«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առողջապահական համակարգի կարևորագույն խնդիրները թողած, զբաղված է զավեշտալի գործողություններով: Այս անգամ Թորոսյանը որոշել է ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը ամբողջովին փոփոխել: Ընդ որում` այս դեպքում միքանիամսյա նախարարը թաքուն-թաքուն է որոշում կայացրել, առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ: Թերթը տեղեկացել է, որ Թորոսյանի՝ սեպտեմբերի 7-ի հրամանով նախարարության գլխավոր մասնագետներն այլևս հանդես են գալու որպես խորհրդատուներ: «Թորոսյանի խելքին փչել է կրճատել նաև գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը` 76-ից հասցնելով 45-ի: Եվ ամենակարևորը, փոփոխությունների է ենթարկվել նաև նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները և գործառույթների շրջանակը:
Խորհրդատուների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: ... Համենայն դեպս, մինչև հիմա գլխավոր մասնագետ են համարվել այդ ոլորտի կարկառուն ներկայացուցիչները, որոնք ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս որպես բժիշկ մեծ համբավ ունեն: Բայց սա առաջին դեպքը չէ, երբ Թորոսյանը իր մտերիմներին «նշանակում է» կարևոր պաշտոնների: Թեև գլխավոր մասնագետը պաշտոն չէ և այն կրողը երբևէ չի վարձատրվել: Այնուամենայնիվ, այս դեպքում Թորոսյանը դարձյալ չի մոռացել իր ընկերներին, մտերիմներին և նրանցից մի քանիսին նշանակել խորհրդատու: Իսկ նրանք, ովքեր ցանկից դուրս են մնացել և այլևս չեն կոչվելու գլխավոր մասնագետ, այդ մասին տեղեկացել են պատահական. մեկին գործընկերն է զանգով փոխանցել, մյուսը մամուլի միջոցով, իսկ մի հատվածն էլ` մեր զանգից հետո:
Այս մասնագետների թվում է նաև ՀՀ գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը և այլք»,-գրել է թերթը:
Անվանի մասնագետները թերթի հետ զրույցում հաստատել են, որ պատահմամբ են իմացել նախարարի որոշման մասին: «Կարճ ասած` նախարար Թորոսյանը շարունակում է ինքնադրսևորվել, բնականաբար, այլոց հաշվին: Նախարար Արսեն Թորոսյանն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ թերևս այդպես փորձելով ապահովագրել ինքն իրեն: Բայց արդյո՞ք կներվեն նրա այս սխալները, որոնք թույլ է տալիս գործունեության ընթացքում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը