«168 Ժամ»-ը գրում է․ «Այս տարվա հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել Սևանի շաքարի գործարանին: Գործարարներից մեկը հայտարարել էր, որ մոտ 15 տարի առաջ ներդրում է կատարել Սևանի շաքարի գործարանում, 4 տարի աշխատելուց հետո եկել է Սամվել Ալեքսանյանը, «վերցրել է մի փայը», ու գործարանն արդեն 9 տարի կանգնած է:
Այժմ գործարանում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է վերագործարկել այն:
Երեկ գործարան է այցելել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, և «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։
«168.am»-ը Ա. Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը գործարանի հետ, արդյոք սեփականատե՞ր է։
«Էկոնոմիկայի նախարարությունը սեփականատերերի հարցով չի զբաղվում: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են սեփականատերերը: Մեզ համար կարևոր է, թե տնտեսական միավորը, կազմակերպությունն ունի՞ հնարավորություն, և ի՞նչ աջակցություն է պետք, որպեսզի իրենք կարողանան դառնալ մեր արտադրողներից: Փառք Աստծո, որ այսօր սեփականատերերից մեկը և պատասխանատուն վերցրել է այդ բեռն իր ուսերին և դիմել է նաև մեզ՝ աջակցելու համար, որպեսզի Սևանի գործարանը վերագործարկվի»,- ասաց Ա.Մինասյանը:
Նա հստակ չպատասխանեց հարցին՝ Սամվել Ալեքսանյանը բաժնեմաս ունի՞, թե՞ ոչ: «Ես չգիտեմ: Ըստ մեզ մոտ եղած փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հոդվածների՝ Սամվել Ալեքսանյան անուն չկա: Բայց նորից եմ ասում՝ դա մեր նախարարության իրավասության հարցը չի: Եվ նույնիսկ ցանկացած սուբյեկտ, եթե ունի լրացուցիչ այլ մրցակից կազմակերպություն, դա տնտեսական մրցակցության պաշտպանության դաշտում է»,- ասաց նախարարը:
Մեր դիտարկմանը, որ, եթե այս գործարանն էլ է պատկանում Ալեքսանյանին, ապա մենաշնորհի խնդիր է, Ա.Մինասյանը պատասխանեց. «Մենք ունեինք մեկ սուբյեկտ, որը գործունեություն էր ծավալում, հայտնվել է երկրորդ սուբյեկտը: Ես չգիտեմ՝ ում է պատկանում, բաժնետերերից մեկի մասին խոսեցի, ով գտնվում էր այդտեղ և պատասխանատու էր, վստահաբար՝ նա Սամվել Ալեքսանյանը չէր»:
Նախկինում Սևանի շաքարի գործարանը լուրջ մրցակցություն էր առաջացրել շաքարի մենաշնորհատեր համարվող Սամվել Ալեքսանյանի համար: Գործարանն իր գործունեությունը սկսել էր 2003 թվականին: Կատարվել էր շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2005 թվականից ընկերությունը համագործակցություն էր սկսել ՎԶԵԲ-ի հետ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվում էր ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքն ամբողջությամբ իրացվում էր Հայաստանի ներքին շուկայում: 2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել էր 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ 400 հազար ԱՄՆ դոլարի։
Սակայն հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր անհայտ կամ հայտնի, բայց չբարձրաձայնվող պատճառներով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը