15 09 2018

Ո՞վ է իրականում զանգել Վանեցյանին․ «Հրապարակ»

Ո՞վ է իրականում զանգել Վանեցյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ուժային կառույցների ղեկավարների խոսակցության սկանդալային գաղտնալսումն ու դրա հրապարա­կումն ակամա ուշադրություն հրավիրեց դատական համակարգի և դատավորների վրա: Արդեն հայտնի է, որ հեռախոսազրույցում ԱԱԾ տնօ­րեն Արթուր Վանեցյանի մատնանշած «դատավոր Հրաչն» իրականում Վաչե Մարգարյանն է, ով բավարարել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորե­լու միջնորդությունը։

Մարգարյանը հաջորդ օրը հերքեց խոսակցության այդ մասը՝ ասելով, որ ինքը երբեք չի խոսել ԱԱԾ պետի հետ: Բայց դա դեռ չի նշանակում, որ Մարգարյանն այս խոսակցության հերոսը չէ: Մենք տե­ղեկացանք, որ իրականում ոչ թե Վաչե Մարգարյանն է զանգել Վանեցյանին, այլ Մարգարյանի համար են զանգել: Բանն այն է, որ Վաչե Մարգար­յանն այդ օրերին հայտնվել է անորոշ և ահաբեկված վիճակում, մի կողմից կար քաղաքական հրահանգ՝ «փակել» Քոչարյանին, մյուս կողմից նա պետք է համարձակվեր իսկապես «փակել» երկրի երկրորդ նախագահին:

Համաձայնեք՝ ոչ բոլորը կհամարձակվեին այդ քայլին գնալ: Ոչ մի դատավոր ինքնուրույն նման որոշում չի կայացնում: Իսկ ընդունված ավանդույթի համաձայն՝ նրա վերադաս դատարանը կամ իր դատարանի նախագահն է ասում, թե ինչ անի:

Այս պարագայում դատա­վորը նախ փորձել է ճշտել իր անելիքը դատարանների նոր «վերադասից»՝ Բարձրագույն դատական խորհրդից և դիմել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին, սակայն Հարու­թյունյանը հրաժարվել է այս հարցում ստանձնել պատասխանատվություն և որևէ կերպ կողմնորոշել դատա­վորին: Նա զայրացել է այս փաստից և ձեռքերը լվացել՝ հայտարարելով, որ եթե դատավորը չունի բավարար կամք՝ ինքնուրույն որոշում կայացնե­լու, ուրեմն նա չի կարող դատավոր աշխատել:

Սակայն, մեր տեղեկու­թյուններով, առաջին ատյանի դատարանների համար իրական «ասողը»՝ Երևանի մեկ միասնական դատա­րան ձևավորվելու օրվանից ի վեր, այս դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն է՝ Արման Մկրտումյանի մոտ ընկերը և սանիկը, որը զարմանալիորեն վերանշանակվեց այս պաշտոնում, չնայած Մկրտումյանի աստղն արդեն գնում էր մարման: Հենց Վարդազարյանն էլ փորձել է ճշ­տել իշխանությունների «բերանի գոլը» և բանակցել է նրա հետ: Նա, ասում են, միշտ էլ կարողացել է ուժայինների և իշխանությունների հետ լեզու գտ­նել: Ըստ լուրերի՝ հենց նա էլ խոսել է Վանեցյանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ Ազգային ժո­ղովում հայտարարեց, որ իրեն զան­գում են դատավորներ և հարցնում, թե ինչպես վարվել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ