Այսպես՝
- Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը դարձյալ նվազել է և կազմել 64.9 միավոր, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ եվրոպական տարածաշրջանում 26-րդն է։ Հայաստանի 2024թ. ՏԱԻ-ն (տնտեսական ազատության ինդեքսը) 2001թ.-ից ի վեր նվազագույնն է։
- Վերջին 3 տարիներին Հայաստանն ընդգրկված է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ Հիշեցնենք, որ 2020 և 2021թթ.-ին Հայաստանն ավելի բարձր՝ տնտեսապես «հիմնականում ազատ», երկրների խմբում էր:
- Այս տարվա զեկույցում նույնպես նշված է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները»։
- Զեկույցում ընդգրկված աշխարհի 176 երկների ՏԱԻ-ն հաշվարկվում է որպես 4 խմբում խմբավորված 12 ենթաինդեքսների միջին թվաբանական: Հայսատանի գծով 4 խմբերից ամենաանբարենպաստը «Օրենքի գերակայություն» խմբի վիճակն է։ Խմբի 3 ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը համարվում է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ», իսկ մեկի գծով՝ «Արդարադատության արդյունավետության» գծով` «ճնշված»։ Այս խմբում է ընդգրկված նաև «Կոռուպցիայի բացակայություն» ենթաինդեքսը, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.6 միավորով և հասել է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ» երկրների խմբի նվազագույն շեմին։ Զեկույցում խմբին նվիրված հատվածում նշված է, որ «Հայաստանում օրենքի ընդհանուր գերակայությունը թույլ է»։
- Նախորդ տարվա համեմատ «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսի 3 միավորով անկման պատճառով Հայաստանը այս ենթաինդեքսի գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից տեղափոխվել է «չափավոր ազատ» երկրների խումբ` հիմնականում պայմանավորված բարձր գնաճի պատճառով ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի ագրեսիվ զսպող քաղաքականությամբ։ Ի դեպ, «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսի գծով նախորդ տարում ևս անկում է գրանցվել՝ 7 միավորով։
- Հայաստանը «հիմնականում ազատ» երկրների խմբից «չափավոր ազատ» երկրների խումբ է տեղափոխվել նաև «Հարկաբյուջետային կայունություն» ենթաինդեքսի գծով, քանի որ դրա մեծությունը նվազել է 2.3 միավորով։ Այս փաստը թերևս պայմանավորված է վերջին տարիներին պարտքային միջոցների ավելացմամբ, որոնք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղելու փոխարեն մեծամասամբ հատկացվել են ընթացիկ ծախսերին: Ի դեպ, այս ենթաինդեքսի գծով անկում է գրանցվում արդեն երրորդ տարին անընդմեջ։
- Հայաստանը 12 ենթաինդեքսներից միայն մեկի՝ «Հարկային բեռ» ենթաինդեքսի գծով է համարվում տնտեսապես «ազատ» երկիր, իսկ «Արդարադատության արդյունավետության» գծով դասվում է տնտեսապես «ճնշված» երկրների շարքին։
Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: