26 09 2018

Արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը կադրային զգալի փոփոխություններ կանի․ «Փաստ»

Արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը կադրային զգալի փոփոխություններ կանի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասարակության մեջ օրավուր դժգոհություններ են հասունանում նոր իշխանությունների կողմից նշանակված մի շարք պաշտոնյաների գործունեությունից, իսկ ավելի ճիշտ՝ անգործությունից, ինչպես նաև ոչ կոմպետենտությունից:

Մեր տեղեկություններով, այս մասին պարբերաբար իրազեկվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ ժամանակ առ ժամանակ անձամբ է համոզվում, որ առանձին նշանակումներ ուղղակի սխալ էին: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, վարչապետն այս փուլում որոշել է ձեռնպահ մնալ կտրուկ փոփոխություններից՝ մի քանի պատճառներով:

Նախ, որպեսզի խուսափի թիմի ներսում դժգոհություններից ու բողոքավորների ի հայտ գալուց, երկրորդ՝ արտահերթ ընտրությունների շեմին անիմաստ է կատարել փոփոխություններ, քանի որ նշանակվածները գոնե փոքրիշատե ադապտացվել են իրենց համակարգերին, որքան էլ վատ աշխատողներ կամ ոչ կոմպետենտ լինեն: Իսկ նոր նշանակվողների համար ևս մի քանի ամիս է պետք հատկապես մարդկային ռեսուրսի հետ աշխատելու համար:

Ուստի, մեր տեղեկություններով, արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը կգնա զգալի փոփոխությունների, եթե խորհրդարանում մեծամասնություն ունենա և նորից կառավարություն ձևավորի, քանզի այդ ժամանակ արդեն ձախողումները հնարավոր չի լինի արդարացնել ո՛չ անցումային ժամանակաշրջանով, ո՛չ ՀՀԿ–ական խոչընդոտներով, ո՛չ ժամանակի սղությամբ, ո՛չ էլ, առավել ևս, անփորձությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ