16 08 2018

ՌԴ-ն կարող է խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար. Ամանդա Փոլ. «Հրապարակ»

ՌԴ-ն կարող է խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար. Ամանդա Փոլ. «Հրապարակ»

Հատված Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնի քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից: 

-Եկեք խոսենք Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության մասին: Նա ի սկզբանե վերահաստատեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, անդամակցումը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:Ինչպե՞ս կարող ենք գնահատել Փաշինյանի արտաքին քաղաքականության այս ուղղությունը:

-Ռուսները շատ կասկածամիտ են Փաշինյանի հանդեպ: Նախկինում նրանք երբևէ գործ չեն ունեցել նրան գոնե փոքրիշատե նման գործչի հետ: Փաշինյանի թիմի շատ անդամներ ևս դժգոհություն են առաջացնում Մոսկվայում, քանի որ նրանք կրթություն են ստացել Արեւմուտքում կամ նախկինում աշխատել են ոչ կառավարական կազմակերպություններում: Փաշինյանը մի քանի անգամ կրկնել է, թե որքան կարեւոր է Ռուսաստանը Հայաստանի համար: Սակայն դա հետ չպահեց նրան կոռումպացված չինովնիկներին եւ Մոսկվայի հետ կապված այլ գործիչների հետապնդելուց: Քոչարյանի եւ Կրեմլի այլ մերձավորների կալանավորումն ահազանգ էր Ռուսաստանի համար: Դա ակնհայտ էր արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից: Ռուսաստանին հավատարիմ գործիչների նկատմամբ շարունակվող հետաքննությունները կարող են հետագայում էլ ավելի սրել Կրեմլի հետ լարվածությունը:

Մինչ օրս սա մի ռիսկ էր, որին Փաշինյանը, ըստ երեւույթին, պատրաստ էր առերեսվել: Բայց ակնհայտ է, որ խաղադրույքները շատ բարձր են այն պատճառով, որ Հայաստանը խորապես կախված է Ռուսաստանից տնտեսական եւ անվտանգության ոլորտներում: Ռուսաստանը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս առումով Ռուսաստանի հնարավոր լծակներից է ու ամենեւին վերջին տեղերում չէ: Ու թեեւ Ռուսաստանը հավանաբար կուզենար, որ Փաշինյանն ու իր հեղափոխությունը ձախողվեն, այդուհանդերձ, Մոսկվան չէր ուզենա, որ իրեն մեղադրեին դրա համար՝ մասնավորապես հաշվի առնելով իր փորձն Ուկրաինայում: 

-Կարծում եք՝ հնարավո՞ր է կառուցել ժողովրդավարական, զարգացած երկիր՝ լինելով ավտորիտար երկրների ակումբի անդամ և Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը: Չե՞ք կարծում, որ Լավրովի հայտարարությունն ուներ լայն համատեքստ, որը նշանակում է, որ չեք կարող փոխել հետսովետական տարածաշրջանում Մոսկվայի եւ անձամբ Պուտինի սահմանած խաղի կանոնները: 

-Հայաստանի ղեկավարությունը պետք է շատ բարդ ճանապարհ անցնի`պայքարելով մի կողմից օլիգարխիայի եւ մյուս կողմից՝ խելացնոր ու վտանգավոր Ռուսաստանի դեմ: Փաշինյանն ուզում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի և Արեւմուտքի հետ: Նա ուզում է հաստատել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որն օգուտ կտա Հայաստանին: Ռուսաստանը նրան պետք է անվտանգության նկատառումներով, մինչդեռ միեւնույն ժամանակ նա ունի Արեւմուտքի, մասնավորապես՝ Եվրամիության կարիքը, որը կօգնի հավասարակշռել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ փոխակերպել ու արդիականացնել երկիրը թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես: Նա նաև ընդգծեց, որ ուզում է իրականացնել «հայաստանակենտրոն» արտաքին քաղաքականություն, եւ իր բարձրագույն առաջնահերթությունը «Հայաստանի ինքնիշխանությունն է»: 

Նա հաստատեց իր հանձնառությունը Ռուսաստանին՝ միաժամանակ ծրագրելով փոխակերպման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման մի հավակնոտ ծրագիր: Շատ դժվար կլինի հասնել նման հավակնությանը՝ իրականացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգերի իրական փոխակերպում, և պատճառը ոչ միայն ներքին մարտահրավերներն են, այլեւ այն, թե ինչպես է Ռուսաստանը նայում Հայաստանին: Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը մնա կոռումպացված և կախված Մոսկվայից: Կրեմլը չի ուզում ժողովրդավարական Հայաստան, որը հավատարիմ է օրենքի իշխանությանը: Սա դիտվում է իբրև վտանգ Ռուսաստանում իշխող ռեժիմի և իշխանության կառուցվածքի գոյությանը: 

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ