21 08 2018

Հեղափոխությունից ի վեր կրկեսի շինարարական աշխատանքները դանդաղել են. «Փաստ»

Հեղափոխությունից ի վեր կրկեսի շինարարական աշխատանքները դանդաղել են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մինչ մայիսյան իշխանափոխությունը Երևանի կրկեսի շինարարությունը բավական թափով առաջ էր գնում: Սակայն արդեն երեք ամիս է՝ որևէ շարժ չի նկատվում: Սա նկատել են մեր բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր քանիցս այդ հարցով զանգահարել են խմբագրություն՝ հայտնելով իրենց անհանգստությունն ու տարակուսանքը: Ուրբաթ և շաբաթ օրերին մեր լրագրողը եղավ տեղում և համոզվեց, որ գրեթե աշխատանքներ չեն իրականացվում: Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, սակայն, այնքան էլ համաձայն չէ, որ շինարարական աշխատանքներն ամբողջությամբ դադարեցված են:

Նա «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքը գրեթե ամեն օր այցելում է կրկեսի շենք և տեսնում է, որ մի քանի շինարարներ գործ անում են: «Ես էլ ձեր պես սպասում եմ, որ շուտ վերջացնեն: Մենք էլ միշտ հետևում ենք, անհանգստանում: Ես տեսնում եմ, որ որոշ շինարարներ աշխատում են», - ասաց Պետրոսյանը՝ հընթացս հրավիրելով իր 70–ամյակի միջոցառումներին, որոնք տեղի կունենան առաջիկայում: Սոս Պետրոսյանը խոստովանեց, որ շատ կցանկանար իր հոբելյանը նշել կրկեսի նոր շենքում, սակայն, կարծես թե, դա այլևս հնարավոր չէ:

Ի դեպ, նախատեսված էր, որ կրկեսի շենքը շահագործման կհանձնվի 2016–ին, հետո՝ 2017–ին, ապա և՝ 2018–ին: Սակայն հաշվի առնելով շինարարության տեմպերի կտրուկ նվազումն ու ստեղծված քաղաքական իրավիճակը, չի բացառվում, որ այս վերջին ժամկետը ևս երկարաձգվի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ