23 08 2018

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում․ «Հրապարակ»

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու, քանի որ «Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ծրագիրն իրագործած դեսպանները չեն կարող Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն իրականացնել»։ Երեկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ հեռանում է, թեև իրականում իշխանությունն է հրաժարվում նրա ծառայություններից։

Մեր աղբյուրներն ասում են, որ արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվելու են տարբեր երկրներում դեսպան՝ Աշոտ Հովակիմյանը, ամենայն հավանականությամբ, Չեխիայում, որտեղից Տիգրան Սեյրանյանին կտեղափոխեն այլ երկիր։ Դեսպան կնշանակվեն նաև Կարեն Նազարյանը և Արմեն Պապիկյանը։ Շավարշ Քոչարյանը կմնա իր պաշտոնին, քանի որ, չնայած առաջացած տարիքին, համարվում է ղարաբաղյան բանակցությունների գծով ամենատեղեկացված մարդը։

Հետ կկանչվեն Իտալիայի և, բնականաբար, Վատիկանի դեսպանը՝ Միքայել Մինասյանը։ Ռուսաստանի դեսպան Վարդան Տողանյանը թեև նշանակվել է 2017-ին, սակայն, ամենայն հավանականությամբ, նույնպես հետ կկանչվի․ նրա աշխատանքից դժգոհ են։ Հայաստան կվերադառնա նաև Արա Սահակյանը՝ Ղազախստանում ՀՀ դեսպանը։ Դեռեւս թափուր է Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնները։ Հներից կշարունակեն պաշտոնավարել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, հավանաբար՝ Ֆրանսիայի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Դեսպան կնշանակվի նաև ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, խոսվում է Նիդերլանդների մասին, թեև այնտեղ այս տարեսկզբին է նշանակվել դեսպանը՝ Գարեգին Մելքոնյանը։ Որևէ ֆրանկոֆոն երկրում դեսպան կնշանակվի նաև ԱԳ նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը, ով կոորդինացնում է Ֆրանկոֆոնիայի համաժողովի կազմակերպման աշխատանքները։ Եվ ամենակարևորը՝ կփոխվի նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ