոնական, սակայն հաստատված, հետևյալն են․ Սամվել Մայրապետյանին կիրակի՝ հոկտեմբերի 7-ին, ձերբակալել են Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Նրա դեմ ցուցմունք է տվել մեկ այլ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որը ևս հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Քննության առարկան Մայրապետյանի և Սիլվա Համբարձումյանի միջև կատարված գումարային փոխանցումն է։ Փոխանցողը եղել է Սամվել Մայրապետյանը։

Կին գործարարը մեզ պատմեց, որ իրեն շաբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, կանչել են քննչական մարմին և 10 ժամ պահել այնտեղ։ «Ինձ հարցնում էին, թե ինչին էր վերաբերում այդ փոխանցումը, և եթե ես չհիշեի, ապա ինձ էլ մեղադրանք կառաջադրեին, ինչպես Մայրապետյանին։ Բայց քանի որ ես հիշեցի, ես հիմա վկայի կարգավիճակում եմ։ Ես չեմ կարող ասել, թե ինչին է վերաբերել փոխանցումը։ Դա խոշոր կանխիկացում էր»,- ասաց Սիլվա Համբարձումյանը։ Նա վստահեցրեց, որ բողոք չի գրել Սամվել Մայրապետյանի դեմ, որ ինքը նույնկերպ բերման է ենթարկվել՝ անսպասելի, ինչպես Մայրապետյանը։ Նաև հայտնեց, թե չէր պատկերացնի, որ իրեն Մարտի 1-ի գործի շրջանակներում կհարցաքննեին։ «Ես Մարտի 1-ի հետ ոչ մի կապ չունեմ, ես ոչ մեկին վատություն չեմ արել, երբևիցե նման բան չէի պատկերացնի»։ Ճշգրիտ տեղեկություն ստացանք նաև, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով նախաքննության շրջանակներում որոշել է ստուգել այդ օրերին տեղի ունեցած խոշոր կանխիկացումները։ Նրանք ուսումնասիրել են Կենտրոնական բանկի փաստաթղթերը և այժմ ստուգում են բոլոր այն անձանց, որոնք այդ օրերին ՀՔԾ քննիչներին կասկածելի թվացող կանխիկացման գործարքներ են կատարել։ Այդպես ՀՔԾ-ն ընկել է Սիլվա Համբարձումյանի և Սամվել Մայրապետյանի «հետքի» վրա։

Մեր տեղեկություններով, որոնք պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քանի որ գործի շուրջ լիարժեք գաղտնիություն էր պահվում, Սամվել Մայրապետյանի գործով արդեն մեղադրանք կա, ըստ նախնական տեղեկությունների՝ խարդախության հոդվածով։ Ս․ Մայրապետյանի հասցեին հաճախ են տարբեր մեղադրանքեր հնչել։ Նա Երևանի կենտրոնում բազմաթիվ էլիտար շենքեր է կառուցել՝ իրենց տներից ապօրինի և բռնի կերպով վտարելով Տերյանի, Պուշկինի, այլ փողոցների բնակիչներին։ Բայցևայնպես, մեղադրանքը պետք է հասցեական լինի և կոնկրետ, իսկ այս դեպքում քրեական հետապնդումը նման է քաղաքական հալածանքի։

Սամվել Մայրապետյանը սերտ գործնական կապեր ունի Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ և, առհասարակ՝ ընկալվում է որպես «քոչարյանամետ» գործարար, որի կապիտալը բազմապատկվել է հենց երկրորդ նախագահի օրոք։ Իսկ Մայրապետյանին պատկանող Հ2 հեռուստաընկերությունը, որտեղ ժամանակին աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, մի ժամանակ նույնիսկ անվանում էին Քոչարյանի TV։ Մայրապետյանն այս հեռուստաընկերության բաժնետոմսերի կեսի սեփականատերն է։ Ուստի ամենաառաջին ենթադրությունը, թե ինչու են հիշել Սամվել Մայրապետյանին, քաղաքականն է՝ կապված հեռուստատեսային գործունեության և քոչարյանական քարոզչության հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ