01 09 2018

Երևանցիները պետք է սովորեն ապրել նոր պայմաններում․ «Հայոց աշխարհ»

Երևանցիները պետք է սովորեն ապրել նոր պայմաններում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է ․ «Եվ այսպես. վերջնականապես որոշակիացավ քաղաքական ուժերի շրջանակը, որոնք պայքարելու են Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար։ Բնորոշել խաղացողների երանգները, մեծությունն ու հատկությունները շատ դեպքերում դյուրին չէ։ Հավանաբար քաղաքական կյանքում այնուամենայնիվ գործում են այն նույն զգայախաբությունները, ինչ մեզ շրջապատող իրականության մեջ։   

Օրինակ, նույն գորշ գույնը կարող է մերթ ավելի բաց, մերթ ավելի մուգ թվալ՝ կախված խորապատկերից, որի վրա տեսնում ենք այն։ Դա նկարիչներին լավ հայտնի «լուսային կոնտրաստի օրենքն» է։ Այն կապված է աչքի ցանցաթաղանթի կառուցվածքի առանձնահատկությունների՝ ընկալվող պատկերի կոնտրաստը դրա մեջ ուժգնացնող, այսպես կոչված՝ կողմնային արգելակման մեխանիզմի գոյության հետ։  

Մեկ այլ զգայախաբություն. սպիտակ պատկերները սեւ խորապատկերի վրա ավելի մեծ են թվում, քան սեւ պատկերները՝ սպիտակի վրա։   «Հեղափոխականների» կողմից ընտրություններին մասնակցում են միանգամից մի քանի ուժեր։ Այստեղ ե՛ւ Փաշինյանի «Իմ քայլն» է, ե՛ւ «Լույսը», ե՛ւ «Երեւանի հանրությունը», ե՛ւ «Երեւանցիները»...  

Թեեւ, կարծում ենք, նրանք կարող էին եւ չփոշիացնել ուժերն ու չպայքարել միմյանց դեմ, այլ միավորվել մեկ դաշինքում եւ անվանել իրենց, ասենք, «Կյանքի ուժ»։ Եթե ընտրվեր այդ տարբերակը, ապա «Կյանքի ուժում» քաղաքական իմպոտենտների հսկայական քանակի գոյությունը կարող էր ուշագրավ պատկեր ստեղծել։  

Եթե, ասենք, ինչ-որ նորմալ կուսակցության ներկայացուցիչը խոստովանում է, որ քաղաքական պայքարը զրկել է իրեն առնական ուժից, ապա դրա մեջ առանձնակի խայտառակություն չի լինում։ Պատահում է այնպես, որ մարդն անձնուրաց նվիրում է իրեն կուսակցության գործին եւ այն աստիճան ուժասպառ լինում պայքարի ընթացքում, որ ի վիճակի չի լինում կրքոտ հարաբերությունների։  

Սակայն որեւէ նորմալ կուսակցության պարագայում վիտալությունը, նույն ինքը՝ բեղմնավոր կենսական ուժը, հիմնարար ծրագրային դրույթ չի հանդիսանում, այնպես որ եթե այդ կուսակցության ակտիվիստները հանկարծ տկարանան, հակակուսակցական ոչ մի երեւույթ դրա մեջ չի դիտարկվի։   Մինչդեռ հեղափոխական միացյալ դաշինքի ակտիվիստների պարագայում ավելի բարդ կստացվի, քանզի «Կյանքի ուժը» ծրագրայնորեն պարտավորեցնում է վիտալության, իսկ եթե հեղափոխական ակտիվիստը ուժ չունի, ապա ուրիշ ո՞վ ունի։ Սակայն Փաշինյանը որոշեց այնուամենայնիվ չմիավորել հեղափոխականներին եւ ընտրությունների գնալ առանձին։ Գուցեեւ նա իրավացի է. ո՞ւմ է պետք անօգուտ բալաստը։  

Իսկ գուցե կրկնում է Աթենքի սխալը, որը համարում էր իրեն հելլենիզմի առաջատարը, «Հելլադայի դպրոցը»։  

Նույնիսկ երբ եկավ ճակատագրական պահը, Աթենքը նախընտրեց մեկուսացումը եւ իր մեծամիտ դիրքերից անտարբերությամբ հետեւում էր, թե ինչպես է Հռոմը ջախջախում կատաղի դիմադրող հարեւաններին։ Աթենքը օգնության չհասավ նրանց, թեեւ վերջիններս փորձեր էին ձեռնարկում պաշտպանության նպատակով դաշնություն ստեղծել։ Եվ միայն երբ Հռոմը սկսեց սպառնալ անմիջականորեն իրենց քաղաքին, աթենացիները վերջապես ուշքի եկան։  

Սակայն այդ ժամանակ բոլոր հավանական դաշնակիցներին Հռոմը արդեն ոչնչացրել էր։ Իր անհեռատեսության համար Աթենքը դաժանորեն հատուցեց։ Ք.ա. 86 թվականին Սուլլան գրոհով վերցրեց Աթենքը։ Եվ չնայած Սուլլան գթաց քաղաքը, լիովին չթալանեց ու չոչնչացրեց, այդուհանդերձ դա դարձավ աթենական քաղաքական պատմության խայտառակ ավարտը։  

Ամեն դեպքում Փաշինյանի ինքնվստահությունն այնքան մեծ է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում նա առաջադրեց դերասան Հայկ Մարությանին՝ «Կարգին Հայկոյին»՝ դրանով իսկ զրկելով հայրենի գովազդային բիզնեսին առանցքային կերպարից։ Հանձն չենք առնի դատել ապագա քաղաքապետի դերասանական ունակությունների մասին։ Դոկտոր Դորնը Չեխովի «Ճայը» պիեսում արձանագրում է. «Փայլուն տաղանդները քիչ են, դա ճիշտ է, բայց միջակ դերասանի մակարդակը ներկայումս անհամեմատ ավելի է բարձրացել»։   

Այսօր հայոց աշխարհում քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաեւ դերասանների, կարելի է առանց երկմտելու շրջել նրա արտահայտությունը. փայլուն տաղանդներ կան, թեեւ նրանք նույնպես քիչ են, բայց, այ, միջակները գրեթե իսպառ վերացել են։   

Ներկայումս քաղաքական թատրոնում կարելի է սքանչելի ներկայացում դիտել։ Սակայն միջակ, նորմալ, պրոֆեսիոնալ բեմադրված ներկայացումը կարելի է գրանցել Կարմիր գրքում՝ որպես բնաջնջման եզրին գտնվող վերացող տեսարան։ Քաղաքական ներկայացումները մեզանում կա՛մ հանճարեղ են, կա՛մ ապաշնորհ։  

Սակայն ապագա քաղաքապետի դերասանական ունակությունները երկրորդական հանգամանք են։ Այն, որ «Կարգին Հայկոյի» կառավարումը ռեկորդային ժամկետներում կնետի մայրաքաղաքը քաոսի մեջ եւ կառաջացնի երեւանցիների սաստիկ հիասթափությունը, կասկածի տակ առնել դժվար է։ Պատահական անցորդին նստեցնելով աերոբուսի ղեկին, կարելի է հաշված րոպեների ընթացքում ջախջախիչ ցուցանշականությամբ ապացուցել բոլորին, որ դա անել ոչ մի դեպքում չէր կարելի։ Սակայն աերոբուսի ուղեւորներին դա դժվար թե հարություն տա, իսկ նրանց որբացած հարազատներին ու մերձավորներին հազիվ թե մխիթարի։  

Համենայն դեպս, կարծում ենք, հպարտ երեւանցիներն արդեն այսօրվանից պետք է սովորեն ապրել նոր պայմաններում։ Ուսուցչի դերում այստեղ կարող է հանդես գալ բնությունը։ Օրինակ, բվերը՝ իմաստության այդ խորհրդանիշերը, ունենում են մոտ հինգ ձագ։ Իսկ բվիկներից մեկին նրանք առանձնացնում ու բտում են սեւ օրվա համար, որպեսզի ողջ ընտանիքով ուտեն դժվարին ժամանակներում։  

Ճգնաժամային իրավիճակներում մեծ պերկեսները ուտում են միջիններին, միջինները՝ ուտում փոքրերին եւ այդպես՝ մինչեւ ամենաստորին կետը. ամբողջ էկոհամակարգը հիմնված է կանիբալիզմի վրա։ Կամ՝ վերցնենք թեկուզ նեմատոդ կլոր որդերին։ Երբ ամեն ինչ կարգին է, որդերն արագ բազմանում ու աճում են։ Նրանց ծածկույթը պինդ է, եւ թրթուրներն աճի ընթացքում մի քանի անգամ մաշկափոխվում են. գցում հին պատյանն ու ձեւավորում նորը՝ համապատասխան չափի։  

Երբ կյանքի պայմանները վատանում են, թրթուրները մտնում են հատուկ փուլ՝ ճգնաժամը հաղթահարելու համար։ Ուտել իսպառ դադարում են, եւ նույնիսկ նրանց բերանն ու հակադիր անցքը փակվում են։ Նստում են հանգիստ, գրեթե անշարժ, եւ սպասում ավելի լավ ժամանակների։   

Այդպես էլ երեւանցիները ստիպված կլինեն ինչ-որ կերպ հարմարվել ու սպասել քեռու գալուստին, որն իրենց կփրկի։ Առայժմ քեռին միայն հազվադեպ զանգահարում է հեռախոսով ու հերթապահ ասում. դե, չարություն չանեք, իսկ ես կգամ, երբ ազատվեմ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ