04 08 2018

Դեռ երկա՞ր են մի բան ասելու, բոլորովին այլ բան անելու. «Հայոց աշխարհ»

Դեռ երկա՞ր են մի բան ասելու, բոլորովին այլ բան անելու. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կանցնի ևս ինչ-որ մի երկու շաբաթ, ու կլրանա Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրը:

Իսկ ի՞նչ են հասցրել անել նորաթուխ կառավարության անդամները՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Քանի որ մեր ուրբաթն իրենց շաբաթից շուտ է վրա հասել, փորձենք թեթևակի ամփոփել մեր հիմնական դիտողությունները՝ փառաբանական անդրադարձերը սիրահոժար թողնելով նորիշխանականներին:

Պաշտոնն ստանձնելուց ի վեր, որպես պետության ղեկին հայտնված անձ, Նիկոլ Փաշինյանը, ինչպեսև նրա առավել մտերիմ զինակիցներից մի քանիսը հատկապես աչքի են ընկել հակասականությամբ: Դա առավել ցայտուն դրսևորվել է ինչպես արտաքին-քաղաքական ասպարեզում, այնպես էլ՝ նախկին գործունեության շրջանում արած հայտարարություններին, պնդումներին հակասելու տեսքով:

Արտաքին-քաղաքականը վերջին օրերին շատ արծարծվեց, ուստի արդեն համեմատաբար քիչ արծարծվող «կուտակայինի» հարցը հիշեցնելուց սկսենք: Ընդդիմություն եղած ժամանակ, ավելին՝ գործող վարչապետի գլխավորած «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ ու անբեկանելի ամրագրված էր խոստում՝ իշխանության գալու դեպքում վերանայել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, ավելի ճիշտ, հանել այդ պարտադիր հատկացման պահանջը:

Իսկ իրականում, երբ Նիկոլ Փաշինյանը, թող որ խոստացածից մեկ տարի անց ու ոչ թե ընտրական ճանապարհով, այլ փողոցներ փակելու և ցույցերի միջոցով եկավ իշխանության, ըստ էության վերահաստատեց նշված պարտադիր հատկացման պահանջը: Այսինքն՝ տրամագծորեն խոստացածի հակառակն արեց: Բանը, հիշում եք, անգամ սոցիալական հարցերի նախարարի հրաժարականի շոուի տեսք ստացավ: Շոուի, քանզի հրաժարականը չընդունվեց:

Հակասականության հիմնական մոտեցումներից մեկն էլ այն է, թե՝ «դե այն ժամանակ ընդդիմություն էինք, իրողություններն այլ էին, իսկ հիմա իշխանություն ենք, իրողություններ են փոխվել»: Ծիծաղելի կարելի է համարել նման արդարացումները, քանզի քաղաքական գործիչը, ուժը կա՛մ առաջնորդվում է գաղափարական պատկերացումներով, սկզբունքներով ու հստակ մոտեցումներով, կա՛մ անընդհատ սկսում է հարմարվել հարափոփոխ իրողություններին:

Պարզ օրինակ. ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քարը քարի վրա չէր թողնում, ի շարս այլ խնդիրների, քննադատելով նաև պետապարատի ուռճացվածությունը նախորդ իշխանության օրոք: Առաջին փոխվարչապետի պաշտոնն ընդհանրապես հակասահմանադրական էին համարում: Եվ ի՞նչ:

Իսկ ոչինչ, եկան իշխանության, խելոք, սուսուփուս ստանձնեցին բոլոր ուռճացված պաշտոնները: Առաջին փոխվարչապետի հակասահմանադրական պաշտոնն էլ: Փոխված իրողությունն ակնհայտ է. պարզվում է, որ պետապարատի ուռճացվածությունը հարմար բան է, երբ գալիս ես իշխանության, քանի որ աջակցողներին կարող ես զանազան պաշտոններ բաշխել, ինչպես առատության եղջյուրից:

Թե ում որտեղ են նշանակում, դա մի առանձին օպերա է: Դե, իսկ Նիկոլ Փաշինյանի խորհրդականների թվի վերաբերյալ որոշ հակահեղափոխական տարրեր արդեն անեկդոտներ են պատմում:

Մեկ այլ հակասականություն: Նախորդ իշխանությանը Նիկոլ Փաշինյանը դատափետում էր վիճակագրական ցուցանիշներ, ինչպես ինքն էր ասում «նկարելու» համար: Դատելով հրապարակվող «նոր» ցուցանիշներ ներկայացնելու ոճից, «նկարչությունը» հիմա կարծես այնքան էլ վատ բան չի համարվում:

Կամ, օրինակ, շարունակ հայտարարում են օտարերկրյա ներդրումներ ներգրավելու կարևորության մասին, ու... չեն կարևորում օտարերկրյա ներդրմամբ գործող այս կամ այն ընկերության գործունեության ապահովման խնդիրը: Լավագույն դեպքում այն «քննարկման փուլում է» տարբերակով իբր թե՝ «քնեցնում» են:

Հայտարարվեց (հիշողներ կլինեն երևի), թե տեղի ունեցած «թավշյա հեղափոխությամբ» (որն իրականում փողոցի միջոցով կատարված իշխանափոխություն կարելի է համարել լավագույն դեպքում) Հայաստանի արտաքին-քաղաքականության վեկտորները չեն փոխվելու:

Իրականության մեջ մենք ու, ցավոք, արդեն ոչ միայն մենք, տեսնում ենք, որ կառավարող և հատկապես՝ որոշումների կայացման վրա ազդող շրջանակներում տիրապետում են արևմտամետ, հայ-ռուսական հարաբերությունների խզման նպատակ հետապնդող, այսպես ասած, գրանտաշահառու «համայնքի» ոչ անհայտ ներկայացուցիչներ, որոնք, ի լրումն ամենի, ակտիվորեն շարունակում են իրենց «թելը մանել»:

Առավել ցայտուն հակասականություններից մեկը: Շարունակ, կարելի է ասել՝ ականջախեցի կոշտուկելու աստիճան, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ յուր զինակիցները շեշտում են, թե ապրիլ-մայիսին կատարվածը «սիրո և համերաշխության հեղափոխություն էր»:

Իրականում, և դրանում կարելի է համոզվել՝ հետևելով, օրինակ, ֆեյսբուքյան որոշակի դրսևորումների, ձևավորված են որոշակի «խունվեյբինական», ցանցային տարբերակով գործող խմբեր, որոնց հիմնական գործառույթներն են կառավարության ու Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ որևէ քննադատական գնահատական կամ տեսակետ արտահայտողներին թիրախավորված լռեցնելը, պախարակելը, խոսքի ազատության սահմանափակումն ու այլակարծության ճնշումը:

«Սիրո և համերաշխության» ցուցադրական ու ձևական, անգամ՝ կեղծավոր շղարշի հետևից առավել քան ցայտուն երևում են ծայրահեղ ատելությունը, ներքին թշնամանքի, Նիկոլ Փաշինյանին, այսպես ասեմ՝ չաստվածացնողների նկատմամբ ֆիզիկական բռնի ուժ գործադրելու, անգամ՝ գնդակահարելու անթաքույց մղումներն ու ցանկությունները: Բնութագրական է, որ Նիկոլ Փաշինյանը և իր «քաղաքական թիմը» գործնականում չեն փորձում չեզոքացնել անխուսափելիորեն վատ տեղ տանող ներհասարակական այդ բացասական էներգիան, կանխել դրա կուտակումը:

Դե, «վենդետայի» մասին երկար չխոսենք, միգուցե: Վերջին օրերին առանց այն էլ շարունակ այդ հարցն է արծարծվում, անգամ արդեն հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներում:

Ցանկության դեպքում Նիկոլ Փաշինյանի վարչապետության և իր գլխավորած կառավարության վերաբերյալ նման հակասական գործելակերպի օրինակներ, ցավոք, էլի կարելի է նշել: Սակայն հենց այդ հակասականությունը, այն, որ մի բան ասում են, իսկ մեկ այլ բան անում, արդեն իսկ լուրջ խնդիր է: Ու լուրջ խնդիր է պետության և ամբողջ հասարակության համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ