«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այն, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու, այսպես ասած, արագացնելու հարցն արհեստածին է, կարծում ենք շատերին է տեսանելի: Մարդիկ, որ հազիվ մեկ-մեկուկես ամիս առաջ, երբ խոսք էր բացվում ԱԺ արտահերթ ընտրություններից, անորոշ արտահայտություններ էին անում եկող տարվա առաջին ամիսների կամ գարնան մասին, մեկեն շրջադարձ կատարեցին ու սկսեցին մեկ-երկու ամսվա, մինչեւ տարեվերջի մասին խոսել:
Միանգամայն ակնհայտ է եւ այն, որ տվյալ հարցը քաղաքական օրակարգում ոչ թե սոսկ առաջ բերելու, այլ առանցքային դարձնելու հիմնական, եթե ոչ՝ միակ ջատագովը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իր գլխավորած «Քաղպայմանագրով»: Ինչպես ակներեւ է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները արագացնելու, հնարավորինս շուտ դրանք անցկացնելու տրամադրություններով վարչապետն ու իր կուսզինակիցները համակվեցին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից անմիջապես հետո՝ ոգեւորված 81 տոկոս արդյունքից:
Չտեսնելու տալով մայրաքաղաքային ընտրությանը քաղաքացիների մասնակցության հազիվ 43 տոկոսանոց ցուցանիշը, «իմքայլականները» որոշեցին, որ պետք է հնարավորինս շուտ անցկացնել կառավարության ծրագրով նախանշված ԱԺ արտահերթ ընտրությունները:
Այսինքն՝ հիմնական ակնկալիքներից մեկն այն է, թե՝ հենց հիմա է հարմար պահը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը արտահերթ ընտրություններով ստանա խորհրդարանական բացարձակ մեծամասնություն՝ վերջնականորեն կամ մի որոշակի ժամանակահատվածի համար լրացուցիչ ամրագրելով Փաշինյանի միահեծան իշխանությունը կամ անձնիշխանությունը:
Այդ համատեքստում, օրինակ, ուշադրություն է գրավում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե այսօր քաղաքացիների համար օրակարգային թիվ մեկ հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Ավելին՝ մինչեւ դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու, որովհետեւ բոլորը, շունչները պահած, սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ավելի ազնիվ կլիներ ասել, որ «Քաղպայմանագրում» են բոլորը շունչները պահած սպասում այդ արտահերթ ընտրություններին: Իսկ քաղաքացիները, համենայն դեպս, մեծամասնությունը հազիվ թե խորհրդարանական արտահերթ ընտրությունը օրակարգային թիվ մեկ հարց համարեն:
Մարդկանց համար բոլորովին այլ օրակարգային առաջնահերթություններ կան. մոտալուտ ձմռանն ու կոմունալ (ջեռուցման) ծախսերի պատրաստությունը, եկամուտների հնարավոր ավելացումը, աշխատանք գտնելը, իսկ այն ունեցողների համար՝ պայմանների եւ վարձատրության չափի բարելավումը:
Միգուցե կարելի է մարդկանց ներշնչել, թե՝ գիտե՜ք, ձեր եկամուտները չեն ավելանում, կամ՝ էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագները չեն իջնում, քանի որ... ԱԺ արտահերթ ընտրություններ չեն եղել:
Բենզինը, օրինակ, իբր, նույն պատճառով չի էժանանում: Միգուցե հնարավոր է մարդկանց համոզել, որ բնակլիմայական պայմաններն էլ, օրինակ, խիստ կվատանան, եթե... ԱԺ արտահերթ ընտրությունները ոչ թե դեկտեմբերին կազմակերպվեն, այլ, ենթադրենք, եկող տարվա ապրիլին: Ոմանք կարող են անգամ դրան հավատալ, որքան էլ զավեշտալի թվա:
Մի՞թե խորհրդարանն է խանգարում, որ հարկերի դրույքաչափերը իջնեն, չգիտեմ՝ տնտեսության ստվերայնությունը կտրուկ նվազի, ներդրումները գոնե գարնանային առվի պես հոսեն «նոր Հայաստան»...
Բայց ինչն է է՛լ ավելի ուշագրավ: Նիկոլ Փաշինյանի այն արտահայտություն-նախապայմանը, թե՝ մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը չլուծվի, երկրում ոչ մի ուրիշ հարց չի լուծվի:
Սակայն, կներեք, ո՞վ է նման բան հայտարարում: Խորհրդարանական ընդդիմության առաջնո՞րդը: Ո՛չ: Արի ու տես, որ նման բան է հայտարարում գործող սահմանադրությամբ, ըստ էության անսահմանափակ ու գրեթե անվերահսկելի իշխանություն ունեցող, պետության ղեկավարի, գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցնող գործիչը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, ով հենց ի պաշտոնե, երկրի «ուրիշ հարցերը» լուծելու հիմնական հանձնառուն ու պատասխանատուն է:
Ի՞նչ է նշանակում նման հայտարարությունը: Ենթադրենք, խմբակցությունների հետ բանակցությունների միջոցով հանգում են փոխհամաձայնության, որ երկու-երեք ամսից գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների: Ուրեմն, ի՞նչ, այդ երկու-երեք ամսվա ընթացքում ամենեւին «ոչ մի ուրիշ հարց» կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը չեն լուծելու, մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները չտեսնե՞ն:
Կամ, ասենք, խմբակցությունների հետ մի երկու շաբաթ բանակցում են, հարցեր ճշտում եւ այլն, այդ 14-15 օրվա մեջ ոչ մի գերատեսչություն ոչ մի ուրիշ հարց չի լուծելո՞ւ (իբր, մինչ այդ այն կողմն այս կողմ էին շրջել, էլի՝ «ուրիշ հարց լուծելով», բայց դա դեռ մի կողմ):
Լավ, որքա՞ն կարելի է երկիրն ու հասարակությունը պահել սեփական քաղաքական քմահաճույքների, կապրիզների պատանդի կարգավիճակում կամ առաջնորդվել քաղաքական շանտաժի մարտավարությամբ:
Ի՞նչ է, Ազգային ժողովի գոյությո՞ւնն է կամ ներկայիս կա՞զմն է խանգարում, որ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, օրինակ, խոսի հայության զանգվածային ներգաղթ կազմակերպելու իր կոնկրետ ծրագրերի ու քայլերի մասին՝ ժամանակացույցով, գործընթացի ֆինանսական ապահովման կոնկրետ աղբյուրներով, ներգաղթած կամ վերադարձած հայրենակիցների տեղավորման եւ հետագա սոցիալ-տնտեսական ապահովման հիմքերով եւ այլն:
Դեռ որ, առնվազն մայրաքաղաքում, աչքի է զարնում բոլորովին այլ ներհոսք, հիմնականում ասիական երկրների տարատեսակ բնակիչների տեսքով, այնպիսի անձանց, որ ակնհայտորեն ո՛չ զբոսաշրջիկ են, ո՛չ էլ՝ ուսանող:
Մի քանի անգամ արդեն առիթ ունեցել ենք նշելու, թերեւս արժե հակիրճ կրկնել. այդ ի՞նչ է փորձել իրագործել կառավարությունը, որ խորհրդարանը խանգարել կամ խոչընդոտել է: Կարծես մինչեւ հիմա նման «սաբոտաժային» դրսեւորումներ չեն եղել:
Հարցը, ի վերջո, ԱԺ արտահերթ ընտրությունները չեն, որ այսպես թե այնպես մայիսին նախանշվեցին, որ հաջորդող մեկ տարվա ընթացքում անցկացվեն: Հարցը Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք՝ խիստ մտահոգությունն է, որ կարող է կորցնել ապրիլ-մայիսին փողոցային պրոցեսներով ձեռք բերած վարչապետական աթոռը: Սա՝ մի կողմից:
Իսկ մյուս կողմից, նա պարզապես ձգտում է օր առաջ օգտվել քաղաքական դաշտ կոչվածի կիսաշոկային վիճակից, իսկ հնարավոր մրցակիցներին էլ զրկել ընտրություններին պատրաստվելու հարցում կարեւոր այնպիսի գործոնից, ինչպիսին ժամանակն է:
Արագացումը, մանավանդ քաղաքականության մեջ, երբեմն կարող է չար կատակ խաղալ արագացնողի հետ: Հատկապես եթե կենտրոնախույս ուժի ազդեցությունը հաշվի չես առնում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը