«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երբ հեղափոխական իշխանության լիդերներին հարց են տալիս՝ ո՞ւր մնացին, ի՞նչ եղան քաղաքական մենաշնորհների դեմ կենաց-մահվան կռիվ տալու ձեր խոստումները, չե՞ք տեսնում, որ «ափալ-թափալ» արտահերթ ընտրությունների գնալով, հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում 80-90 տոկոս «ջախջախիչ պարտության» մատնելով մրցակից քաղաքական ուժերին, Հայաստանը տանում եք միակուսակցական կառավարման ճանապարհով, զարմացած դեմք են ընդունում։
Իբր՝ ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին կարող է խոսք լինել, եթե, ըստ գործող սահմանադրության, ընդդիմությունն Ազգային ժողովում պետք է ունենա մանդատների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Սա նշանակում է, որ անգամ եթե ընդդիմությունն ընտրությունների արդյունքում 5 տոկոսից ավելի ձայն չհավաքի, «ընդդիմադիր մանդատների» թիվն արհեստականորեն ավելացվում է, մինչեւ լրանա անհրաժեշտ 30 տոկոսը։
Ստեղծված իրավիճակում սա ամենեւին էլ ֆանտաստիկայի ոլորտից չէ՝ նկատի ունենալով Երեւանի ավագանու ընտրությունների նախադեպը, երբ քաղաքացիների 43 տոկոս մասնակցության պայմաններում իշխող կուսակցությունը 82 տոկոս ձայն հավաքեց։
Եվ շատ հավանական է, որ ավագանու անցողիկ շեմը հաղթահարած միակ կուսակցությունը՝ 7 տոկոսանոց արդյունք արձանագրած ԲՀԿ-ն, խորհրդարանական արտահերթ ընտրություններում այդքան ձայն էլ չստանա՝ ՔՊ-ական, ՔՊ-ամերձ հակաքարոզիչների ակտիվ ջանքերով պարզապես դուրս մնա խորհրդարանից, եւ ամբողջ «ավարը» բաժին ընկնի բացառապես «Ելք» դաշինքի հրաշալի եռյակին։
Պատահական չէ, որ բացի արտախորհրդարանական մանր-մունր կուսակցություններից, որոնք անհամբեր սպասում են արտահերթ ընտրություններին՝ համարելով դա եւս մեկ շանս հայտնվելու Ազգային ժողովում (մի կողմ թողնենք, թե որքանո՞վ արդարացված են այդ հույսերը), միայն «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունն» են հիացած օր առաջ արտահերթ ընտրությունների գնալու հեռանկարով։
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը, ի դեպ, չի էլ թաքցնում «երրորդ ուժից» երկրորդը դառնալու հավակնությունները։ Եվ, դատելով ամենից, այդպես էլ կլինի. Հանրապետականը հայտարարել է, որ պատրաստ չէ իր մասնակցությունը բերել ժողովրդավարության հետ ընդհանուր եզր չունեցող այդ միջոցառմանը, «հակահեղափոխական» հռչակված ԲՀԿ-ի գլխին ակնհայտորեն սեւ ամպեր են կուտակվում, «սեւերի» շարքը համալրած Դաշնակցությանը նույնպես հեշտ ժամանակներ չեն սպասվում։
Ինչ վերաբերում է նորելուկներին, մասնավորապես պապից ավելի կաթոլիկ արեւմտամետ, նախկիններին «կախելու եւ գնդակահարելու» ջատագով Սեֆիլյանի հիմնած Հայաստանի կառուցողական (կառուցողակա՞ն) կուսակցությանը, սրանք վստահաբար ի վիճակի չեն եղանակ ստեղծել հայրենի քաղաքական կրկեսում եւ հատել ԱԺ անցողիկ շեմը։ Այնպես որ, «Ելք» դաշինքն ունի բոլոր հնարավորությունները՝ իրենով անելու ապագա խորհրդարանի թե՛ «մեծամասնական», թե՛ «փոքրամասնական» մանդատները, այն էլ՝ իր «կադրային» սուղ ռեսուրսներով եւ անեկդոտների թեմա դարձած տգիտության ապշեցուցիչ դրսեւորումներով։
Ի՞նչ է սա, եթե երկիրը միակուսակցական կառավարման պատանդ դարձնելու մտասեւեռում չէ՝ դատեք ինքներդ։
ՏՎԻՆ, ԱՆՑԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
Երկու օր առաջ խորհրդարանում եւ խորհրդարանի շուրջ տեղի ունեցած «թեժ զարգացումների» ընթացքում Փաշինյանի վարչապետական նկրտումներին սպառնացող հակահեղափոխական սեւ, մութ ուժերի «դավադիր ծրագրերը» վնասազերծելու հարցում իր անուրանալի ներդրումն ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
Արտաքուստ փխրուն այդ աղջիկն իր հնարամտությամբ եւ «հանուն արդարության» ոչ մի բանի առաջ կանգ չառնելու վճռականությամբ հետ չմնաց իր ոչ համարժեք պահվածքով հայտնի Զարուհի Փոստանջյանից՝ հավաքեց «անբարեհույս» պատգամավորների քարտերը եւ փաստի առաջ կանգնեցրեց՝ զրկելով նրանց էլեկտրոնային քվեարկության համակարգից օգտվելու հնարավորությունից։
Ի՞նչն է այստեղ ուշագրավ։ ԱԺ կանոնակարգի մեջ որեւէ կերպ չտեղավորվող անօրինական այդ արարքի հեղինակը ոչ թե ընդդիմության, այլ «իշխանական» այլեւս միակ խմբակցության ներկայացուցիչն էր, ինչը, մեղմ ասած, արտառոց է։
Երկրորդ՝ եթե Փոստանջյանի դեպքում խորհրդարանական մշակույթին անհարիր այդ նախաձեռնությունը զարմանքով, տարակուսանքով ու վրդովմունքով ընդունվեց ներկաների կողմից եւ արժանացավ ոչ միայն հանրապետականների, այլեւ ընդդիմադիրների, այդ թվում՝ «ժառանգություն» խմբակցության պատգամավորների բացահայտ կամ լուռ հակազդեցությանը, հիմա դա որեւէ մեկին կարծես առանձնակի չզարմացրեց։
Եվ դա ինչ-որ տեղ հասկանալի է. զարմանալու բան չկա, քանզի սահմանադրությունը եւ օրենքները հետհեղափոխական Հայաստանում վաղուց արդեն չեն գործում՝ ամենուրեք եւ ամեն քայլափոխի կոպտորեն ոտնահարվում են ընդհուպ պետության առաջին դեմքի մակարդակով։
Ավելին՝ իշխանություն ունեցողների ինքնիրավչության եւ ամենաթողության դրսեւորումները դարձել են նորմ, եւ միակ գործող ինստիտուտը «ժողովրդի կամքն» է (ժողովուրդ ասելով՝ հասկանում ենք Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյան ասելով՝ հասկանում ենք ժողովուրդ)։
Սրանք միայն ծաղիկներն են՝ դեռ ինչե՜ր են լինելու...»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը