ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը դասախոսություններով հանդես գալու հրավեր է ստացել ՌԴ ԱԳՆ համակարգում գործող հանրահայտ МГИМО համալսարանից (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ): Այս մասին գրում է 168.am-ը:
Ըստ կայքի տեղեկությունների, արդեն սեպտեմբերին Սողոմոնյանը հանդես է գալու վարպետաց դասերի շարքով, որոնց ունկնդիրն են լինելու ոչ միայն համալսարանի քաղաքագիտության և միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները, այլև ռուսաստանցի գործող լրագրողներ տարբեր տեղական ԶԼՄ-ներից:
Կայքի հետ հեռախոսազրույցում Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունները: «Այո, դա ճիշտ է, ունեմ հրավեր, սեպտեմբերին և հոկտեմբերին МГИМО համալսարանում հանդես եմ գալու դասախոսություններով §Ժամանակակից քաղաքականության իմաստները¦ թեմայով:
Ուսանողներին եմ ներկայացնելու արդի քաղաքական դիսկուրսի առանձնահատկությունները, ժամանակակից մեդիաների պայմաններում քաղաքական իմաստներ գեներացնելու և դրանք սպառելու արդյունավետ միջոցները, թեմային առնչվող այլ երևույթներ: Բայց սա չի նշանակում, որ աշխատավայրս կամ կեցավայրս փոխում եմ, ընդամենը աշնան ամիսներին մի քանի օր բացակայելու եմ Երևանից»,– հայտնել է Սողոմոնյանը:
Նա հաստատել է նաև, որ ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերություններից մեկը դասախոսությունների տեղեկատվական հովանավորն է լինելու:
Վիկտոր Սողոմոնյանը քաղաքական գիտությունների դոկտոր է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը