05 10 2018

«Հեղափոխական տեռորի» հիմքեր են ստեղծում․ «Հայոց աշխարհ»

«Հեղափոխական տեռորի» հիմքեր են ստեղծում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Վերջին օրերին, մի առանձնահատուկ ակտիվությամբ, նաեւ հիստերիկ տոնայնությամբ, Նիկոլ Փաշինյանի զինակիցները շարունակ տարածում են այն դրույթը, թե «հակահեղափոխական», արդեն նաեւ՝ «հակապետական ուժերը» ուզում են այլ վարչապետ ընտրել Ազգային ժողովում, ինչի համար անհամբեր սպասում են իրենց առաջնորդի հրաժարականին:   

Այսօրինակ ու, հարկ է ասել, անպատասխանատու, հիմնովին սադրիչ, խառնակչական հայտարարությունները միտված են երկրի ներսում ակնհայտորեն թշնամական տրամադրություններ սերմանելուն, եղածը խորացնելուն, հանրությանը է՛լ ավելի բորբոքելուն:   

Մեր կարծիքով, նման հայտարարությունների վատ քողարկված նպատակներից մեկը, այսպես ասած, «հեղափոխական տեռորի» անցնելու, գործող իշխանության համար անցանկալի անձանց եւ կազմակերպությունների հանդեպ բռնության, հետապնդումների, ինքնադատաստան տեսնելու հիմքեր ստեղծելն է:   

Երեկ, օրինակ, նման հայտարարություններով «փայլատակեցին» «Քաղպայմանագիր» կուսակցության նկատելի դեմքերից մեկը համարվող «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը և քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, որը, չնայած հետեւողական ջանքերին, այդպես էլ կարծես որեւէ լուրջ պաշտոն առայժմ չի ստացել:  

ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանն ընդհանրապես «մարգարիտներ» է շարում: Ինչ արժեն թեկուզ նրա այս արտահայտությունները. «Ենթադրենք մի իրավիճակ է, որ կառավարությունն ինչ օրենք բերում է, Ազգային ժողովը վավերացնում է, բայց դա ճիշտ չէ: Այդպիսի իրավիճակ չպետք է լինի, որ Ազգային ժողովը վավերացնի ուղղակի նրա համար, որ չցրվի: Այդ տրամաբանությամբ աշխատող Ազգային ժողով մեզ պետք չէ: Այսինքն՝ պետք է լինի քննարկում, դիմադրություն, բայց իրենք վավերացնում են, որպեսզի այս ամենն ասեն»:   Հա, ու՝ «Ազգային ժողովը սաբոտաժ է անում կառավարությանը»:  

Ո՞նց: Ընդունելով կառավարության ներկայացրած նախագծե՞րը: Հաստատելով կառավարության ծրագի՞րը, որ իրականում ծրագիր հասկացության հանդեպ ծաղրագիր էր: Լավ, ի՞նչ մեղու խայթեց այս երիտասարդ անձանց, որ նման, կներեք արտահայտության համար՝ մառազմատիկ «դատողություններ» են անում: Խնդրեմ, մարդը նույն հարցազրույցում ասում է, որ Երեւանի ավագանու (քաղաքապետի, ի վերջո) ընտրություններում հիմնական հարցը... նոր Ազգային ժողովի ընտրություններն էր, ու 81 տոկոսը քվեարկեց դրա օգտին:   

Բա: Իսկ դուք կարծում էիք թե ավագանի եւ քաղաքապե՞տ էիք ընտրում:   

Ըստ որում, Ալեն Սիմոնյանը, ինչպես իր այլ կուսակիցներ, Փաշինյանի համակիրներ, չի զլանում թափահարել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ստացած 81 տոկոս ձայները (43% մասնակցության պայմաններում): Վստահ ենք, որ նա եւս չի կասկածում, որ եթե վաղը ԱԺ արտահերթ ընտրություններ լինեն, իր ՔՊ-ն, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, էլի դրան մոտիկ թիվ ստանա, իսկ հնարավոր ընդդիմությունն էլ կարող են լինել իրենց դեռեւս «դե յուրե» դաշնակից մյուս «Ելք»-ական ուժերը:   

Լավ ենթադրելի նման միակազմ խորհրդարանո՞ւմ ինչ դիմադրություն կամ քննարկում է նա ակնկալում: Կամ, ի՞նչ է, եթե հաջորդ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը բացարձակ մեծամասնություն ունեցավ, այն ի՞նչ է, նրան դեմ է գնալու եւ չի՞ ընդունելու ներկայացված նախագծերը:    Սակայն չտրվենք երիտասարդ քաղգործչի հակասական արտահայտությունները ծանրութեթեւ անելու գայթակղությանը, որքան էլ այն մեծ է:  

Հարցին, թե՝ վարչապետի հրաժարականով Ազգային ժողովի լուծարմանը հասնելը ռիսկային չէ՞, Ա.Սիմոնյանը մասնավորապես պատասխանում է. «Ներկա ընդդիմադիր քաղաքական ուժերի համար շատ ռիսկային է, որովհետեւ ես մեծ մտավախություն ունեմ, որ մենք չենք կարողանալու նման հերթական սաբոտաժի եւ ժողովրդի դեմ արված քայլերի դեպքում, վարչապետի այլ թեկնածուի կամ այն մարդկանց, ովքեր այսօր կարկառուն ընդդիմադիր կեցվածք են փորձում ընդունել ԱԺ-ում, զերծ պահել «Սանիթեքի» աղբարկղերում հայտնվելուց: Ես վախենում եմ, որ չկարողանանք ժողովրդին դրանից զերծ պահել: Դրա ցանկությունը ժողովրդի մոտ արդեն շատ մեծ է այս գործելաոճի պատճառով...»:   

Հիմնական ասելիքը պարզ է: Բայց պարզ լինելով հանդերձ՝ այն չի դադարում բացարձակ ցնդաբանություն եւ կանխամտածված սադրանք լինելուց:    Առանցքային սադրանքն այստեղ այն է, որ եթե (երբ) Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, «հակահեղափոխական» ուժերը ԱԺ-ում նոր վարչապետ կընտրեն: Եվ դրան անմիջապես հաջորդում են սպառնալիքները՝ արյունահեղության կամ աղբարկղերը նետելու մասին «դատողությունների» տեսքով:   

Սկսենք նրանից, որ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները, հատկապես ԱԺ-ում ներկայացված ուժերն ու իրենց ղեկավարները գերազանցապես արել են ամեն ինչ՝ ներքաղաքական իրավիճակը հանդարտեցնելու, կայունությունը հնարավորինս վերականգնելու, գործընթացները բնականոն զարգացումների ու հարաբերությունների հուն վերադարձնելու նպատակով։  

Ու տրամաբանական հարց է ծագում. բա եթե դրանք, այդ «հակահեղափոխական», «հակապետական» ուժերը այդքան արյունռուշտ են, էլ ինչո՞ւ անարյուն հանձնեցին իշխանությունը, դեռ մի բան էլ իրենց քաղաքական հակառակորդին չխանգարեցին ընտրել վարչապետ, ավելին՝ հաստատեցին նրա բերած «ծրագիրը» եւ այլն:   

Հիշյալ եւ այդօրինակ խառնակչական հայտարարություններ անողները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե երկրում մի այլ կարգի գերկազմակերպված, համակարգված գործող «հակահեղափոխական խունտա» կա, որ շունչը պահած հենց միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականին է սպասում, որ հեղաշրջում անի:  

Եթե նման բան կա էլ, ապա մի՛միայն Ալեն Սիմոնյանի, Հայկ Մարտիրոսյանի ու նմանօրինակ հայտարարություններ անողների, դրանք տարածողների եւ «հալած յուղի տեղ» կլանողների մղձավանջային երազներում կամ հիվանդագին պատկերացումների հակված երեւակայության մեջ:   

Առհասարակ որտեղի՞ց այդ գերհամոզվածությունը, որ հենց Փաշինյանը հրաժարական տա, ԱԺ մյուս ուժերը վարչապետի այլ թեկնածու են առաջադրելու: Եթե կոնկրետ տեղեկատվություն ունեք, գուցե հրապարակե՞ք: Միգուցե ԱԱԾ տնօրենի՞ն դիմի պատգամավոր Սիմոնյանը՝ նման հարցապնդմամբ ու տեղեկություններ հրապարակելու խնդրանքով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ