06 09 2018

Որքա՞ն արագ կարող են մսխել վստահության պաշարը․ «Հայոց աշխարհ»

Որքա՞ն արագ կարող են մսխել վստահության պաշարը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ովքեր օգտվում են ոչ միայն համացանցից, այլեւ սոցցանցերում են «լինում», նկատած կլինեն, իհարկե, իշխանամետ-իշխանապաշտպան հայրենակիցներին ու նրանց սիրազեղուն արձագանքներն ու մեկնաբանությունները, ավելի ճիշտ՝ կառավարությանը, վարչապետին, տարբեր այլ մեծումիջին պաշտոնյաներին խրախուսող, անվերապահ սատարող, նրանց «արեւին մեռնող», «ցավը տանող», մարմնի տարբեր մասեր ու ներքին օրգաններ փոխաբերաբար ուտելու ցանկություն արտահայտող գրառումներն ու ռեպլիկները:  

Նույն, կարելի է ասել «աջակցող բրիգադների» առանձին խմբեր եւ օղակներ, ի լրումն այդ ամենի, նաեւ խնդիր են դրել ամեն կերպ, հիմնականում՝ հայհոյախոսությամբ ու սպառնալիքներով, վիրավորանքներով լռեցնել բոլոր նրանց, ովքեր կասեն, թե վարչապետ Փաշինյանի աչքի վերեւը հոնք կա, կամ մորուսի մազը ծուռ է:   

Սոցցանցային գրառումներով այդ իշխանասեր աջակիցները, լինեն իրական թե «ֆեյք» օգտատերեր, բոլոր «հակահեղափոխականներին», այսպես ասած՝ «խաչում» են, բառերով՝ «կախում-գնդակահարում», քննադատական դիտարկումներ անողներին էլ՝ «կոխում ցեխը» եւ «պորտը տեղը դնում»   Մի խոսքով, «սիրո եւ համերաշխության» ամբողջ շքեղությունը՝ մոխրագույնի բոլոր վառվռուն երանգներով:   

Սա, իհարկե, ինչ-որ մի նորություն չէ: Ինչպես նորություն կամ գաղտնիք չէ, որ սոցցանցերում նման «բրիգադները» հենց այնպես չեն հայտնվել կամ հենց այնպես չեն գործում, այլ որոշակիորեն ուղղորդվում են կոնկրետ շրջանակներից, ըստ որում՝ նաեւ համակարգում են իրենց գործունեությունը, ունեն միգուցե նաեւ դերաբաշխում:

Սակայն սոցցանցային գործիքների, մանիպուլյացիոն հնարքների, հանրային կարծիքի ուղղորդման կամ մեխանիզմների հարցերը չէ, որ տվյալ դեպքում ուշադրություն են գրավում։ Դրանք, ինչպես ասվում է՝ իրենց հերթին: Հանուն ճշմարտության, հարկ է նկատել, որ ինչպես անձամբ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ՝ այդ մղման իներցիայով նրա գլխավորած կառավարությանն ու նախարարներին անվերապահորեն սատարող-պաշտպանող-արդարացնողները բոլորը չէ, որ «բրիգադային մարտիկներ» են: Շատերն իրական մարդիկ են, իրական օգտատերեր, մնացյալ այլ իրավիճակներում՝ համարժեք, անգամ՝ բարեհամբույր վարքով ու պահվածքով:   

Կարճ ասած՝ սովորական ՀՀ քաղաքացիներ են, որոնք իսկապես էլ եւ, ուզում ես հավատալ, միանգամայն անկեղծորեն աջակցում ու, ամենից կարեւորը, վստահում են։Ավելացնենք, որ վիրտուալ ցանցերում գրանցված այդպիսի օգտատերերից բացի, կան նաեւ ոչ քիչ հայրենակիցներ, որ ինտերնետի հնարավորություններից երեւի միայն «սկայպն» են օգտագործում հեռուներում հայտնված հարազատների հետ ձրի խոսելու համար ու՝ «ֆեյսբուքների» տեղն էլ չգիտեն:

Կարճ ասած, ակնհայտ եւ պարզից էլ պարզ է, որ հասարակության մի որոշակի մասը մեծ վստահությամբ է վերաբերվում ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ՝ նրա գլխավորած կառավարության, հատկապես՝ «հեղափոխական» ներկայացուցիչներին:   

Դրանում դժվար չէ համոզվել՝ հետեւելով այն արձագանքներին, որոնք հաջորդում են «թավշահեղափոխական» իշխանության այս կամ այն ներկայացուցչի՝ «մի փութ մեղրով չուտվող», պարզապես անհեթեթ կամ անընդունելի հայտարարություններին, արտահայտություններին, որոնց հայրենի քաղաքական սլենգով ընդունված է ասել՝ «բլթոց»:   

Ով ասես եւ ինչ ասես, որ, կներեք, չի «բլթացնում»: Դե, մի կողմից հասարակությունը որոշ իմունիտետ ունի, ի վերջո, առաջին ու, ցավոք, ոչ էլ վերջին պաշտոնյաներն են, որ անհեթեթ բաներ են ասում: Նույնիսկ մի տեսակ անսովոր կլինի, որ որեւէ պաշտոնյա ինչ-որ մի անհեթեթությամբ աչքի չընկնի՝ խոսքով թե գործով: Մեր օրերում այդ առումով առանձնապես աչքի են ընկնում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, առանձին դեպքերում՝ փոխվարչապետերը, եթե ավելի վերեւ չնայենք:   

«Վարակն» արդեն ապագա պաշտոնավորներին է հասել, ինչի՜ մասին է խոսքը: Շատ հեռու չգնալու համար «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող ու Երեւանի հնարավոր հաջորդ քաղաքապետ համարվելու հնարավորություն ունեցող Հայկ Մարությանի՝ «սեւ ու սպիտակ ուժերի» մասին խայտառակ հայտարարությունն ինչ ասես արժեր:   

Բայց այս պարագայում ոչ թե այդ հայտարարությունները կամ, կներեք, «բլթոցներն» ենք դիտարկում, այլ հասարակության մի որոշակի հատվածի՝ հաջորդած արձագանքները: Հատկապես արդարացնող-պաշտպանող, մոտավորապես՝ «լավ է արել», «ապրես», «դուխով» եւ այդ կարգի:    Դա, եթե խիստ հակիրճ, հենց վերը նշված հանրային վստահության արտացոլանքն է նաեւ: Այնպիսի տպավորություն է, որ եթե ոչ միայն Հայկ Մարությանը, այլեւ իշխանության եկածներից որեւէ մեկը, դե, էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանի մասին, ինչ սխալ, անընդունելի բան ասի կամ անի, միեւնույն է, դա իրենց ներվելու է, ավելին՝ կգտնվեն ոչ քիչ թվով անձինք, որ անմիջապես կսկսեն պաշտպանել ու արդարացնել նման արտահայտությունը եւ քայլը:   

Ըստ որում՝ դա այն դեպքում, երբ նույն այդ մարդկանց մի ահռելի մասը հազիվ մի քանի ամիս առաջ պատրաստ էր բողոքի ցույց ու ամեն ինչ անել, եթե հանկարծ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկնումեկը իրեն նման սխալի արտահայտություն կամ քայլ անելու «ճոխություն» թույլ տար:   

Այնպես որ, «թավշյա» իշխանությունը վստահություն է վայելում: Բայց կարծեք՝ միայն վայելում է: Գուցե սխալվում ենք կամ կցանկանայինք սխալվել, սակայն ավելի գերիշխող է դառնում այն զգացողությունը, որ «Նիկոլ Փաշինյան ու ընկ.» միավորումն ավելի շուտ սպառում, իսկ առանձին դեպքերում պարզապես մսխում է հանրային վստահությունը, այլ ոչ թե՝ ձգտում այն արդարացնել:   

Այնպես է թվում, որ պետության ղեկին հայտնված անձինք խնդիր են դրել իրենց առաջ, թե որքան արագ կարող են սպառել, մաշեցնել կամ մսխել հանրության մի որոշակի մասի անվերապահ վստահությունը: Այն, ի վերջո, անսպառ չէ:    Իհարկե, կլինեն արձագանքողներ, թե՝ սպառում են, թող սպառեն, դո՞ւք ինչու եք անհանգստանում, եւ ավելի լավ՝ որքան արագ սպառեն, այնքան շուտ վրա կգա սթափվելու եւ գործի անցնելու պահը։ Դա էլ կա, իհարկե:   

Բայց ողջ հարցն այն է, որ իշխանության աշխատանքն ու դրա, նաեւ արած հայտարարությունների ու հռչակած մոտեցումների հետեւանքները վերաբերում են ոչ միայն իրեն անվերապահորեն վստահող-աջակցողների կյանքին ու հասարակական, քաղաքական, տնտեսական եւ այլ՝ օրենքով չարգելված գործունեությանը, այլեւ երկրի բոլոր քաղաքացիների ու բնակիչների:   

Կարճ ասած, եթե տուժելու հարց է ծագում, ապա բոլորն են տուժում, ներառյալ, որոշակի դեպքերում՝ պետությունը, անկախ նրանից, թե քանիսն են դա ընդունում կամ ընկալում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ