«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Անցյալի տարեգիրները հաղորդում են, որ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդն ասել է՝ «Պետությունը ես եմ»: Ինչ վերաբերում է մեր օրերին, ապա հայրենի թավշահեղափոխական վերնախավը «դուխով» ու թափով մոտենում է այն եզրագծին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի. «Ժողովուրդը ես եմ»:
Համենայն դեպս նման տպավորություն թողեց Փաշինյանի՝ նախօրեի «ուղիղ միացման» ժամանակ արած հայտարարությունը, թե այն պահին կհեռանա վարչապետի կարգավիճակից, երբ լինեն երաշխիքներ, որ որեւէ մեկին հնարավորություն չի տա, որ իշխանությունը վերցնի ժողովրդի ձեռքից: Լավ, մեջբերմամբ, ինչպես ասվում է, ուղիղ խոսքով. «Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը: Իմ այստեղ լինելը իմաստավորվում է եւ կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով որոշողը լինելու եք միայն դուք՝ ՀՀ քաղաքացիներդ:
Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը: Ես պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք ՀՀ իշխանության, իսկ երբ կհեռանամ, պետք է ունենամ հստակ երաշխիքներ, որ որեւէ մեկին թույլ չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»։
Ի՞նչ է սա, ժողովրդահաճության կամ պոպուլիզմի հերթական դրսեւորո՞ւմ: Ակնարկ կամ ակնարկների («մեսիջի» իմաստով) շա՞րք: Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակում իրեն համարում է ժողովրդի ներկայացուցիչը: Նորմալ է: Բայց ո՞ր ժողովրդի:
Նկատի ունենք՝ միայն իրեն նույն այդ «լայվերի» ներքո «դուխ տվող», սատարող, աջակցող հայրենակիցների՞, թե՞ նաեւ, ասենք, դժգոհող, քննադատող, ոչ այնքան ոգեւորված կամ պարզապես «ավանդական» սպասողական կեցվածք դրսեւորող քաղաքացիների ներկայացուցիչը եւս: Ուզում ենք հիշեցնել այն պարզ իրողությունը, որ ժողովուրդը, իր հավաքականությամբ հանդերձ, միեւնույն է, բազմաշերտ է, միատարր զանգված չէ, այնուամենայնիվ:
Հրաշալի է, որ Նիկոլ Փաշինյանը «ժողովրդի ներկայացուցիչն» է վարչապետի կարգավիճակում: Կարելի է կարծել, թե իրենից առաջ եղածները ինչ-որ այլերկրացիներ կամ այլմոլորակայիններ էին: Առհասարակ վարչապետը լինում է մեծամասնության ներկայացուցիչը: Այն մեծամասնության, որը ձեւավորվում է մեր դեպքում՝ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որպես նույն այդ ժողովրդի ձայների մեծ մասն ստացած քաղաքական ուժ:
Հիմա, մի փոքր պատկերն այլ է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետանալը, այսպես ասենք, որոշվել է հրապարակում: Բայց գաղափարը, ի վերջո, նույնն է՝ մեծամասնության քվեների փոխարեն, նա հանրության փողոց ելած հատվածի ու մասամբ նաեւ՝ չելածների ձայների մեծամասնությունն է ստացել:
Ըստ նրա, իշխանության ճակատագիրը որոշողը լինելու են միայն ՀՀ քաղաքացիները: Շատ ինքնատիպ միտք է, այնպես չէ՞: Հա, բայց մի տեղ արդեն կարծես դա կարդացել էինք: Ախ, հա, ինչպես կարող էինք չհիշել, ախր, այդ միտքը, գաղափարը, մոտեցումը, սկզբունքը, մի խոսքով, ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ: Հենց երկրորդ, ընդգծենք՝ ա՛նփոփոխելի հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:
Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի ասելով չէ, էլի, որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» կամ իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը: Այո, երբեմն նաեւ փողոց ելնելով, բայց հիմնականո՛ւմ՝ ազատ ընտրությունների եւ հանրաքվեների միջոցով:
Հետեւաբար ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դա մի հատ էլ ընդգծում ու առիթ-անառիթ կրկնում, ի դեպ: Նա, ի՞նչ է, իրեն սահամանդրությունից բա՞րձր է կարծում: Արդե՞ն: Մի քիչ արա՞գ չընթացավ նորիշխանավորների, այսպես ասենք՝ «վիշապամտանալը»:
Չէ, բայց լուրջ: Որ ասում է, թե՝ «պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք ՀՀ իշխանության», հատկապես ի՞նչ նկատի ունի: Արդյոք դրանից բխո՞ւմ է, որ մնացածը, այդ թվում՝ մյուս բոլոր գործիչները, պետական իշխանության մարմինները, երկրի Մայր օրենքն ու առհասարակ օրենքները հե՞չ, հենց միայն Նիկոլ Փաշինյա՞նը պիտի երաշխավորի, որ ժողովուրդը կրողն է ՀՀ իշխանության: Մի քիչ շա՞տ բան չեք ձեր վրա վերցնում: Հա, ու մե՛խը: Հրապարակի ժողովրդի սիրելի վարչապետն ասում է, թե երբ հեռանա (վարչապետի պաշտոնից), պետք է ունենա հստակ երաշխիքներ, որ որեւէ մեկին թույլ չի տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից:
Գիտե՞ք, ժողովրդի ձեռքից «իշխանությունը վերցնել» հնարավոր է միայն օրենքի եւ սահմանադրության խախտումներով, ասենք, զինված հեղաշրջմամբ, պարզապես՝ հեղաշրջմամբ, խունտայով կամ էլ՝ ընտրությունների արդյունքները կեղծելու, խեղաթյուրելու հետեւանքով: Բայց, նախ, ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է ժողովրդի ձեռքում գտնվող իշխանության մասին:
Դե, եթե ինքն է ժողովրդի ներկայացուցիչը, ապա, բնականաբար, առաջին հերթին նկատի ունի հենց իրեն: Պարզ ասած, նա չի հեռանա վարչապետի պաշտոնից, մինչեւ հստակ երաշխիքներ չունենա, որ... թույլ չի տա այդ իշխանությունը վերցնել ժողովրդի, իմա՝ իր ձեռքից: Կարճ ասած՝ չի հեռանա:
Երաշխիքների հարցն էլ է բավական երերուն: Ի՞նչ իմանաս, թե վարչապետ Փաշինյանը հատկապես ի՛նչը երաշխիք կհամարի կամ չի համարի: Կամ, եթե անգամ համարի, դա կդիտի՞ բավարար, կներեք, հստա՛կ երաշխիք, թե՞ ոչ:
Առհասարակ երաշխիքը կարծես թե օրենքները պիտի լինեն, կայացած պետական համակարգը, իշխանության տարանջատ եւ միմյանց հավասարակշռող եւ յուրաքանչյուրն իր գործառույթն իրականացնող ճյուղերը (օրենսդիր, գործադիր, դատական), կայացած քաղաքական բազմակուսակցական համակարգը, արժեքային ընկալելի կողմնորոշիչներով ու նորմերով առաջնորդվող հասարակությունը:
Չնայած... եթե ասում ես, թե հրապարակը իշխանության գերագույն մարմին է, ապա «ժողովրդի իշխանության» ապահովման երաշխիք տեսնել-չտեսնելն էլ երեւի պետք է մեկ անձի ընկալումներից կախված լինի, եւ այդ մեկ անձը Նիկոլ Փաշինյանն է: Գործիչ, որը, օրինակ, անզիջում պայքար էր մղում, որ դպրոցներում չփակցվի պետության ղեկավարի նկարը: Եվ գործիչ, որը իշխանության ղեկին հայտնվելով՝ չի ընդդիմանում, որ իր նկարով դպրոցական օրագրեր տպագրվեն եւ վաճառվեն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը