ՀՀ գլխավոր դատախազությունն օգոստոսի 20-ին հայտարարեց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան` Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Վճռաբեկ բողոք են պատրաստվում ներկայացնել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
- Պարոն Ալումյան, արդեն ներկայացրե՞լ եք բողոք, թե՞ ոչ, և պաշտպանական կողմն ի՞նչ պահանջով է դիմում Վճռաբեկ:
- Դեռ չենք ներկայացրել, աշխատում ենք հիմա: Մեր կարծիքով՝ դատարանի որոշման մեջ պետք է գնահատականներ տրված լինեին նաև մեր մյուս փաստարկներին, որովհետև մենք մեր վերաքննիչ բողոքներում բավականին շատ փաստարկներ ենք ներկայացրել, որոնցից միայն մեկին է անդրադարձել դատարանը (Քոչարյանի անձեռնմխելիությանը,-հեղ.): Մեր վճռաբեկ բողոքի մեջ պահանջում ենք, որպեսզի Վճռաբեկ դատարանը գնահատական տա նաև մեր մնացած փաստարկներին, որովհետև մեր կարծիքով՝ մի շարք փաստարկների մեջ առնվազն երկու փաստարկը ոչ պակաս կարևոր և ոչ պակաս հիմնավոր է մեր գնահատմամբ, քան անձեռնմխելիությունը:
- Կմանրամասնե՞ք որոնք են այդ երկու կարևոր փաստարկները:
- Դրանցից մեկին անդրադառնալու իրավունք չունեմ, որովհետև որոշ չափով իր մեջ շոշափում է պետական և նախաքննական գաղտնիք: Մյուսի մասով՝ մի այսպիսի ձևակերպում կա մեղադրանքի և առաջին ատյանի դատարանի որոշման մեջ, որ արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը եղել է ապօրինի, այսպիսի փաստարկ ունի մեղադրանքի կողմը, որը առաջին ատյանի դատարանը նույնպես ընդունել է: Մենք գտնում ենք, որ դատարանը և նախաքննական մարմինը իրավունք չունեն այդպիսի գնահատական տալ, որովհետև նախագահի հրամանագիրը կարող է վիճարկել միայն Սահմանադրական դատարանը. այստեղ ինստիտուտների խնդիր կա, թե որ ինստիտուտը իրավունք ունի այդ հարցին անդրադառնալ ու այդպիսի գնահատականներ տալ: Եթե Սահմանադրության մեջ նշված է, որ նախագահի հրամանագիրը միայն Սահամանադրական դատարանը կարող է ճանաչել սահմանադրությանը հակասող, ապա նշանակում է, որ ոչ մի ուրիշ մարմին չի կարող դա անել: Տվյալ դեպքում նախաքննական մարմինը հենց այդպիսի պնդումներով է փորձել մեղադրանքը հիմնավորել:
- Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն կատարվե՞լ է, թե՝ ոչ:
- Չի ցանկացել առերեսման մասնակցել, դա քննարկվել է:
- Ո՞ւմ հետ պետք է առերեսում կատարվեր:
- Դա չեմ կարող ասել:
- Չեք կարող ասել, թե ի՞նչ կարգավիճակ ունի այդ անձը սույն քրեական գործով:
- Ոչ, զուտ ավելորդ ենթադրությունների տեղիք չտալու համար:
- ՀՔԾ-ն այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ խուզարկություն է կատարել Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում, կմանրամասնե՞ք՝ որևէ բան հայտնաբերվել և առգրավվե՞լ է, թե՝ ոչ:
- Մեր թիմից մեկ ուրիշ պաշտպան է մասնակցել խուզարկությանը, ոչ մի այնպիսի առարկա կամ տվյալ, որը կարող է կապ ունենալ տվյալ քրեական գործի հետ, չի հայտնաբերվել, և ես կարծում եմ՝ դրանում չկա նախաքննական գաղտնիք:
- Այսինքն՝ որևէ բան խուզարկությամբ չի՞ առգրավվել:
- Այ դա արդեն չասեմ:
- Իսկ միայն առանձնատանն ու գրասենյակո՞ւմ է կատարվել խուզարկություն:
- ՀՔԾ-ն ինչի մասին խոսում է, մենք եկեք դա խոսենք, թե չէ մի բան ավել հենց ասենք, կասեն՝ նախաքննական գաղտնիք եք հրապարակում, այլապես այնքան բան կունենայինք ասելու:
- Ռոբերտ Քոչարյանն այժմ Հայաստանո՞ւմ է, իր տեղաշարժի հետ կապված խոչընդոտ կա՞:
- Իհարկե, Հայաստանում է: Սահմանափակումը ընդհանուր բոլոր քաղաքացիների համար է, որովհետև, եթե նրանք թեկուզ վկայի կարգավիճակով անցնեն, ապա իրենց տեղափոխությունների մասին միշտ պետք է նախաքննական մարմնին տեղյակ պահեն, որ եթե անհրաժեշտ լինի վարույթն իրականացնող մարմինը իմանա՝ ինքը որտեղ է: Բացի դա գիտեք, պարոն Քոչարյանը օր ու գիշեր հսկվում է թիկնապահների կողմից, ովքեր ԱԱԾ աշխատողներ են, այնպես որ այս առումով իր ցանկացած տեղաշարժ վերահսկվում է, այդ առումով բոլորը կարող են առավել հանգիստ լինել, նախ, ինքը ցանկություն չունի որևէ տեղ գնալ, և երկրորդը՝ շուրջօրյա հսկողություն է սահմանված:
Նյութի աղբյուր՝ armtimes.com:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը